ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինի Ներկայացուցիչ,
Ազգային Ժողովի ՀՅԴ Խմբակցութեան Քարտուղար
Աղուան Վարդանեանի Արտասանած Խօսքը
Սթրազպուրկի Մէջ
Մէկուկէս ամիս առաջ Հայաստանում տեղի ունեցաւ սահմանադրական փոփոխութիւնների հանրաքուէ: Կառավարման կիսանախագահական համակարգից անցում կատարուեց խորհրդարանական համակարգի: Ասեմ, որ իմ ներկայացրած Հայ յեղափոխական դաշնակցութիւն կուսակցութիւնը դեռեւս 90-ականների սկզբից հետեւողականօրէն պաշտպանել է կառավարման խորհրդարանական մոտելը:
Սահմանադրութեան հանրաքուէին նախորդեց նախագահի հրամանագրով ստեղծուած մասնագիտական յանձնաժողովի` երկու տարիների նախապատրաստական աշխատանքը: Նախ մշակուեց սահմանադրական փոփոխութիւնների առաջին հայեցակարգը, ապա` երկրորդը, որի հիման վրայ էլ ստեղծուեց նոր սահմանադրութեան բնագիրը: Ներկայիս խորհրդարանի 6 խմբակցութիւններից 3-ը պաշտպանում են սահմանադրական փոփոխութիւնները, 3-ը` մերժում: Ի վերջոյ, դեկտեմբերի 6-ին, թէեւ մեր ընտրական համակարգին բնորոշ թերութիւններով, ընդունուեց նոր սահմանադրութիւնը: Ինչու՞ էր անհրաժեշտ եւ ի՞նչ է նախատեսում նոր սահմանադրութիւնը:
Անկախութեան ձեռք բերումից քառորդ դար անց էլ Հայաստանում բացակայում էր ակնկալուող ժողովրդավարութիւնը, իշխանութիւնը գերկենտրոնացած էր, չէր գործում իրաւունքի գերակայութեան սկզբունքը, դատարաններն անկախ ու անաչառ չէին, չէր արմատաւորուել կառավարման արդիւնաւէտ համակարգ: Մի խօսքով` մենք չունէինք արդարացի երկիր: Նոր սահմանադրութեամբ Հայաստանի Հանրապետութիւնը հռչակւում է որպէս ինքնիշխան, ժողովրդավարական, ընկերային եւ իրաւական կազմաւորում` հիմնուած իրաւունքի գերակայութեան, մարդու արժանապատուութեան անխախտելիութեան, անվտանգութեան, ընտանիքի պաշտպանութեան, իշխանութեան բաժանման եւ հաւասարակշռման, գաղափարախօսական բազմակարծութեան եւ բազմակուսակցական համակարգի անխախտ գործունէութեան, ընդհանուր, հաւասար եւ ազատ ընտրական իրաւունքի, տեղական ինքնակառավարման, սեփականութեան իրաւունքի հաւասար պաշտպանութեան, ընկերային շուկայական տնտեսական կարգի երաշխաւորման սկզբունքների վրայ` որպէս Հայաստանի եւ հայ ժողովրդի զարգացման հիմնական գրաւական:
Սահմանադրական մակարդակում յատուկ ամրագրուել է, որ մարդու հիմնական իրաւունքները եւ ազատութիւնները կարգաւորելիս օրէնքները պէտք է սահմանեն դրանց արդիւնաւէտ իրականացնելու համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր: Առաջին անգամ անմիջական ժողովրդավարութեան մեծածաւալ հնարաւորութիւն է ամրագրուել:
Փոփոխութիւնների համաձայն, քաղաքացիները կարող են նախաձեռնել հանրաքուէի միջոցով ինչպէս օրէնքների ընդունում, այնպէս էլ սահմանադրական փոփոխութիւնների իրականացում: Սահմանադրական փոփոխութիւններով առաջարկուող կառավարման նոր ձեւում իշխանութիւնների բաժանման եւ տարանջատման սկզբունքը լրացւում է քաղաքական համակարգի փոխադարձ զսպումների մեքանիզմով:
«Ամէն ինչ յաղթողինն է» մօտեցումը փոխարինւում է «Յաղթանակը բոլորինն է, պատասխանատու են բոլորը» մօտեցմամբ: Այս պարագայում ընտրութիւններում յաղթող քաղաքական ուժերին հակակշռում են ընդդիմադիր ուժերը, որոնք սահմանադրական մակարդակով ստանում են իշխանութեան բոլոր մարմինների նկատմամբ վերահսկողութեան հնարաւորութիւն` ի դէմս Ազգային ժողովում իրաւունքի ուժով ստեղծուող քննիչ յանձնաժողովների:
Սահմանադրական փոփոխութիւնների արդիւնքում իշխանութեան մարմինների ընտրութեան վրայ ընդդիմութիւնը էապէս ազդելու հնարաւորութիւն է ստանում, քանի որ մի շարք պաշտօններում (բարձրագոյն դատական խորհրդի հինգ անդամներ, վճռաբեկ դատարանի եւ սահմանադրական դատարանի դատաւորներ, հաշուեքննիչ վերահսկիչ պալատի նախագահ եւ անդամներ, Կենտրոնական դրամական նախագահ, Կենտրոնական ընտրական յանձնաժողովի նախագահ եւ անդամներ, մարդու իրաւունքների պաշտպան, գլխաւոր դատախազ) նշանակումների համար պահանջւում է Ազգային ժողովի պատգամաւորների ընդհանուր թուի առնուազն 60 տոկոսը:
Նոյն պահանջն է առաջադրւում նաեւ մի շարք սահմանադրական օրէնքների ընդունման դէպքում` ընտրական եւ դատական օրէնսգրքերը, կուսակցութիւնների, հանրաքուէի, սահմանադրական դատարանի, մարդու իրաւունքների պաշտպանի մասին, ինչպէս նաեւ` Ազգային ժողովի կանոնակարգը:
Ընդդիմութեանն է վերապահւում նաեւ Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալներից մէկի պաշտօնը, ինչը ընդդիմութեան ձայնը լսելի, առաջարկութիւնները պարտադիր քննարկման դարձնող իրական լծակ է: Այս համակարգը մի կողմից կ՛ուժեղացնի ընդդիմութեան դիրքերը, միւս կողմից` կը ստիպի իշխանութեանը լինել հաշուետու եւ պատասխանատու սեփական վարքագծի համար:
Սահմանադրական փոփոխութիւնների համաձայն, Ազգային ժողովը ընտրուելու է բացառապէս համամասնական ընտրակարգով եւ ունենալու է 101 պատգամաւոր: Փոփոխութիւններով` պետութեան գլուխը Ազգային ժողովի կողմից ընտրուող հանրապետութեան նախագահն է, որի հիմնական գործառոյթը սահմանադրութեան պահպանմանը հետեւելն է:
Այսպիսով, կառավարման համակարգի առաջարկուող փոփոխութիւնները հաստատում են «գործառոյթ-հաստատութիւն-լիազօրութիւն պատասխանատուութիւն» շղթայի առաւել ամբողջական գործադրումը` ի նպաստ իրաւական, ժողովրդավարական, ինքնիշխան պետութեան կայացման: Այսօր Հայաստանի նոր սահմանադրութիւնն այլեւս իրողութիւն է: Այն, մեր կարծիքով, երկրում արմատական ու որակական փոփոխութիւնների հիմք է ստեղծում, ինչը եւրոպական արժէքներին համապատասխանող պետութիւն կառուցելու հնարաւորութիւն է:
Առջեւում կարեւորագոյն` նոր ընտրական օրէնսգրքի ընդունումն է, որի նպատակը ազատ, արդար, թափանցիկ, հանրութեան վստահութիւնը վայելող ընտրութիւնների անցկացումն է: Այս հարցում մենք ակնկալում ենք ԵՄ մեր գործընկերների աջակցութիւնը:
20-21 յունուար 2015
Սթրազպուրկ