Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17097

2015. Թուրքիայի Գերյագեցած Տարին

$
0
0

ԳԷՈՐԳ ՊԵՏՐՈՍԵԱՆ

turkey-election_012016

2015 թուականը Թուրքիայում բաւական յագեցած էր տարատիպ իրադարձութիւններով ու զարգացումներով, ինչը, յիրաւի, թոյլ է տալիս տարին համարել վճռորոշ թուրքական նորագոյն պատմութեան համար: Պատմական տարին կարեւոր էր ինչպէս ներքաղաքական զարգացումների, այնպէս էլ միջազգային իրադարձութիւնների պարունակում:

Երկար տարիներ ի վեր առաջին անգամ Թուրքիայում խորհրդարանական ընտրութիւններին յաջորդեց քաղաքական ճգնաժամը եւ կրկնակի ընտրութիւններ անցկացնելու անհրաժեշտութիւնը, ինչը մեր արեւմտեան հարեւանի համար առաջինն էր 21-րդ դարում:

Երկու տարի յարաբերական անդորրից յետոյ վերսկսուեցին Թուրքիայի ուժային կառոյցների եւ Քրտական աշխատաւորական կուսակցութեան (ՔԱԿ) միջեւ զինուած բախումները, որոնք նոր եւ բաւական լուրջ սրացում առաջացրին քրտական հարցում, եւ որտեղ երկամեայ դադարից յետոյ կրկին սկսեց գործել բռնի ուժի սկզբունքը:

Թուրքական պետութեան համար տարին աննախադէպ էր նաեւ լայնածաւալ ահաբեկչութիւնների տեսանկիւնից, իսկ Անգարայում ահաբեկչութիւնն ամենաարիւնալին էր Թուրքիայի Հանրապետութեան պատմութեան մէջ:

Այս ամէնին գումարուեց նաեւ Ռուսաստանի հետ յարաբերութիւնների կտրուկ վատթարացումը, երբ Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները խոցեցին Սիրիայում ռազմական առաքելութիւն իրականացնող ռուսաստանեան գրոհիչը:

Հայկական հարցի տեսանկիւնից նոյնպէս տարին հսկայական կարեւորութիւն էր ներկայացնում, քանի որ ողջ հայութիւնն ու քաղաքակիրթ աշխարհի զգալի մասը յարգում էին Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցը:

Այժմ վերը թուարկուած կարեւորագոյն զարգացումներին աւելի մանրամասն հայեացք գցենք:

Խորհրդարանական Ընտրութիւնները

 

march_012016

2015 թուականի յունիսի 7-ին Թուրքիայում կայացան խորհրդարանական ընտրութիւններ, որոնց արդիւնքները բաւական ուշագրաւ պատկեր էին ստեղծում` մի կողմից թուրքական խորհրդարան համամասնական ցուցակներով մուտք էր գործում քրտական/քրտամէտ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցութիւնը, իսկ միւս կողմից` իշխող Արդարութիւն եւ Բարգաւաճում կուսակցութիւնն իր պատմութեան մէջ առաջին անգամ հնարաւորութիւն չէր ստանում միակուսակցական կառավարութիւն ձեւաւորել: Այս իրավիճակին հետեւեց ներքաղաքական ճգնաժամը, որի լուծումը նոր խորհրդարանական ընտրութիւնների անցկացումն էր, որոնք էլ կայացան նոյեմբերի 1-ին: Այս անգամ ԱԲԿ-ն ոչ միայն յաղթեց, այլ դա արեց անսպասելի ցուցանիշով` հաւաքելով ձայների 49 տոկոսը եւ կրկին իր ձեռքում կենտրոնացնելով ողջ իշխանութիւնը: Այս ամէնն էլ հնարաւորութիւն տուեց Էրտողանին եւ նրա համախոհներին աւելի աշխուժ եւ նաեւ աւելի յարձակողապաշտ արտաքին ու ներքին քաղաքականութիւն վարել:

Քրտական Խնդրի Սրացումը

2013 թուականին քրտական կազմակերպութեան եւ թուրքական պետութեան միջեւ հրադադար էր յայտարարուել, սակայն յուլիսին Սուրուչում գրանցուած ահաբեկչութիւնը, որի ժամանակ մեծաթիւ քրտեր սպաննուեցին, ստիպեց ՔԱԿ-ին վերսկսել ռազմական գործողութիւնները Թուրքիայի ուժայինների դէմ: Երկկողմանի կատաղի բախումների հետեւանքով կողմերը հարիւրաւոր կորուստներ ունեցան եւ շարունակում են ունենալ, իսկ առանց փոխզիջումների բախումները դեռ ընթացքի մէջ են: Երկամեայ պայմանական դադարից յետոյ Թուրքիայի գլխաւոր խնդիրը` քրտական հարցը, կրկին բռնի ուժի ուղով է ընթանում եւ կրկին վերհանում է Թուրքիայի ներքին անյատակ խնդիրները:

Խոշոր Ահաբեկչութիւններ

bombing_012016

2015 թուականին Թուրքիան ցնցեցին խոշոր ահաբեկչութիւնները: Նախ, յուլիսի 20-ին Սուրուչում մահապարտ ահաբեկչի իրականացրած գործողութեան պատճառով 30-ից աւել մարդ (հիմնականում` քրտեր) մահացաւ, իսկ արդէն հոկտեմբերի 10-ին Անգարայում թուրք-քրտական խաղաղութեան համար հաւաքուած ցուցարարների շարքերում ռումբերի պայթիւնը 100-ից աւել մարդու կեանք խլեց` դառնալով Թուրքիայի պատմութեան ամենաարիւնալի ահաբեկչական գործողութիւնը: Երկու դէպքում էլ քիչ չէին այն քրտերը, ովքեր մեղադրում էին պաշտօնական Անգարային կամ ահաբեկչութիւնները չկանխելու, կամ էլ անգամ դրանցում մասնակցութիւն ունենալու համար: Սուրուչի ահաբեկչութիւնը վճռորոշ էր նաեւ Քրտական խնդրի սրացման տեսանկիւնից, քանի որ, ինչպէս վերը նշեցինք, ահաբեկչական այս գործողութեանը յաջորդեցին թուրք-քրտական նոր բախումները:

Ռուսական Գրոհիչի Խոցումը

Տարածաշրջանային եւ միջազգային առումով 2015-ի կարեւորագոյն իրադարձութիւններից էր Թուրքիայի ռազմաօդային ուժերի «Էֆ.-16 կործանիչների կողմից Ռուսաստանի օդուժի Սու-24 գրոհիչի խոցումը, որը ռազմական առաջադրանք էր կատարում Սիրիայում: Թուրքերը շտապեցին մեղադրել ռուսաստանեան կողմին թուրքական օդային սահմանը խախտելու համար, սակայն պաշտօնական Մոսկուան հակառակն էր պնդում: Այս ամէնի պատճառով կտրուկ սրուեցին Թուրքիայի եւ Ռուսաստանի յարաբերութիւնները, ինչի արդիւնքում յատկապէս տուժեցին երկուստէք տնտեսական կապերը: Ի հարկէ, ռուսաստանեան ռազմական ինքնաթիռի կործանումը Սառը պատերազմից յետոյ ՕԹԱՆ-ի անդամ պետութեան եւ Ռուսաստանի միջեւ բացառիկ երեւոյթ էր, որի հետեւանքները հետագայում եւս նկատելի են լինելու: «9 երկվայրկեանում քանդուեցին ռուս-թուրքական յարաբերութիւնների` 15 տարի կառուցուող պատերը»,- նաեւ այսպիսի մտքեր էին տեղ գտնում թուրքական զանգուածային լրատուամիջոցներում:

Հայոց Ցեղասպանութեան 100-րդ Տարելիցը

Հայկական հարցի տեսանկիւնից եւս տարին մեծագոյն նշանակութիւն ունէր ոչ միայն Հայաստանի ու համայն հայութեան, այլ նաեւ Թուրքիայի համար: Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցը չէր կարող անհանգստութիւն չառաջացնել Թուրքիայում, որտեղ փորձում էին ամենատարբեր ձեւերով «պատասխանել» եւ «հակադարձել»: Ուշագրաւ էր յատկապէս պաշտօնական Անգարայի որոշումը` Կալիփոլիի ճակատամարտի 100-րդ տարին նշել ապրիլի 24-ին` Տարտանել հրաւիրելով տարբեր պետութիւնների ղեկավարների: Միեւնոյն ժամանակ Թուրքիայի նախագահ Էրտողանը հանդէս եկաւ ուղերձով, որտեղ թաքնուած կերպով մատուցւում էին Թուրքիայի` Ցեղասպանութեան փաստը ժխտող ժամանակակից թեզերը: Թուրքիան «գրոհում» կամ «հակագրոհում» էր տարբեր ճակատներում, կը լինէին քաղաքական, գիտական, դիւանագիտական, թէ քարոզչական ոլորտները: Կարճ ձեւակերպելով` 2015-ին եւս թուրքական պետութիւնը շարունակում էր Ցեղասպանութեան փաստի ժխտումը:

Թուրքագիտական փորթալ


Viewing all articles
Browse latest Browse all 17097

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>