Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17231

Ի՞նչ Փոխեց Անցնող Տարին Սամցխէ-Ջաւախքի Մէջ

$
0
0

«Սամցխէ-Ջաւախքի մեդիա վերլուծական կենտրոն»-ը դեկտեմբեր 28 թուակիր հաղորդագրութեամբ մը կը ներկայացնէ 2017 տարուան հաշուեկշիռը` հայկական տեսանկիւնէն, զոր կը ներկայացնենք ստորեւ:

Մի քանի օրից բոլորս միասին թեւակոխում ենք նոր` 2018 թուական: Անցնող տարում մենք արձանագրեցինք, ինչպէս դրական, այնպէս էլ բացասական բազմաթիւ երեւոյթներ: Ունեցանք ձեռքբերումներ ու պարտադրուած նահանջի պահեր: Անկոտրում պահեցինք մեր ոգին` արդարութեան հաստատման ձգտման մէջ:

Միասնական ջանքերով ձգտեցինք դարձնել մեր շրջանը աւելի ապահով, բարեկեցիկ եւ ուժեղ, որտեղ քաղաքակիրթ երկրի շրջանին վայել կը յարգուեն մարդու բոլոր իրաւունքները: Մեր բոլորի համոզմունքն ու երազանքը անցնող տարում եւս անփոփոխ էր` կառուցել զարգացող  ժողովրդավարական երկիր, հզօր տնտեսութեամբ ու օրէնքի գերակայութեամբ, որտեղ կը յարգուեն երկրի ազգային ու կրօնական փոքրամասնութիւնների բոլոր իրաւունքները:

Անցնող տարուայ դրական ձեռքբերումներից կարելի է առանձնացնել Վրաստանում նոր սահմանադրութեան մէջ երկքաղաքացիութեան մասով փոփոխութիւնը: Շնորհիւ երկրի իշխանութիւնների խոհեմ քաղաքականութեան` այդ խնդիրը մէկընդմիշտ լուծուած կարելի է համարել, եթէ ի հարկէ քաղաքացիութիւն կորցրած անձինք հեշտութեամբ կարողանան վերականգնել իրենց նախկին քաղաքացիութիւնը: Դա Վրաստանում անկասկած կ՛ուրախացնէր քաղաքացիութեամբ կիսուած բազմաթիւ ընտանիքների: Ձեռքբերումների մէջ ինչպէ՞ս չնկատենք նաեւ վարչապետ Կիորկի Քվիրիքաշվիլիի վերջերս արած յայտարարութիւնը, ըստ որի, Վրաստանը զուիցերիական SGS ընկերութեան հետ պայմանագիր է ստորագրել, որի համաձայն, Վերին Լարսում անբարենպաստ պայմանների դէպքում Հայաստանը Վրաստանից դէպի Ռուսաստան հաղորդակցութիւնը կարող է իրականացնել ինքնահռչակ Հարաւային Օսեթիայի եւ Աբխազիայի տարածքով:

Տուեալ խնդրի մասին խօսւում էր քսան տարուց աւել, ինչը կարծես անիրականանալի էր թւում շատերին:

Դրական ձեռքբերումների մէջ կարելի է նաեւ շեշտել մեր եւ սփիւռքի կազմակերպութիւնների միջեւ կապերի սերտացումը եւ հայկական սփիւռքի կողմից Ջաւախքի խնդիրների հանդէպ ուշադրութեան զգալի աւելացումը, չնայած որ այդ ասպարէզում դեռ կան հսկայական անելիքներ:

Ցաւօք, անցնող տարում մենք բոլորս միասին արձանագրեցինք նաեւ բացասական երեւոյթներ, որոնք յատկապէս կապուած էին որոշ «վիճելի» համարուող եկեղեցիների շուրջ ստեղծուած բարդ իրավիճակով: Նման հարցերում մեր զիջողական մօտեցումը պէտք է լուրջ վերանայման ենթարկուի, եւ դա պէտք է տեղի ունենայ հասարակութեան ներգրաւման միջոցով: Բացասական երեւոյթների շարքին պէտք է դասենք նաեւ թուրքական գործօնի էլ աւելի հզօրացման փաստը Սամցխէ-Ջաւախք տարածաշրջանում, որին հակազդելու համար հայկական ու վրացական կողմերը ոչինչ չեն ձեռնարկել: Այդ մասին բազմիցս անդրադարձել ենք մեր լրատուամիջոցներում:

Նաեւ հարկ է նշել, որ անցնող տարում, ինչպէս եւ` նախորդներում, հայ ազգաբնակչութեան ներկայացուցիչների քանակը չէ աւելացել տեղական ինքնակառավարման մարմիններում, որը երկու հասարակութիւնների համարկման համար լուրջ խոչընդոտներ է ստեղծում: Օրինակի համար, Սամցխէ-Ջաւախքի նահանգապետարանում մինչեւ հիմա աշխատանքի չէ ներկայացուած ոչ մի հայազգի ներկայացուցիչ, չնայած որ Ջաւախքում հայերը կազմում են բնակչութեան մեծամասնութիւն: Գրեթէ նման իրավիճակ է նաեւ Ախալցխայի քաղաքապետարանում, որտեղ ազգային փոքրամասնութիւնների ներկայացուածութեան աստիճանը չափազանց փոքր է եւ բացարձակ չի համապատասխանում շրջանի ցեղային նկարագրին:

Այս եւ այլ տեսակի դեռեւս չլուծուած խնդիրների հետ միասին պէտք է փաստենք, որ Վրաստանը վստահ քայլերով շարժւում է դէպի Եւրոպա, յանուն ինչի մեծ փոփոխութիւններ է իրականացնում երկրի ներսում, որը անկասկած լաւատեսութիւն է ներշնչում երկրի ապագայի նկատմամբ:


Viewing all articles
Browse latest Browse all 17231

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>