Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17374

Ազրպէյճանի «Սեւ Ցուցակը» Իրականում Խթանում Է Այցելուների Հոսքն Արցախ

$
0
0

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան

Իրօք, բանը հէնց այդպէս է: Պաքւում ինչքան էլ փորձում են տարաբնոյթ միջոցներով արգելափակել մարդկանց երթն Արցախ, նոյնքան, դեռ շատ ու շատ աւելի, ահագնանում է արտերկրից զբօսաշրջիկների, քաղաքական գործիչների, մշակոյթի եւ այլ ոլորտների յայտնի դէմքերի հոսքը մեր հանրապետութիւն: Համաձայն պաշտօնական տուեալների, միայն այս տարուայ առաջին կիսամեակում Արցախ է այցելել շուրջ 6 հազար զբօսաշրջիկ, նախորդ տարուայ համեմատ կրկնակի անգամ, իսկ 2015-ի համեմատ` մէկ երրորդով աւելի: Այո՛, 2016-ը այցելութիւնների առումով համեմատաբար սակաւամարդ էր, ինչը հիմնականում պայմանաւորուած էր ապրիլեան կարճատեւ պատերազմի հնարաւոր հետեւանքներով: Թէկուզ Պաքուի սանձազերծած լայնածաւալ պատերազմն անգամ ի զօրու չեղաւ զսպելու մարդկանց մղումը` մօտիկից տեսնելու ու ճանաչելու Արցախը եւ նրա ժողովրդի ստեղծարար առօրեան, վայելելու երկրի չքնաղ բնութեան անձեռակերտ հրաշալիքներն ու պատմամշակութային հինաւուրց յուշարձանների անկրկնելի գեղեցկութիւնը:

Անգամ արգելակ չհանդիսացաւ ռուսաստանցի պլոկըր Ալեքսանտր Լափշինի նկատմամբ վերջերս Պաքւում իրականացուած դատաստանը: Յիշեցման կարգով նորից նշեմ, որ  քառասնամեայ հրեայ պլոկըրը, որը եռաքաղաքացի է` Ռուսաստանի, Ուքրանիայի եւ Իսրայէլի, իր իսկ հաւաստմամբ, եղել է աշխարհի 122 երկրում եւ իր ճամբորդութիւնները նկարագրել «Jivoy joornal», թարգմանաբար` «Կենդանի հանդէս» ռուսական համացանցային կայքում: Երկու անգամ այցելել է Արցախ, որից յետոյ դարձեալ երկու անգամ ժամանել է Պաքու` օգտագործելով Ուքրանիայի քաղաքացու իր անձնագիրը: Չնայած Մինսքից Պաքու նրա խայտառակ ձերբակալութեանը եւ արտայանձնմանը, որ պիելառուսական իշխանութիւններն իրականացրին, համապատասխանաբար, անցեալ տարուայ դեկտեմբերի 15-ին եւ  այս տարուայ փետրուարի 7-ին, Լափշինի անունն Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարութեան կազմած «սեւ ցուցակում» դեռեւս 21-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Եւ ահա բոլորովին վերջերս, որոշակիօրէն` յուլիսի 20-ին, Պաքուի ծանր յանցագործութիւնների դատարանը, այսպէս ասած,  «կրկնահանցագործ սահմանախախտին»`  Ալեքսանտր Լափշինին, դատապարտել է 3 տարուայ ազատազրկման: Ներկայումս բանակցային քննարկման փուլում է գտնւում նրան իր իսկ դիմումի համաձայն Իսրայէլին արտայանձելու հարցը: Չնայած` նա դատական նիստում հրաժարուել էր ճանաչել իր դէմ յարուցուած մեղադրանքները, այնուամենայնիւ,  Լափշինի խնդրում Պաքուի «օգուտը» պլոկըրին պարտադրուած  զուտ ձեւական բնոյթ կրող նրա յայտարարութիւնն էր առ այն, թէ իբր ինքն Արցախը տեսնում է Ազրպէյճանի կազմում: Ահա այն միակ, այսպէս կոչուած, «քարոզչական շահաթուղթը», որ Պաքուն ստացել է` ճաղերի ետեւ նետելով Ալեքսանտր Լափշինին: Ոչ աւելին: Առաւել եւս, որ քարոզչական ուղղուածութեան այդ դատական ֆարսը բացարձակապէս ոչ մի ներգործութիւն չի ունեցել օտարերկրացիների արցախեան ուղեւորութիւնների վրայ, եթէ չասենք` է՛լ աւելի է նպաստել դրանց քանակական աճին: Ընդ որում` նպաստել է ոչ միայն զուտ զբօսաշրջային հետաքրքրութեան առումով, այլեւ` Ազրպէյճանի կողմից մարդու ազատ երթեւեկութեան համընդունելի կանոնների կոպիտ խախտումների դէմ բողոքի հետզհետէ աւելի ու աւելի ալիքուող  արարքի տեսքով:

Արդեօք Պաքւում տեսնում, հասկանու՞մ են այդ ամէնը: Երեւի թէ` ոչ: Աւելի ճիշդ` տեսնելը  տեսնում են, բայց ահա հասկանալը` ոչ: Այլապէս այնտեղ չեն շարունակի  հարազատ մնալ այդ հիւանդագին, Արցախի բարբառով ասած` համը հանած քաղաքականութեանը: Եւ ինչքան էլ միջազգային հանրութիւնը փորձում է բացատրել Իլհամ Ալիեւին` պարզաբանելով, թէ այդ տխրահռչակ ցուցակով նա խայտառակում է ինքն իրեն, այն աւելի շատ վնասում, քան օգուտ է տալիս Ազրպէյճանի ունեցած-չունեցած միջազգային վարկանիշին, սակայն` ապարդիւն: Նա դարձեալ, իր խաշնարած նախնիներից ժառանգած սովորութեամբ, իր էշն է քշում` ամենեւին չմտածելով, որ ցուցակում ընդգրկուած յայտնի մտաւորականները, մշակութային գործիչները, ճանապարհորդները, արուեստագէտները շատ յաճախ որեւէ կապ չունեն քաղաքականութեան ու քաղաքական անցուդարձի հետ: Հասկացնում են անգամ, որ այդ ցուցակն ակամայ նպաստում է Արցախ-Ղարաբաղ անուան տարածմանը միջազգային հարթակում` սկսած ընկերային ցանցերից աւարտած` լրատուական կայքերով: Իսկ Արցախի մասին լուրերի տարածումը, յատկապէս այն պարունակում, որ այստեղ են ժամանել համաշխարհային ճանաչում ունեցող անձինք, այս կամ այն չափով կը նպաստի Արցախի մասին հետաքրքրութեան, ըստ այդմ էլ` զբօսաշրջութեան զարգացմանը: Եւ վերջապէս, դժուար թէ ցուցակում տեղ զբաղեցրած ճանաչուած մարդիկ այսքանից յետոյ լաւ տեսակէտ ունենան Ազրպէյճանի մասին: բայց ո՞ւմ ի՛նչ ասես: Ասողին լսող էլ է պէտք: Այո՛, միանգամայն իրաւացի է ժողովրդական իմաստութիւնը` խելօքին մէկ, յիմարին հազար ու մէկ ասա:

Եւ ահա նոյն այդ ախտաբարոյ տրամաբանութեամբ Պաքուն օրէցօր, ամսէամիս համալրում է իր «սեւ ցուցակը»: Զուտ տեղեկանքի համար նշեմ, որ միայն վերջին ամիսներին այն լրացուել է եւս 110 անունով, ովքեր Արցախում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների հանրաքուէի դիտորդներն ու պլոկըրների խորհրդաժողովի մասնակիցներն են եւ Ստեփանակերտ են ժամանել աշխարհի շուրջ 30 երկրից: Ընդհանուր առմամբ, անցանկալի անձանց` 50 էջանոց այդ «փաստաթուղթը», որ թարմացուել է  այս տարուայ մայիսին, ներկայումս ներառում է Արցախ այցելած շուրջ 700 մարդու, այդ թւում` 180 լրագրողի անուն: Ըստ պետութիւնների բաշխուածութեան, Ազրպէյճանում անի «սեւ ցուցակում» ամենաշատը ներառուած են Ռուսաստանի Դաշնութեան քաղաքացիներ` 162 անձ, այնուհետեւ Գերմանիայի` 61, Իտալիայի` 47, Միացեալ Նահանգների` 44, Ֆրանսայի` 40 քաղաքացիներ եւ այլն, եւ այլն:

Ազրպէյճանի «սեւ ցուցակն» աւելի շատ սկսում է ֆարս յիշեցնել: Այդպէս  բնորոշել է  հրապարակախօս, Ռուսաստանի Միջազգային իրաւունքի միութեան անդամ Տենիս Տվոռնիքովը  «Նովոսթի-Արմենիա» գործակալութեանը տուած հարցազրոյցում: Նրա խօսքով. «Սեւ ցուցակ» կազմելիս երկակի չափանիշները եւ ընտրողականութիւնը հաստատում են այդ նախաձեռնութեան ոչ յաջողակ լինելը: Ազրպէյճանցի դիւանագէտները սկսել են հասկանալ, որ այն չի աշխատում: Իսկ Ինթերփոլով Արցախի եւրոպացի հիւրերին պատասխանատուութեան ենթարկելու անյաջող փորձերից յետոյ դրա գոյութիւնը ֆարս է յիշեցնում»:

Այնուամենայնիւ, ուշագրաւ է անցած տարիներին Արցախ այցելած որոշ մարդկանց բացակայութիւնը ցուցակում: Մասնաւորապէս` ցուցակի մէջ չի ներառուել Ռուսաստանի փոխվարչապետ, այդ տէրութեան կառավարութիւնում ռազմաարդիւնաբերական համալիրին առնչուող հարցերում պատասխանատու Տմիթրի Ռոկոզինի անունը, ում համար, կարելի է ասել, ջրի ճամբայ է դարձած Մոսկուա-Պաքու օդային ուղին: Ձեռնտու չէ երեւի նրան` Ռուսաստանից Ազրպէյճան սպառազինութիւնների մատակարարման գործընթացում յոյժ կարեւոր դերակատարին,  յիշեցնել, որ 1997-ի սեպտեմբերին,  որպէս ռուսաստանեան միջազգային դիտորդ, ներկայ էր Արցախի արտահերթ նախագահական ընտրութիւններին: Նոյնը կարելի է ասել յայտնի լրագրող եւ հրապարակախօս Վլատիմիր Սոլովեովի մասին, ում վերջերս Պաքւում պատուով ընդունեց նախագահ Ալիեւը` մի բերան անգամ չյիշեցնելով նրա Արցախ կատարած, այսպէս ասած, «ապօրինի» այցի մասին: Ինչպէ՞ս կարելի է, իսկ եթէ յետոյ իր իսկ` Իլհամ Ալիեւի, բմբուլները քամու՞ն տայ եթերում:

Տենիս Տվոռնիքովը տարակուսանքով է նշում, որ  ցուցակում նշում չկայ ռուսական «Այսօր գիշեր» համոյթի երաժիշտների մասին, ովքեր 2016 թուականի օգոստոսին արցախցի երիտասարդութեան համար անվճար համերգ են տուել: «Ազրպէյճանական կողմը, անշուշտ, շատ լաւ տեղեակ էր համերգի մասին, քանի որ յայտնի ռուսական խմբի ժամանման մասին լուրը հրապարակուել էր նաեւ ազրպէյճանական  զանգուածային լրատուամիջոցներում: Ըստ երեւոյթին, Պաքւում պատկերացնում էին, որ յայտնի ռուսական խմբի` Արցախ այցելելու արգելքը պումերանկի պէս կը հարուածի Ազրպէյճանին: Ուստի եւ ձեւացնում են, թէ չեն նկատել ե՛ւ համերգը, ե՛ւ այն երաժիշտներին, ովքեր հաճոյքով լուսանկարւում ու արցախեան բնապատկերներով լուսանկարներ էին հրապարակում ընկերային ցանցերում», եզրակացնում է ռուս քաղաքագէտը:

Եւ յետոյ, Ազրպէյճանի «սեւ ցուցակում» բացակայում են 2012-ի յունիսին Արցախ այցելած 44 հրեայ կանանց անունները: Ինչպէս յայտնի է, այդ հրէուհիները, ժամանելով Երեւան` այցելել են Ծիծեռնակաբերդ, յարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանութեան նահատակների յիշատակին եւ ապա` ճանաչողական այց կատարել Արցախ: Չնայած` այդ վերջին հանգամանքը բուռն քննարկման թեմա էր դարձել ազրպէյճանական մամուլում, բայց դժուար չէ կռահել, որ Պաքուին ձեռնտու չէր խնդիրներ ստեղծել Իսրայէլի հետ յարաբերութիւններում, եւ հարցը փակուեց ինքնին:  Ցուցակում չկան նաեւ աւստրալիայի Մելպուռն քաղաքի բնակիչ այն 4 ճանապարհորդները, որոնք Արցախ էին եկել 2013-ի յունուարին: Հաւանաբար` այն պատճառով, որ Արցախի մասին նրանց գրած հակահայկական երանգաւորման որոշ մտքեր կիրառուել էին ազրպէյճանական քարոզչամեքենայի կողմից:

Կարելի է, ի հարկէ,  թուարկումները շարունակել: Բայց բաւարարուենք այսքանով: Պարզապէս ստացւում է այնպէս, որ, արցախցի քաղաքագէտ Դաւիթ Բաբայեանի արտայայտութեամբ ասած,  Ազրպէյճանի «սեւ  ցուցակը» դարձել է պատուոյ ցուցակ եւ այն անձինք, ովքեր ընդգրկուած են այդ ցուցակում, բարձր մարդկային որակներ ունեն` լինելով մարդու իրաւունքների ջատագովներ:

Միթէ՞ մարդկային այդ բարձր որակի եւս մէկ հերթական արտայայտութիւն չէ, որ հէնց վերջերս Ազրպէյճանի այդ «պատուոյ ցուցակի» մշտական բնակիչների կարգավիճակ են ստացել  Եւրոխորհրդարանում Լիւքսեմպուրկը ներկայացնող պատգամաւոր Ֆրանք Էնկելը, ով ղեկավարում է «Եւրոխորհրդարան-Արցախ» բարեկամական խումբը, եւ նոյն խմբի անդամ չեխ լրագրող, պատգամաւոր Եարոմիր Շթեթինայը, ով զգալի աւանդ է ներդրել Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործում եւ նոյնպէս յայտնի է  ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան արդարացի կարգաւորման խնդրում իր որդեգրած անաչառ  սկզբունքային դիրքորոշմամբ:  Ինչպէս յայտնի է, Ֆրանք Էնկելն Արցախ էր ժամանել Եւրոխորհրդարանի պատգամաւոր իր երեք գործընկերների, այդ թւում` Եարոմիր Շթեթինայի  հետ միասին` որպէս դիտորդներ հետեւելու փետրուարի 20-ի սահմանադրական հանրաքուէի ընթացքին: Ֆրանք Էնկելն ու Եարոմիր Շթեթինայն Արցախ են ժամանել նաեւ ապրիլին` հանդիպումներ ու զրոյցներ  ունենալով Արցախի նախագահի, խորհրդարանի նախագահի եւ այլ պաշտօնատար անձանց հետ: Առհասարակ, Եւրոխորհրդարանի երկու պատգամաւորներն էլ, ովքեր հայ ժողովրդի անկեղծ բարեկամներն են, առաջին անգամը չէ, որ հիւրընկալւում են Արցախում եւ իւրաքանչիւր այցից յետոյ եւրոպական միջազգային կառոյցներում պատշաճ ներկայացնում են  մեր ժողովրդին յուզող խնդիրներն ու հոգսերը, ջանքեր գործադրում` ուղղուած Եւրոպական խորհրդարանի հետ Արցախի փոխյարաբերութիւնների կայացմանը, խորհրդարանական դիւանագիտութեան զարգացմանը,  երկկողմ կապերի հետագայ ամրապնդմանն ու խորացմանը:

Ի հաստատումն ասուածի, ահաւասիկ, մի քանի քաղուածքներ` Եւրոխորհրդարանի պատգամաւոր մեր բարեկամների մտքերից, որ նրանք արտայայտել են Եւրոպայում, թէ այստեղ` Արցախում:  «Չաջակցել Հայաստանին եւ Ղարաբաղին իրենց պայքարում` կը նշանակէր պաշտպանել դաժան խորհրդային ազգային քաղաքականութիւնը: Պոլշեւիկեան Խորհրդային  Միութիւնն էր, որ արհեստականօրէն 1920թ. Լեռնային Ղարաբաղը փոխանցեց Ազրպէյճանին` հետեւելով «Բաժանի՛ր, որ տիրես» սկզբունքին,  Լեռնային Ղարաբաղի հարցով Եւրոպական խորհրդարանում յատուկ քննարկման ժամանակ ասել է չեխ պատգամաւորը` պարզաբանելով Հայաստանին եւ Արցախին  յստակօրէն աջակցելու իր դիրքորոշման պատճառները: Շթեթինայը նշել է, որ այդ հակամարտութիւնում աջակցութիւն չցուցաբերել Լեռնային Ղարաբաղին` կը նշանակի  համաձայնել Կովկասում խորհրդային ազգային քաղաքականութեան իրականացմանը, «այսինքն`  աջակցել Ստալինի վարած քաղաքականութեանը»:

«Կեանքում կան կայացած փաստեր, որոնք պարզապէս պէտք է ընդունել, եւ որոնց հետ պէտք է հաշուի նստել: ԼՂՀ-ն այսպիսի փաստ է», ասել է Ֆրանք Էնկելը` շեշտելով, թէ Ազրպէյճանը պէտք է ընդունի, որ պարտուել է պատերազմում, քանի որ միայն այդպիսով կարող է տարածաշրջանում խաղաղութիւն հաստատուել: Նրա խօսքով, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգութիւնն ապահովելու համար անհրաժեշտ է ճանաչել Արցախի անկախութիւնը: Ֆրանք Էնկելի համոզմամբ, «Միջազգային հանրութիւնը պարտաւոր է պաշտպանել Արցախի ժողովրդին: Ազրպէյճանի միակ նպատակն է ոչնչացնել ԼՂՀ-ն եւ այն ամէնը, ինչ այստեղ կայ: Այլեւս ոչ ոք որեւէ կասկած պէտք չէ ունենայ Ազրպէյճանի յարձակողապաշտութեան  հարցում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ճանաչումը ղարաբաղեան հակամարտութեան միակ խելամիտ լուծումն է: Եթէ լինէր մէկ այլ լուծում, այն արդէն գտնուած կը լինէր 25 տարուայ բանակցութիւնների ընթացքում: ինչ վերաբերում է տարածքներին, ապա կայ մի պարզ տրամաբանութիւն. եթէ պարտւում ես պատերազմում, ապա տարածքները նոյնպէս կորցնում ես: Որքան յիշում եմ` 1990-ականներին հէնց Ազրպէյճանն էր, որ պատերազմ սկսեց, եւ նրանք պարտուեցին», շեշտել է լիւքսեմպուրկցի պատգամաւորը:

Ինչ խօսք, Եւրոխորհրդարանի պատգամաւորների յայտարարութիւնները գուցէ առաւել, քան նրանց այցերն էին Արցախ, բառիս բուն իմաստով հունից հանել են Ազրպէյճանի իշխանական վերնախաւին: Եւ սպասելի էր, որ Պաքուն փորձեց միջազգային հետախուզում յայտարարել նրանց նկատմամբ, Լափշինի պէս ձերբակալելու, դատելու, իսկ վերջում` դատապարտեալների «մեղայականով» այլ երկրներ արտայանձնելու հեռանկարով: Բայց ազրպէյճանական խոփն այս անգամ քարի դէմ առաւ ու կոտրուեց: Միջազգային Ինթերփոլը, ում այդ խնդրանք-պահանջով դիմել էր Պաքուն, կտրականապէս մերժեց ներկայացուած հայցը:  Այսպիսով իսկ Ինթերփոլը փաստօրէն ապտակել է Ազրպէյճանին` մերժելով հետախուզում յայտարարել Արցախ այցելած եւրոպատգամաւորների նկատմամբ:

Խօսքս աւարտեմ հայկական առածով: Ասում են`  «Գայլի գլխին աւետարան կարդացին, շո՛ւտ արէք, ասաց, ոչխարը գնաց»: Իսկն Ազրպէյճանի մասին է ասուած: Այո՛, արտաքին գործերի նախարար Էլմար Մամետեարովի գրասենեակում պարտաճանաչ դպիրները գիշեր ու զօր նոր անուններ են գրում «սեւ ցուցակում»: Ինչո՞ւ զօր ու գիշեր` կարող էք հարցնել: Պատասխանեմ. որովհետեւ արտասահմանեան երկրներից Արցախ այցելողների հոսքն է գիշեր ու զօր: Նորից դիմեմ Դաւիթ Բաբայեանի խօսքին. «Մնում է միայն Աստծոյ անունը մտցնեն այդ պատուոյ ցուցակի մէջ, որպէսզի այն վերջնականապէս փակուի»: Իրօ՛ք, դիպուկ է ասել:

ԱՐՑԱԽ
Յատուկ «Ազդակ»-ի համար

 


Viewing all articles
Browse latest Browse all 17374

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>