ՅՈՎՍԷՓ ՀԱՅՐԵՆԻ
Արաբկիրի հայկական գիւղերից մէկում` Մաշկերտում տեղի ունեցած դէպքերի մասին տեղեկութիւններ ենք գտնում Աննա Միրաքեանի յուշագրութեան մէջ: Միրաքեան ազգանունը պէտք է որ կապ ունենայ Տէրսիմում յայտնի հայկական աշիրեթի հետ: Տէրսիմի ներքին շրջաններից դէպի Չարսանճաքի գիւղեր եւ Քըղիի կողմեր ցրուած Միրաքեանների նման որոշ ընտանիքներ եւս, հաւանական է, որ եկած լինեն Արաբկիրի գիւղեր: Աննա Միրաքեանը, ով նոյն գիւղի Գոգիգեան ընտանիքի աղջիկ էր, Հալէպում եղած ժամանակ ծանօթանում է մաշկերտցի Կարապետ Միրաքեանի հետ եւ վերջինիս հետ ամուսնանալով` 1905 թ. վերադառնում է հայրենի գիւղ: Կարապետը եւ նրա եղբայր Պետրոսը Արաբկիր քաղաքում սկսում են դերձակութեամբ զբաղուել: Աննան էլ Արաբկիրի դպրոցներում սկսում է ձեռագործութիւն դասաւանդել, որ սովորել էր Հալէպում: 1912թ. Կարապետը կոչւում է զինուորական ծառայութեան: Հայերին սպասուող վտանգների մասին մի հազարապետի զգուշացումից յետոյ նա մեկնում է Ամերիկա` այնտեղ պայմաններ ստեղծելուց յետոյ կնոջն ու երեխաներին էլ իր մօտ տանելու մտադրութեամբ: Այդ ժամանակ Աննան տեղափոխւում է Մաշկերտ: Ամերիկա մեկնելու պահը դեռ չհասած` նրանք եւս ընկնում են 1915 թ. դժոխքը:
Զօրահաւաքի ժամանակ զօրակոչուած մաշկերտցի տղամարդկանց մի մասը որոշ ժամանակ անց փախչում է: Աննայի տագր Պետրոսը եւս նրանց մէջ է լինում: Քարայրում թաքնուած Քուրքճոնց Ղազարին գտնում են եւ` ծեծելով սպաննում: Տան անկիւնում թաքնուած Մաշկերտի ուսուցիչ Արամին էլ կացնահարում են: Տագրոջը թաքցնելու հիմքով` ժանտարմերիան տանում է նաեւ Աննային: Նրանք պնդում են, որ վերջինս Արաբկիրում կապի մէջ է եղել ֆետայիների հետ, եւ ստիպում են նրան յանձնել զէնքը: Աւելի ուշ Հաճի Մեհմետը իր խմբով գիւղ է գալիս, 10 տարեկանից բարձր բոլոր տղամարդկանց հաւաքում եւ բանտարկում Քոնդաձեանների տանը: Մի քանի օր անց ձեռքերը կապուած վիճակում Առնաւուտհանըի մօտակայք տարուած կալանաւորներին մէկ առ մէկ սպաննում են ու` ջուրը նետում: Ներքեւի գիւղ աշխատելու տարուած կանայք սարսափում են, երբ տեսնում են Եփրատ գետի ափերին բախուող շնչասպառ ու կապտած դիերը: Տեղահանութեան ենթարկուելու ժամանակ Աննան իր երեխաներին թողնում է ծեր կեսրոջ մօտ: Երբ նրանց կարաւանը հասնում է Էհնեցիկի գետափ, աքսորականների մէջ գտնուող մի քանի տղամարդկանց առանձնացնում են, մի կողմ տանում ու սպաննում: Դէպի Հունի գիւղ տարուած կանայք եւ աղջիկները կանգնում են կարաւանին ուղեկցող թուրքերի ամուսնական առաջարկութիւններին դիմակայելու դժուարութեան առջեւ: Ոմանք ընդունում են տներում սպասուհի դառնալու առաջարկը: Աննան էլ Հասան Չաւուշի` Ծապլվար գիւղում գտնուող կնոջ սպասուհին դառնալու նպատակով գնում է նրանց հետ: Որոշ ժամանակ անց Աննան իր երեխաներին գտնելու համար Հասան Չաւուշից օգնութիւն է խնդրում: Նա եւ նրա կինը Աննային հիմնականում լաւ են վերաբերւում: Սակայն Աննան իր երեխաների հետ միանալու հարցում սպասուած աշխուժ աջակցութիւնը չի ստանում նրանցից: Աղաչել-պաղատելուց յետոյ Հասան Չաւուշը մի երեկոյ նրան ձիով ուղեկցում է դէպի Հունի գիւղ, որի մոտով մի ժամանակ անցել էին, եւ յանձնում` իր ծանօթներից մէկին: Հէնց որ այնտեղով մի նոր կարաւան էր անցնում, Աննան սկսում էր իր երեխաներին փնտռել: Երբ գտնում է նրանց, միանում է կարաւանին: Ճանապարհի վրայ մի տեղ` թփերի մէջ, թաքցնում է նրանց` յետոյ յետ գալու եւ նրանց փախցնելու մտադրութեամբ: Սակայն դա նկատում է մի թուրք կին, բղաւում է եւ կարաւանը ղեկավարող գաւառապետին զգուշացնում այդ մասին: Սօսիկցի Մեւլութ անունով գաւառապետը իրեն ուղեկցող աւազակ անչըրթեցի Մեւլութի հետ միասին երեխաներին գտնում է թաքստոցից եւ մտրակելով` ստիպում քայլել: Երբ Աննան նետւում է երեխաների առաջ` նրանց պաշտպանելու, հրացանի կոթի հարուածից գետին է տապալւում: Ուշագնաց է լինում: Այդ վայրում թուրք կանանց վառած պենզինի ծուխը շնչելուց յետոյ ուշքի գալով` իմանում է, որ կարաւանը վաղուց գնացել է, եւ արիւնը գլխին է խփում: Իր երեք երեխաների` Աւետիսի, Յովսէփի, Եղիսաբէթի անունները բղաւելով` սկսում է քարով գլխին հարուածել: Տեղեկանում է, որ Ծապլվարում, ուր իրեն տարել էին, մնացած կանանց էլ են ցանկացել տեղահանել, որի պատճառով Եւան եւ Սառան թոյն են խմել ու մահացել:
Չնայած Հասան Չաւուշի եւ նրա կնոջ` իրենց մօտ մնալու պնդմանը, Աննան որոշում է մէկ անգամ եւս փնտռել իր երեխաներին: Տղամարդու հագուստով ծպտուած` թաքուն Մաշկերտ է գնում: Գիւղապետ Իպոյի եւ նրա կնոջ գթասիրտ վերաբերմունքը տեսնելով` մխիթարւում է: Երբ Հասան Չաւուշն ու նրա կինը Աննային գտնել չեն կարողանում, կռահում են, որ նա կարող է Մաշկերտ գնացած լինել, ուստի վազում են այնտեղ: Խնդրում են նրան նորից իրենց մօտ տեղափոխուել: Աննան իր երեխաներին գտնելու հարցում Հասան Չաւուշի անտարբեր վերաբերմունքը երեսով է տալիս: Նա փորձում է նրանցից ստացած գումարը եւս յետ վերադարձնել, բայց Հասանն ու իր կինը չեն վերցնում այն: Հրաժեշտի պահին Հասան Չաւուշն այնտեղ գտնուողներին զգուշացնում է` ասելով. «Ոչ մէկ չփորձի այս կնոջը վատութիւն անել»: Գիւղապետ Իպոյի թոյլատուութեամբ Մաշկերտում Մարիամ խաթունի մօտ տեղափոխուած Աննան օգնում է խնամել տագրոջ` հրաշքով փրկուած երկու երեխաներին ` Զաւէնին ու Վարդգէսին: Այստեղ նրանց բացայայտած քըրթըքցի Կոյր Շիւքրուն, ձեռքին մի թուղթ առած, նրանց տուն է գնում եւ յայտնում նրանց` այդտեղից հեռանալու անհրաժեշտութեան մասին: Աննան «Եթէ այս հրամանը պետն է տուել, մենք կը գնանք, իրեն կը յանձնուենք» ասելով` մերժում է գնալ նրանց հետ: Վերջիններիս դուրս քշելուց յետոյ փախչում են դէպի Սաղմըկա գիւղի այգիներ: Երբ նրանց հետեւող Կոյր Շիւքրուի մարդկանցից մէկը` Օսմանը, նրանց դիմաց է դուրս գալիս, նրանք սկսում են բղաւել: Աղմուկը լսող շնկախցի Շաքիր աղան եւ նրա տղան նրանց օգնութեան են գնում: Օսմանը տեսնելով, որ նրանք պաշտպան ունեն, ասում է, որ վատ մտադրութիւն չի ունեցել, այլ միայն եկել էր տարհանման հրամանի մասին տեղեկացնելու: Չնայած Օսմանի ասածներին` Շաքիր աղան տէր է կանգնում նրանց եւ տղայի հետ միասին գիւղ ուղարկում:
Աննա Միրաքեանը յատուկ յիշատակում է իր գլխին եկած փորձութիւնների ու դժուարութիւնների պահին իրեն օգնութեան հասած լաւ մարդկանց: Յայտնում է, որ գետի միւս ափին` Չմշկածակի հետ կապուած Ծնկախ եւ Սեղնաք գիւղերի բնակիչները խղճով են եղել, որ նրանց շնորհիւ` շատ մարդիկ են փրկուել: Չմշկածակցի Գագոյի, Մուսթաֆա էֆենտու եւ շնկախցի Մէյշալիմի` որոշ ժամանակ ցուցաբերած օգնութեան շնորհիւ Աննան եւ մի շարք հայ կանայք մէկ անգամ եւս փրկւում են Կոյր Շիւքրիւի ձեռքից: Մէյշալիմի կինը Շիւքրուի եւ նրա մարդկանց դէմ դուրս գալու համար հերթապահում է դռան հետեւում` ձեռնափայտը ձեռքին: Շնկախցի Մեհմետ Շաքիրն էլ, կտուրից կտուր ցատկելով, նրանց ճանապարհը կտրում է: «Մենք մեռե՞լ ենք, ի՞նչ է, որ դուք տան վրայ յարձակում էք գործում» ասելով` թեւերից մէկ-մէկ բռնում ու դուրս է շպրտում նրանց:
Աննան մէկ անգամ էլ է Մաշկերտ վերադառնում ու Մարիամ խաթունի մօտ մնում: Սակայն կրկին հանգիստ չեն թողնում նրան: Յարձակում են գործում, ծեր Մարիամին ճնշում են: Լինում են մարդիկ, ովքեր ցանկանում են իրենց մօտ տանել Աննային. գիւղի մնացած հայերի համար էլ էր տեղափոխութիւն նախապատրաստւում: Գիւղապետ Իպոյի շնորհիւ` եւս մէկ անգամ վտանգը յաղթահարած Աննան, Իպոյի կնոջ խորհրդով, Անչրթի է գնում: Երբ նա այնտեղ է տեղափոխւում ու տեսնում է, որ հին գիւղապետի փոխարէն եկած նոր գիւղապետ ակնցի Մոհամետ էֆենտին լաւ մարդ է, անհանգստութիւնը փարատւում է: Նոր պետը նրանց լսելուց յետոյ գիւղապետին մի նամակ է գրում, ապա բարձր ձայնով կարդում, որպէսզի բոլորը լսեն, այնուհետեւ` յայտարարում, որ մնացած հայերին ոեւէ մէկը ձեռք չտայ:
Նրանք, նամակով հանդերձ, Մաշկերտ են վերադառնում: Գիւղապետը գրել-կարդալ չգիտէր: Տիկին Աննան նամակը հրապարակում մէկ ուրիշին է կարդալ տալիս, գիւղապետն էլ իր հերթին մի քանի լրացումներ է անում: Սակայն մէկ ամիս անց հիւանդացած նոր պետը Ակն է ուղարկւում, որից յետոյ նրա փոխարէն մէկ ուրիշն է գալիս, ու անհանգիստ օրերը յետ են վերադառնում: Կոյր Շիւքրուի ու քիւրտ Հասանի նմանները կրկին աշխուժանում են: Նրանց է միանում նաեւ հարկահաւաք Խէյրին (Հայրի): Նորից յարձակւում են Մարիամ խաթունի տան վրայ, ու «Հալէպցի կինը» բղաւելով` Աննային է պահանջում: Աննան այլեւս չհանդուրժելով Մարիամ խաթունի վրայ գործադրուած ճնշումները` լռելեայն հեռանում է եւ եկեղեցու կողքին գտնուող Սերոբենց լքուած տանը թաքնւում: Մի օր, երբ այնտեղից դուրս է գալիս, պատահաբար հանդիպում է սղնակցի Մեհմետ աղայի հարսին: Նրա հետ անկեղծօրէն կիսւում է: Հետագայում Աննային հանդիպելուց ու նրան լսելուց յետոյ Մեհմետ աղան էլ է տխրում: Հարցնում է, թէ ինչո՞ւ նա չի կարող իրենց մօտ գալ, ապա աւելացնում, որ եթէ եւս մէկ անգամ անհանգստացնեն նրան, իրենց տան դուռը բաց է նրա առջեւ:
Մօտ մէկ տարի Աննան մնում է Մարիամ խաթունի մօտ: Երբ Մարիամ խաթունի երեխաները Չմշկածակից վերադառնում են, ու տունը նեղ է թւում, նա մտածում է տագրոջ երկու երեխաների հետ այնտեղից հեռանալու մասին: Լսում է, որ Արաբկիրում տեղահանութեան չենթարկուած հայեր են մնացել, եւ բախտը փորձելու համար նախ մենակ է այնտեղ գնում: Չարշը թաղամասում մի շարք հայերի է գտնում, որոնց մեծ մասը կին էր: Նրանց օգնութեամբ այնտեղ է տեղափոխւում եւ վերաբացուած Ազգային վարժարանում (ազգային միջնակարգ դպրոց) սկսում է ուսուցչութիւն անել: 1915 թ. մարտին, առաջին աշխատավարձը ստանալուց յետոյ, գիւղում թողած տագրոջ երեխաներին էլ է իր մօտ բերում: Սակայն հետագայ ամիսներին Արաբկիրում էլ թուրքերը սկսում են անհանգստութիւն պատճառել հայերին: Երբ իմանում են, որ Խարբերդում աւելի շատ հայ կայ, եւ որ այնտեղ աւելի ապահով միջավայր կարող է լինել, մի խումբ հայեր տեղափոխւում են Խարբերդ: Աննան էլ տագրոջ երեխաներից մէկի` Վարդգէսի հետ Խարբերդ է գնում: Որոշ ժամանակ անց կրկին վերադառնում է` Արաբկիրում թողած Զաւէնին տանելու: Նրան գտնում է, բայց միանգամից չի վերադառնում Խարբերդ: Նորից ամիսներ է անցկացնում Արաբկիրում ու Մաշկերտում: Կապ է հաստատում Հալէպում գտնուող Միրաք Միրաքեանի հետ եւ որոշ ժամանակ անց Հալէպ գնալու հնարաւորութիւն է ստանում: Այս անգամ էլ Խարբերդում մնացած Վարդգէսն է նրանցից անջատ մնում: 1921 թ. Զաւէնի հետ միասին Աննային յաջողւում է Ամերիկայում գտնուող ամուսնու մօտ գնալ, իսկ ամենավերջում տանում է նաեւ Վարդգէսին: Տեղահանութեան ժամանակ երեք երեխաներին կորցնելուց յետոյ նա տղայ զաւակի տէր է դառնում: Միրաքեան եւ Գոգիգեան ընտանիքները, իրենց 14 նահատակներին սրտերում թաղելով, մխիթարւում են` ողջ մնացած որբերին եւ չքաւոր գաղթականներին օգնելով:
Այս յուշը իր գրքի նախաբանում զետեղած Ներսէս վրդ. Բախտիկեանն ընդգծում է, որ միշտ էլ շատ դաժան է զաւակ կորցնելու ցաւը, բայց մեր չպատկերացրածից էլ շատ աւելի դաժան է ճակատագրերն անյայտ, ինչպէս` սպաննուած լինելն ու գերեզմանն անյայտ զաւակների համար զգացած ցաւը: Նա յայտնում է, որ այդպիսի մայրը, գիշեր-ցերեկ փչող քամիներից լուր սպասելով, հայեացքը հորիզոնին յառած` ամբողջ կեանքում ակնկալում է իմանալ այդ ամէնը, եւ յաւելում. «Ահա Ամերիկայում ապրող Աննա Միրաքեանը այդպիսի մայրերից մէկն է: Ապրիլեան ողբերգութիւնից (1915) 45 տարի անց էլ մեզ խնդրել էր, որ Մեսքենէում, Ռաքքայում, Տէր Զօրում կորած իր երեք զաւակներին փնտռենք»:
«Վերին Եփրատի հայերը. 1915-ը եւ Տէրսիմը», Պելկէ հրատարակչութիւն
Թարգմանեց ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆԸ
«Ակունք»