ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները 2015-ին մնացին ցածր կէտի վրայ: Հայ եւ թուրք պաշտօնեաների միջեւ որեւէ հանդիպում չկայացաւ: Տարուայ ընթացքում երկու անգամ` յուլիսին եւ հոկտեմբերին, հարիւրից աւելի կեանք խլած Սուրուչի ու Անգարայի ահաբեկչութիւնների առիթով Սերժ Սարգսեանը ցաւակցական հեռագիր յղեց իր թուրք գործընկեր Ռեճեփ Թայիփ Էրտողանին:
2015 թուականը խորացրեց հակասութիւնները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Հայաստանն ու սփիւռքը ողջ տարուայ ընթացքում բազմաթիւ ձեռնարկներով Երեւանում ու աշխարհի տարբեր քաղաքներում ոգեկոչում էին Հայոց ցեղասպանութեան 100-ամեակը: Թուրքիան դիմում էր հակաքայլերի` ուրացման եւ ժխտողականութեան պաշտօնական դիրքորոշումից անցում կատարելով Ա. Աշխարհամարտի տարիներին «Հայերի եւ մուսուլմանների կրած համատեղ ցաւի», «օսմանեան հայերի թոռներին» ցաւակցելու, պատմութեան «արդար յիշողութեան» թեզերին: Թուրքական կողմը ձգտում էր Հայոց ցեղասպանութեան հարցը քաղաքականից տեղափոխել պատմութեան դաշտ, Էրտողանի խօսքերով` «պատշաճ կերպով քննարկել այն, ինչ 100 տարի առաջ կատարել են հայերը թուրքերի, իսկ թուրքերը` հայերի դէմ»:
Սերժ Սարգսեանը յայտարարեց, որ հայերը կը ցանկային 100-րդ տարելիցը ոգեկոչել նաեւ թուրք ժողովրդի հետ` ազդարարելով երկու
ժողովուրդների միջեւ հաշտեցման եւ յարաբերութիւնների հաստատման մի նոր հանգրուան, որին միտուած էին 2009 թուականին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրուած արձանագրութիւնները եւ հրաւէրը Թուրքիայի նախագահ Էրտողանին` ապրիլի 24-ին միասին յարգելու Հայոց եղեռնի զոհերի յիշատակը:
Ուշագրաւ է, որ երբ 2008-ի սեպտեմբերին Ապտիւլլա Կիւլը մի քանի ժամով Երեւանում էր` դիտելու Հայաստան-Թուրքիա ֆութպոլային հանդիպումը, Թուրքիայի նախագահին առաջարկ չի արուել այցելել Ծիծեռնակաբերդ, որը հէնց մարզադաշտի հարեւանութեամբ էր, որտեղ կայացաւ հանդիպումը:
Հրանդ Տինքի սպանութեան հերթական տարելիցի յաջորդ օրը վարչապետ Ահմետ Տաւութօղլուն հայութեանը յղած ուղերձում նշեց, թէ` «1915 թուականին, պատերազմական պայմաններում իրականացուած բռնի տեղահանութեան քաղաքականութիւնը յանգեցրեց անմարդկային հետեւանքների» եւ Թուրքիան «կիսում է հայերի կրած տառապանքների ցաւը»:
Յունուարի կէսերին Թուրքիայի նախագահը ապրիլի 24-ը յայտարարեց Չանաքքալէի (Կալիփոլիի) ճակատամարտի յաղթանակի 100-ամեակի օր եւ տարբեր երկրների առաջնորդների, այդ թւում` Սերժ Սարգսեանին, հրաւիրեց Թուրքիա: Աւելի վաղ` 2014-ի օգոստոսին, Էրտողանի երդման արարողութեանը մասնակցող արտաքին գործերի նախարար Էտուարդ Նալբանդեանը կարճատեւ զրոյց էր ունեցել Թուրքիայի նախագահի հետ եւ նրան յանձնել Սարգսեանի պաշտօնական հրաւէրը` ապրիլի 24-ին գալ Երեւան եւ ներկայ լինել Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի ոգեկոչման արարողութեանը:
Էրտողանը չպատասխանեց Սարգսեանի նամակին, մինչդեռ Հայաստանի նախագահը պատասխանեց` գրելով, որ Թուրքիան շարունակում է ժխտողականութեան քաղաքականութիւնը, տարեցտարի կատարելագործում պատմութեան աղճատման իր գործիքակազմը: Կալիփոլիի մարտերի հարիւրամեակն առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դէպքում, երբ դրանք սկսուել են 1915 թուականի մարտի 18-ին եւ շարունակուել մինչեւ 1916 թուականի յունուարի վերջը, իսկ դաշնակիցների ցամաքահանման գործողութիւնը Կալիփոլիի ցամաքային մարտերը սկսուել են ապրիլի 25-ին: Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթէ ոչ` համաշխարհային հանրութեան ուշադրութիւնը Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ, հարցնում էր Սարգսեանը:
Յունուարի վերջերին Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովը հրապարակեց Համահայկական հռչակագիրը, որում անդրադարձ կար Սեւրի դաշնագրին ու Ուիլսընի իրաւարար վճռին: Հայաստանի իշխանական շրջանակները եւ յատկապէս սփիւռքը հռչակագիրն ընդունեցին ոգեւորութեամբ:
Համահայկական հռչակագրի բնագրում մի շարք դրոյթներ հակասում են ցիւրիխեան երկու արձանագրութիւններին, որոնք խոշոր
տէրութիւնների բարձրաստիճան դիւանագէտների ներկայութեամբ ու յորդորներով ստորագրել էին Նալբանդեանն ու Տաւութօղլուն 2009-ին:
Այսպէս, ցիւրիխեան արձանագրութիւններով Հայաստանի գործող իշխանութիւնները 1921 թուականի Կարսի պայմանագրի ստորագրումից յետոյ առաջին անգամ վերաճանաչեցին ժամանակակից Թուրքիայի սահմանները, մինչդեռ հռչակագրում ոչ միայն խօսք չկայ ժամանակակից Թուրքիայի սահմանները ճանաչելու մասին, այլ յիշատակւում է 1920 թուականի օգոստոսի 10-ի Սեւրի հաշտութեան պայմանագրի եւ նոյեմբերի 22-ի` Միացեալ Նահանգների նախագահ Վուտրօ Ուիլսընի իրաւարար վճռի դերը եւ նշանակութիւնը` Հայոց ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման հարցում:
Անգամ հռչակագրի ընդունումից յետոյ Հայաստանը յայտարարում է, որ պատրաստ է վաւերացնել հայ-թուրքական երկու արձանագրութիւնները: Ճիշդ է` հռչակագրի ընդունումից կարճ ժամանակ անց Սարգսեանը խորհրդարանից յետ կանչեց Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնները, սակայն չհրաժարուեց այդ փաստաթղթերի տակ դրուած ստորագրութիւնից: 2010 ապրիլին Սարգսեանը սառեցրել էր արձանագրութիւնների վաւերացումը` ի պատասխան թուրքական կողմի ձգձգումների:
Ապրիլի 24-ի նախօրէին Սարգսեանը ընդգծեց, որ հայ-թուրքական արձանագրութիւնները յետ է կանչել խորհրդարանից` Թուրքիային «քաղաքական ուղերձ» յղելու նպատակով, յաւելելով, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը կարող է վերսկսուել, երբ Թուրքիայի ղեկավարութիւնը պատրաստ լինի առանց նախապայմանների յարաբերութիւնների կարգաւորմանը:
Մէկ այլ հարցազրոյցում Սարգսեանը յայտարարեց, որ արձանագրութիւնները «գոյութիւն ունեն», ինքը դրանք յետ է կանչել խորհրդարանից, որպէսզի մէկ անգամ եւս նախազգուշացնի Թուրքիայի իշխանութիւններին առ այն, որ Հայաստանը մտադիր չէ յաւէրժ սպասել թուրքական խորհրդարանի կողմից արձանագրութիւնների վաւերացմանը: Եթէ թուրքական խորհրդարանը վաւերացնի դրանք, մեր խորհրդարանը նոյնպէս կարող է դա անել, նշեց Սարգսեանը:
Արտասահմանեան լրագրողների հետ զրոյցում Սարգսեանը երկու անգամ` ապրիլի 24-ի նախօրէին եւ յետոյ, յայտարարեց, որ Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ չունի: Թուրքական «Հիւրրիէթ» թերթի հետ զրոյցում Սերժ Սարգսեանը յիշեցրեց, որ Հայաստանը անկախացումից ի վեր երբեք Թուրքիային կամ որեւէ այլ երկրի տարածքային պահանջներ չի ներկայացրել, արտաքին քաղաքական օրակարգում նման խնդիր չի եղել եւ չկայ:
Ապա ռուսաստանցի լրագրող Վլատիմիր Փոզների հետ զրոյցում Սարգսեանը յստակեցրեց` «Պահանջում ենք ճանաչում: Իսկ թէ յետոյ ի՛նչ կը հետեւի, այդ ամէնը բանակցութիւնների առարկայ է»:
Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանչիսկոս պապի կողմից մատուցուեց պատարագ: Հռոմի պապը առաջին անգամ էր պատարագ մատուցում` յիշատակելու Հայոց ցեղասպանութիւնը: Թուրքիան չափազանց նեարդային եւ կոշտ արձագանգեց պապի օգտագործած բառապաշարին` նրան մեղադրելով ատելութիւն սերմանելու մէջ:
Յատկանշական էր ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարտաշեանի, նրա քրոջ եւ ամուսնու` համաշխարհային ռեփըր Քանիէ Ուեսթի այցը Հայաստան, նաեւ` Հայոց ցեղասպանութեան յուշահամալիր: Միջազգային առաջատար լրատուամիջոցների կիզակէտում, շնորհիւ Քարտաշեանի, նաեւ Հայաստանն էր:
Ապրիլի 23-ին Պերլինի մայր տաճարում Գերմանիայի նախագահ Կաուքը հայերի ճակատագիրը զանգուածային հաշուեյարդարի, ցեղային զտումների, տեղահանութիւնների եւ «նոյնիսկ ցեղասպանութեան պատմական ցայտուն օրինակ» որակեց: Գերմանիայի խորհրդարանում ապրիլի 24-ին քննարկւում էր «1915/16 թթ. հայերի տեղահանութեան եւ ջարդերի մասին» բանաձեւը: Խորհրդարանական խմբակցութիւնները երկու ժամ տեւած բանավէճից յետոյ ընդհանուր յայտարարի չեկան բանաձեւում 1915-ի իրադարձութիւնների նկատմամբ «ցեղասպանութիւն» եզրի յստակ կիրառման շուրջ: Թէեւ քննարկումը անորոշ ժամանակով յետաձգուեց, սակայն ինքնին բանաձեւի քննարկումը Պունտեսթակում եւ Գերմանիայի նախագահի ելոյթը չափազանց կարեւոր են, քանի որ Հայոց ցեղասպանութեան տարիներին Գերմանիան եղել է Օսմանեան կայսրութեան դաշնակիցը, իսկ այսօր Եւրոպական Միութեան եւ աշխարհի առաջատար երկրներից է:
Ապրիլ 24-ից առաջ եւ յետոյ մի քանի երկրների խորհրդարաններ տարբեր ձեւակերպումներով ճանաչեցին կամ վերաճանաչեն Հայոց ցեղասպանութիւնը` Չիլի, Եւրոպական խորհրդարան, Աւստրիա, Լիւքսամպուրկ, Պելճիքա, Պրազիլ, Փարակուէյ:
Ապրիլի 24-ի նախօրէին Մայր Աթոռում տեղի ունեցաւ Հայոց ցեղասպանութեան զոհերի սրբադասման արարողութիւն:
Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի կենտրոնական միջոցառմանը, որը կայացաւ Ծիծեռնակաբերդի բարձունքում, Երեւան այցելեցին չորս երկրների` Ռուսաստանի, Ֆրանսայի, Սերպիայի եւ Կիպրոսի նախագահները: Թուրքիան յատկապէս նեարդային արձագանգեց Վլատիմիր Փութինի եւ Ֆրանսուայ Օլանդի այցին եւ նրանց կողմից «ցեղասպանութիւնն» բառի օգտագործմանը:
Միացեալ Նահանգները Հայաստան գործուղեց նախարարի, իսկ Պարաք Օպաման իր ապրիլ 24-եան ուղերձում չօգտագործեց «ցեղասպանութիւն» եզրը` կրկնելով նախկին` «Մեծ եղեռն» ձեւակերպումը: Կալիփոլիի միջոցառմանը ամերիկեան կողմից մասնակցեց Անգարայում Միացեալ Նահանգներ դեսպանը: Ռուսաստանը Կալիփոլիում ներկայացուել էր Պետտումայի ներքին պալատի նախագահի մակարդակով:
Հայ-թուրքական առեւտուրը, գերազանցապէս թուրքական ապրանքների հոսքը հայաստանեան շուկայ, կատարւում էր Վրաստանի ճանապարհով: Հայաստանեան արտադրութեան ապրանքները Թուրքիա չեն արտահանւում վերջինի կողմից վարչարարական խոչընդոտների պատճառով: Հայաստան-Թուրքիա ապրանքաշրջանառութիւնը 2015-ին նշանակալիօրէն անկում է ապրել: Առաջին տասը ամիսներին Թուրքիայից ներմուծումը կազմել է 111 միլիոն տոլար, իսկ Հայաստանից Թուրքիա արտահանումը` 1,4 միլիոն տոլարից պակաս: 2014-ին երկկողմ ապրանքաշրջանառութիւնը կազմել էր 233,7 միլիոն տոլար, որից միայն 1,5 միլիոնն էր կազմել Հայաստանից արտահանումը Թուրքիա, այսինքն` Թուրքիայից արտահանումը Հայաստան 155 անգամ աւելի է, քան` ներմուծումը: