Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17231

Ի՞նչ Է Խոստանում Մեզ Դեղին Հողէ Շան Տարին

$
0
0

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան

Երեւի թէ աւելի ճիշդ կը լինէր ասել` Կաւահողէ Շան տարի, քանզի բնութեան մէջ դեղին հողը կամ դեղնահողը  հէնց կաւահողն է, որը մէկ որոշակի գոյն ունի` դեղին: Բայց հասկացութեան ստուգաբանութիւնը թողնենք լեզուաբաններին: Տուեալ պարագայում մեզ առաւելապէս հետաքրքրում է արեւելեան օրացոյցի, ինչպէս փորձեցի ճշդել, Կաւահողէ Շան տարուայ քաղաքական առաքելութիւնը: Առանձնապէս`   արցախեան հիմնախնդրի խաղաղ ու վերջնական հանգուցալուծման գործընթացում, որը խիստ մտահոգում է միջազգային հանրութեանը, տարածաշրջանի երկրներին եւ, առաւելապէս, հակամարտութեան մէջ ներքաշուած` հայերիս եւ ազրպէյճանցիներին: Մտահոգում է, քանզի տարէցտարի նորանոր երիտասարդ կեանքեր է խլում երկուստեք: Արդեօք բաւարար բարենպա՞ստ է հակամարտ կողմերի փոխըմբռնման այն մթնոլորտը, որ 2018 թուականը ժառանգել է  իր նախորդից` 2017-ից, կամ, ըստ նոյն կենդանակերպի`  Կարմիր Կրակէ Աքաղաղի տարուց, իսկ վերջինս իր հերթին` 2016 թուականից, այսինքն` Կարմիր Կապիկի տարուց, եւ որի հիման վրայ Կաւահողէ Շունը պէտք է կեանքի կոչի իր արդարամիտ  առաքելութիւնը, ինչպէս պնդում, հաւաստիացնում  է արեւելեան օրացոյցը` շրջադարձօրէն փոխելով ոչ միայն  առանձին մարդկանց կեանքը, այլեւ, ընդհանուր առմամբ, միջազգային քաղաքական իրավիճակը` տարին բոլոր պահպանելով մեզնից իւրաքանչիւրի երջանկութիւնն ու անդորրը:

Աւա՜ղ, առկայ իրավիճակը հակադարձ համեմատական է պուտտայական  օրացոյցի այդ սահմանումներին: Բանն այն է, որ վերջին երկու տարում անհամեմատ, քան նախորդ տարիներին էր, դարձեալ իրարից հեռու, աւելի՛ն, իրարամերժ են  հակամարտ կողմերի դիրքորոշումները, եւ կամ` այնքան աննշան են  դրանց մերձեցման միտումները, որ լաւատեսութեան նշոյլ անգամ չեն թողնում: Այն աստիճան, որ բանը հասել է բացայայտ ռազմական առճակատման, ասել է թէ` նոր պատերազմի, որ սանձազերծել էր ազրպէյճանական կողմը 2016-ի ապրիլի սկզբներին` յոյս ունենալով յանկարծակի ու լայնածաւալ յարձակմամբ վերջնականապէս լուծել արցախեան թնճուկը կամ այլ կերպ ասած` թրի մի հարուածով հատել գորդեան հանգոյցը: Բայց պարզուեց, որ թնճուկն այդ ոչ այնքան խճճուած թելերի մի սովորական կծիկ է, որքան` արցախեան պինդ ընկոյզ, մեր  բարբառով ասած` կռօ ճղոպուր, որն ազրպէյճանական թուրն ի զօրու չէ ճեղքել եւ, մանաւանդ, թրով հարուածողն էլ` Իլհամ Ալիեւը, ամենեւին Ալեքսանդր Մակեդոնացի չէ: Առաւել եւս, որ ի տարբերութիւն Մակեդոնիայի առասպելական  արքայի ու զօրավարի, Ազրպէյճանի նախագահը եւ այդ երկրի զինուժի գերագոյն գլխաւոր հրամանատարը, որ հանգուցեալ հօր` Հայտար Ալիեւի  նման դասալիքի համարում ունի իր հայրենիքում ու նրա սահմաններից դուրս, երբեք թուր բռնած չէ փափլիկ ձեռքում: Թէ ինչո՛վ աւարտուեց Ազրպէյճանի այդ արկածախնդրութիւնը` յայտնի է ամէնքին: Ուստի կրկին չմանրամասնենք: Նշենք միայն, որ 2016-ի ապրիլին ստացած դասն այդպէս էլ խրատ չդարձաւ մեր չարաբաստիկ հարեւանի համար: Տարուայ հետագայ ամիսներին եւ յաջորդ ամբողջ տարում մէկ օր անգամ չդադարեցին ազրպէյճանական կողմի կրակոցներն ու հետախուզական-խափանարար ներթափանցման փորձերը, որոնք իւրաքանչիւր առանձին դէպքում անյապաղ կասեցւում էին արցախեան դիրքապահ զօրամասերի հատու հակահարուածների շնորհիւ:

Թուերը, ինչպէս ասում են, խօսուն են: Ուստի դիմենք Արցախի Պաշտպանութեան բանակի հաւաստի տուեալներին: Համաձայն հրապարակուած ամփոփագրի, միայն անցած 2017թ. արցախա-ազրպէյճանական հակամարտ զօրքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարը, ընդհանուր առմամբ,  խախտուել է շուրջ 14 հազար անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղութեամբ արձակուել է աւելի քան 180 հազար կրակոց: Բացի հրաձգային զէնքից` ազրպէյճանական զինուժը կիրառել է նաեւ խոշոր տրամաչափի զինատեսակներ` կառավարուող հակահրասայլային հրթիռներ, հաուպիցային եւ այլ հրանօթներ, հրթիռահրետնային կայանքներ, տարբեր տրամաչափի ականանետներ ու տարբեր տիպի նռնականետներ: Ըստ ամփոփագրի, յատկապէս յիշատակման արժանի է փետրուարի 25-ին շփման գծի միանգամից երկու` հարաւարեւելեան եւ արեւելեան ուղղութիւններով ազրպէյճանական զինուժի ձեռնարկած հետախուզական-խափանարար  ներթափանցման փորձերը, որոնց ժամանակ հակառակորդը, կիրառելով «ՏՐՈՊԱ» («Արահետ»-խմբ.) տիպի ականազերծման յատուկ սարք, նռնականետներ ու խոշոր տրամաչափի այլ զինատեսակներ, անցել էր յարձակման: Բնականաբար, ազրպէյճանական զինուժի այդ սադրիչ յարձակումը նոյնպէս, ինչպէս նախորդ բոլոր դէպքերում էր, արժանացաւ միեւնոյն ճակատագրին: Հայ դիրքապահների գրագէտ ու կազմակերպուած գործողութիւնների արդիւնքում հակառակորդը վերստին ստիպուած էր  նահանջել` չէզոք գօտում թողնելով իր խոցուած զինուորների մի քանի դիակ: Օրուայ մարտերի դադարից  յետոյ միայն պաշտօնական Պաքուն հարկադրուած էր դիմել ԵԱՀԿ Մինսքի խմբին եւ Կարմիր խաչի միջազգային կազմակերպութեանը` խնդրելով միջնորդել, որպէսզի կարողանայ կազմակերպել չէզոք գօտուց այդ դիակների տարհանումը:

Եւ այս ամէնը` այն պարագայում, երբ Ազրպէյճանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը միջազգային տարբեր հարթակներում խոստանում էր այլեւս հրաժարուել ուժի կիրառման սկզբունքից: Այն պարագայում, երբ  անձամբ նախագահ Ալիեւը Վիեննայի եւ Ս. Փեթերսպուրկի, ապա եւ Ժընեւի գագաթնաժողովներում առերես յանձնառութիւն էր ստանձնում չխոչընդոտել հակամարտ զօրքերի շփման գծի երկայնքով մէկ դիտարկման սարքերի տեղադրմանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատակազմի ընդլայնմանը, միեւնոյն ժամանակ, տուն վերադառնալուց յետոյ,  արգելակում կայուն հրադադարի հաստատման համար յոյժ կարեւոր եւ նոյնքան յոյժ անհրաժեշտ այդ խնդիրների իրականացմանը:

Աւելի՛ն. Պաքուի իշխանաւորները, ինչպէս նախորդ տարիներին, 2017-ին նոյնպէս սեփական հանրութեան շրջանում բոլոր հնարաւոր միջոցներով շարունակաբար բորբոքում, շիկացնում էին հայատեացութեան կրակը, կասեցնում հայերին հաշտութեան ձեռք մեկնելու ցանկացած փորձ: Այս առումով, ահաւասիկ` մէկ-երկու յատկանշական իրողութիւններ:

Եւ այսպէս. Պաքուի քաղաքապետ Հաճիպալա Ապութալիպովը, ով, որպէս Ազրպէյճանում իշխող նախիջեւանեան տոհմի անդամ` Հայտար Ալիեւի դրածոյ մոհիկաններից է, վերջերս կարգադրել է փակել Ազրպէյճանի մայրաքաղաքի Սապայիլի շրջանի Խականի փողոցում գործող մի սրճարան, որի անունը սոսկ թուով է նշւում` «26»: Սրճարանը գտնւում է նախկինում Պաքուի 26 կոմիսարների անունը կրած այդ քաղաքային շրջանի համանուն հրապարակի, ներկայումս` Սահիլ (Ծովափ.- խմբ.) վերանուանուած զբօսայգու հարեւանութեամբ` Ազրպէյճանի Գրողների միութեան վարչական շէնքից վարձակալուած մի յարկաբաժնում: Եւ ահա քաղաքապետի որոշմամբ ու նրա իսկ անմիջական ներկայութեամբ ոչ միայն փակուել է սրճարանը, այլեւ` բռնագրաւուել ամբողջ գոյքը, իսկ նրա վարձակալ սրճարանատէրը կալանուել ու հարցաքննութեան է ենթարկւում  իրաւապահ մարմինների կողմից: Պարզւում է, որ քաղաքապետին սրճարանի այդ անուանումը յիշեցնում է Պաքուի 26 կոմիսարներին:

Հակիրճ պատմական տեղեկանք. Պաքուի կոմունայի գործիչներից  9 հոգին ազգութեամբ հայ էր` Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ստեփան Շահումեան,  ռազմա-ծովային գործերի ժողկոմ Գրիգորի Կորգանով (Ղորղանեան.-խմբ.), պարէնի ժողկոմի տեղակալ Արամ Կոստանդեան, քաղաքի պարետ Բաղդասար Աւագեան, ռազմա-յեղափոխական կոմիտէի անդամ Սողոմոն Բոգդանով  (Բոգդանեան (Աստուածատրեան).-խմբ.),  եղբայրներ Թադեւոս եւ Արսէն Ամիրովներ (Ամիրեաններ.-խմբ.), որոնցից առաջինը  դաշտային հրամանատար էր, խմբապետ, 26-ի մէջ ՀՅԴ միակ անդամը,  իսկ երկրորդը` «Պաքինսքի ռապոչի»  («Պաքուի բանուոր».- խմբ.) թերթի համայնավար խմբագիրը, «Պաքուի Խորհրդի Տեղեկագիր» թերթի խմբագիր Սուրէն Օսիպեան (Յովսէփեան.- խմբ.), թղթակից Արմենակ Բորեան:  Ինչպէս յայտնի է, 1917թ. հոկտեմբերին Փեթերսպուրկում իշխանութեան գրաւումից անմիջապէս յետոյ Պաքւում ստեղծուեց բանուորների, գիւղացիների եւ զինուորների պատգամաւորների խորհուրդ` Պաքուի սովետ, որը, յենուելով ՀՅԴ կուսակցութեան եւ հիմնականում նրա զինուորական կազմաւորումների վրայ, 1918թ. ապրիլին իր ձեռքը վերցրեց քաղաքի իշխանութիւնը: Պաքուի Խորհուրդը բաղկացած էր բազմաթիւ քաղաքական ուժերից եւ պոլշեւիկներն այնտեղ մեծամասնութիւն չէին կազմում: Ստեղծուեց գործադիր մարմին` Պաքուի Ժողկոմխորհ, որը ձեռնամուխ եղաւ ընկերային-տնտեսական բարեփոխումների, ինչպէս նաեւ կազմակերպեց Կարմիր բանակի զօրամասերը, որոնք անմիջապէս ելան Կովկասեան մուսուլմանական (մուսաւաթական) բանակի դէմ: Վերջինս, յենուելով թուրքական աջակցութեան վրայ, հակամարտում էր ոչ միայն պոլշեւիկների, այլեւ հայկական զինուած ջոկատների դէմ, որոնք կազմում էին Պաքուի կոմունայի Կարմիր բանակի հիմնական կորիզը, քանի որ պոլշեւիկների ուժերը, չնայած Խորհրդային Ռուսաստանի օգնութեանը, բաւարար չէին: Բաւարար չէր նաեւ բնակչութեան աջակցութիւնը, չկային բաւական ռազմական ուժեր` պաշտպանելու իշխանութիւնը: Եւ երբ ձախողումն ակնյայտ դարձաւ, պոլշեւիկները որոշեցին թողնել Պաքուն` իշխանութիւնը յանձնելով նորաստեղծ Ցենտրկասպիայի (Կենտրոնական Կասպիա.- խմբ.) կառավարութեանը, որ կազմաւորուել էր  Պաքու հրաւիրուած անգլիական զօրքերի հովանու ներքոյ: Կոմունայի ղեկավարների ճակատագիրը ողբերգական աւարտ ունեցաւ. 1918թ. սեպտեմբերի 20-ի լուսաբացին, մինչ այդ բանտարկուած լինելով Կասպից ծովի արեւելեան ափին` Կրասնովոդսկ քաղաքում,  տեղի էսեռական (ՍՌ-սոցիալիստ-ռեւոլիւցիոներների, թարգմ.` ընկերվար-յեղափոխականների կուսակցութիւն.-խմբ.) հակապոլշեւիկեան իշխանութիւնների` Անդրկասպիայի ժամանակաւոր կառավարութեան` այդտեղ գտնուող անգլիական զօրքերի ճնշման ներքոյ ընդունած որոշմամբ նրանք` 25 պոլշեւիկ եւ  ՀՅԴ 1 գործիչ, գնդակահարուեցին Ախչա-Կույմայի անապատի աւազուտներում:

Խորհրդային կարգեր հաստատուելուց  յետոյ Ազրպէյճանի իշխանութիւնները զոհուած յեղափոխականների աճիւնները տեղափոխեցին Պաքու եւ հանդիսաւորութեամբ վերայուղարկաւորեցին մի վայրում, որը կոչուեց Պաքուի 26 կոմիսարների հրապարակ: Կոմիսարների գնդակահարութեան 50-ամեակին այդտեղ կառուցուեց դամբարան: 1991-ից յետոյ նորանկախ Ազրպէյճանում Պաքուի կոմունայի գործունէութիւնը համարեցին «հայկական դաւադրութիւն» եւ 2009թ. աւերեցին Պաքուի 26 կոմիսարների յուշահամալիրը, իսկ աճիւնները թաղեցին Ապշերոնի թերակղզու ծայրամասային Հովսանի բնակավայրի  գերեզմանատանը, նկատի առնելով, որ զոհուածները տարազգի էին` ազրպէյճանցիներ, հայեր, ռուսներ, վրացիներ ու հրեաներ, ինչպէս յայտարարուել էր` «մուսուլմանական, քրիստոնէական եւ յուդայական կրօնական գործիչների մասնակցութեամբ ու համապատասխան ծիսակարգերով»: Իսկ նախկին յուշահամալիր-հրապարակը  վերածուեց մասամբ զբօսայգու եւ մասամբ էլ` ինքնաշարժների վճարովի կայանատեղի:

… Պաքուի քաղաքապետի խօսքով, որ նա հէնց այդտեղ` դէպքի վայրում յայտարարել է լրագրողներին, մայրաքաղաքի կենտրոնում «26» անուանումն անընդունելի է, քանզի` «Ազրպէյճանցիների ցեղասպանութիւն իրագործած մարդասպանների յանցակիցները, ցաւօք, մինչեւ հիմա էլ կենդանի են: Թող հայերի` այստեղ ապրող հովանաւորներն իմանան, որ քանի դեռ կայ ազրպէյճանական ժողովուրդը, ապա բոլոր նրանք, ովքեր համակրում են դաշնակներին, տեղ չունեն Ազրպէյճանում»: Բացայայտ իրողութիւն է, որ անկախ Ազրպէյճանում աշխարհի բոլոր հայերն էլ, անկախ նրանցից իւրաքանչիւրի կուսակցական պատկանելութիւնից, համարւում են դաշնակցականներ, այդ թւում, որքան էլ զաւեշտալի թուայ, եթէ ասեմ` Հայաստանի երրորդ Հանրապետութեան առաջին նախագահ, երդուեալ հակադաշնակցական Լեւոն Տէր Պետրոսեանը… Բնականաբար ազրպէյճանական պատմագրութեան ու քարոզչամեքենայի մատուցմամբ, դաշնակցականներ էին նաեւ Պաքուի կոմունայի անդամ անխտիր բոլոր հայ գործիչները, անկախ նրանցից իւրաքանչիւրի կուսակցական ընդգրկումից եւ դաւանած գաղափարախօսութիւնից:

Մէկ ուրիշ իրողութիւն: Պաքուի թիւ 212 դպրոցի անգլերէն լեզուի ուսուցիչ Ռովշան Ազիզովին հայերի հետ հաշտուելու կոչի համար բառացիօրէն վերջերս հեռացրել են աշխատանքից:  ղՊարզուել է, որ նա Ազրպէյճանի եւ Հայաստանի միջեւ խաղաղութեան կողմնակից է եւ այդ գաղափարը քարոզում էր իր աշակերտների շրջանում, այդ թեմայով յատուկ տեսանիւթեր էր պատրաստում ու տարածում: Միեւնոյն ժամանակ, վերջերս Ազիզովն ազրպէյճանցի աշակերտուհուն հայկական տարազ էր հագցրել, լուսանկարել Պաքուի հայկական եկեղեցու համայնապատկերին եւ լուսանկարը հրապարակել ֆէյսպուքեան իր էջում, ինչը լուրջ զայրոյթ էր առաջացրել ազրպէյճանցի օգտատէրերի շրջանում: Աւելի վաղ ընկերային ցանցերում բողոք էր տարածուել այդ ուսուցչի դէմ. նշւում էր, թէ Ազիզովը բացայայտ խոստովանում է, որ իր աշակերտներին դաստիարակում է հայերի հանդէպ սիրոյ ոգով: Բնականաբար հաշուի չի առնուել դպրոցի մանկավարժական խորհուրդ հրաւիրելու նրա` աշխատանքը կորցրած ուսուցչի խնդրանքը:

Առհասարակ, կարելի է հայատեացութեան նման հարիւրաւոր միջադէպեր ներկայացնել ազրպէյճանական հանրութեան մերօրեայ կեանքից: Այն հանրութեան, որ ոչ միայն թոյլ տուեց, այլեւ ի մեծաւ մասի անմիջականօրէն մասնակցեց այդ հանրապետութեան քաղաքացի հայազգի բնակիչների ցեղասպանութեանը` արիւնալի ջարդերին ու բռնատեղահանմանը` Սումկայիթում, Պաքւում, Ազրպէյճանի միւս քաղաքներում ու գիւղերում: Այն հանրութեանը, որի նոր սերունդները` մանկապարտէզից սկսած մինչեւ բուհական հաստատութիւններ, դաստիարակւում են հայ ժողովրդի նկատմամբ ատելութեան ոգով: Այն հանրութեան, ում համար սեղանի գրքեր են Հայաստանը եւ Արցախը որպէս Ազրպէյճանի պատմական տարածքներ ներկայացնող հաստափոր աշխատութիւնները: Այն հանրութեան, որի զինծառայող զաւակները զօր ու գիշեր գնդակոծում են Հայաստանի եւ Արցախի սահմանային դիրքերը, ընդ որում` ոչ միայն կատարելով հրամանատարների հրամանները, այլ նաեւ սեփական կամեցողութեամբ` եւս մէկ հայ սպաննելու, ոչնչացնելու գազանաբարոյ մոլուցքով:

Եւ այդ ամէնից յետոյ Պաքուի իշխանութիւնները, ում խոփը, իրօք, քարին է դէմ ընկել Արցախի եւ, այդպիսով իսկ, ընդհանուր առմամբ. համայն հայութեան դէմ իրենց սանձազերծած  պատերազմում, դեռեւս սին յոյսեր են փայփայում, թէ արցախահայութիւնն ի վերջոյ քարը փէշից  կը թափի ու կը համաձայնի ապրել Ազրպէյճանի կազմում: Օրինակ, ահա թէ անցած տարեվերջին ի՛նչ է յայտարարել Ազրպէյճանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովն իսրայէլական «Ճերուսալեմ Փոսթ» թերթին տուած իր հարցազրոյցում: Պաքուն, ասել է նա, պատրաստ է լայն ինքնավարութիւն տրամադրել Լեռնային Ղարաբաղին եւ տեղի հայ բնակչութեանն ապահովել քաղաքացիական իրաւունքներ: Մէջբերում եմ. «Մենք պատրաստ ենք որոշակի փոխզիջման եւ հիմնախնդրի կառուցողական լուծման: Այդ կապակցութեամբ համարում ենք, որ հակամարտութեան կայուն, արդիւնաւէտ եւ արդարացի կարգաւորման ուղին Ազրպէյճանի կազմում առաւել լայն ինքնավարութեան տրամադրումն է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին եւ այնտեղ ապրող հայ բնակչութեան քաղաքացիական, ընկերային-տնտեսական ու մշակութային իրաւունքների լրիւ ապահովման երաշխաւորումը` Ազրպէյճանի օրէնսդրութեանը եւ միջազգային իրաւունքի կանոններին համապատասխան»:

Ազրպէյճանի նախագահի օգնականի փարիսեցիական յայտարարութիւնը, բնականաբար, անարձագանգ չի մնացել` արժանանալով Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տեղեկատուութեան գլխաւոր վարչութեան պետ Դաւիթ Բաբայեանի, ըստ իս, կարծես թէ սթափեցուցիչ պատասխանին. «Եթէ Ազրպէյճանում սկսէին սթափ նայել իրավիճակին, ազատուէին ատելութեան աֆիոնից, ապա կը գիտակցէին, որ ամենաճիշդ որոշումն Արցախի անկախութեան ճանաչումն է, ինչը բխում է երկու ժողովուրդների շահերից: Եւ որքան շուտ Ազրպէյճանում դա գիտակցեն, այնքա՛ն լաւ»:

Բայց մի՞թէ երբեւէ սթափ մտածելու, իրերի վիճակը յստակ գիտակցելու եւ իրատես գնահատելու ունակ կարող է լինել մի երկրի իշխանութիւն, որի ղեկավարը մոլի թմրամոլ ու գինարբու է եւ որպէս այդպիսին` մտագար ու անկանխատեսելի իր արարքներում: Արդեօք նոյն այդ մտագարութեա՞ն հետեւանք չէ՞, որ իր իսկ թելադրանքով երկրի գլխաւոր դատախազն անցած տարեվերջին հրաման է ստորագրել… այո՛, հէնց այդպէս, Լեռնային  Ղարաբաղի զինուորական դատախազ նշանակելու մասին: Մատից ծծած յօրինուածք չէ, որ ասում եմ, ազրպէյճանական մամուլն է տեղեկացնում, որոշակիօրէն իշխանամէտի համարում ունեցող Haqqin.az  տեղեկատուական-վերլուծական եւ դիտարկումային կայքը, յայտնելով, որ «համաձայն գլխաւոր դատախազ Զաքիր Կարալովի հրամանի,  հանրապետութեան զինուորական դատախազութեան կազմակերպական-վերլուծական բաժնի պետ Ֆարիտ Շուքիւրովն ազատուել է զբաղեցրած պաշտօնից ու նշանակուել Ղարաբաղի դատախազ»: Ընդ որում, ի սկզբանէ որպէս անհեթեթ (տխմար) որակելով այդ հրամանը, կայքն այնուհետեւ գրում է. «Միֆական դատախազի նշանակումը ծաղրանքի փոթորիկ է առաջացրել ընկերային ցանցերում: Այդ նորութիւնն առաջինը քննադատութեան են ենթարկել համացանցի հէնց ազրպէյճանցի օգտատէրերը: Նրանց խօսքով, այդպիսի նշանակումների պատճառով է, որ Ազրպէյճանն աւելի յաճախակի է ծաղր ու ծանակի թիրախ դառնում»:

Արդեօք դարձեալ նոյն այդ մտագարութեան հետեւանք չէ՞, որ 2018-ի  առաջին իսկ օրերից վերստին սաստկացել են կրակոցներն արցախեան դիրքերի ուղղութեամբ: Այսպէս,  նոր տարում Արցախի Պաշտպանութեան բանակի անդրանիկ ամփոփագրի տուեալներով, միայն յունուարի առաջին շաբթում ազրպէյճանական զինուժը մօտ 200 անգամ խախտել է հրադադարը` արձակելով աւելի քան 2 հազար կրակոց: Եւ ահաւասիկ, ցաւօք, այդ կրակոցների առաջին զոհը. յունուարի 7-ին զօրամասի պահպանութեան շրջանի մարտական դիրքի ուղղութեամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի պատճառով մահացու հրազէնային վիրաւորում է ստացել պարտադիր ժամկէտային զինծառայող, կրտսեր սերժանթ Վաչէ Նուէրի Չիլինգարեանը: Հրազէնային վիրաւորումներ են ստացել նաեւ աւագ լէյթենանթ Ե. Մուսինեանը եւ պայմանագրային զինծառայող, վարորդ Դ. Վանեանը, ովքեր օգնութեան են շտապել իրենց խոցուած զինակից ընկերոջը: Բարեբախտաբար նրանց կեանքին վտանգ չի սպառնում:

Այնպէս որ, յոյս կապել Կաւահող Շան արդարամտութեան հետ, կարծում եմ, իմաստ չունի: Ինչպէս կենդանակերպի նախորդ նշանների պարագայում էր, Կաւահողէ Շունը, որը, ըստ արեւելեան օրացոյցի, իր գահը Կարմիր Կրակէ Աքաղաղից պէտք է ստանայ փետրուարի 16-ին, իր նշանով խորհրդանշուող ամբողջ տարուայ ընթացքում երեւի թէ նոյնպէս ստիպուած պիտի լինի ձեռնունայն մնալ ազրպէյճանա-արցախեան հակամարտութեան կարգաւորման խնդրում: Այնպէս որ, իրատես վերապահութեամբ ընդունենք իւրաքանչիւր Նոր տարուայ վերաբերեալ արեւելեան օրացոյցի բացարձակապէս դրական սահմանումները, աւելորդ անգամ տուրք չտանք մեր գիտակցութեան մէջ վաղնջական ժամանակներից ներծծուած ու տակաւին որոշ նստուածք թողած նախապաշարումներին եւ սնոտիապաշտ միամտութեամբ հաւատ չընծայենք կենդանակերպի շռայլ խոստումներին:

Ամէն դէպքում, շնորհաւոր Ամանոր ու Սուրբ Ծնունդ: Ու թող Աստծոյ օրհնութեամբ նոր տարում` 2018-ին, անպայման իրականանան մեր ժողովրդի նուիրական իղձերը: Բնականաբար կեանքի կը կոչուեն մեր ձեռքերով, համայն հայութեան միահամուռ կամքով ու համախումբ ջանքերով: Մենք դա կարող ենք: Մենք հզօր ենք մեր համազգային միասնութեան մէջ:  Ամէն:

Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար


Viewing all articles
Browse latest Browse all 17231

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>