Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17368

Շուշիի Ազատագրումն Իմաստաւորեց ԼՂՀ Հռչակումը

$
0
0

ՏԱԹԵՒԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆ
«Ապառաժ»

Վերջերս լոյս է տեսել պատմական գիտութիւնների դոկտոր-փրոֆեսէօր Վահրամ Բալայեանի «Շուշի. տեղն ու դերը հայոց քաղաքակրթական համակարգում» մենագրութիւնը, որը նուիրուած է Շուշիի ազատագրման 25-ամեակին: Գրքի լոյսընծայման շարժառիթների եւ, ընդհանրապէս, հայկական իրականութեան մէջ քաղաքի դերակատարութեան մասին «Ապառաժ»-ը զրուցել է հեղինակի հետ:

ՀԱՐՑՈՒՄ.- Պարո՛ն Բալայեան, ինչո՞ւ Շուշի: Ի՞նչ նշանակութիւն ունի այն հայոց պատմութեան մէջ:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Շատ քիչ բնակավայրեր գոյութիւն ունեն, որոնք դրանք  իսկ ստեղծած ժողովրդի պատմութեան, ճակատագրի մէջ այնպիսի վճռորոշ, երբեմն հակասական դերակատարութիւն ունեցած լինեն, ինչպէս Շուշին: Ուսումնասիրութիւնները ցոյց են տալիս, որ առաջին հազարամեակում արդէն Շուշիի բարձրաւանդակի վրայ գոյութիւն ունէին մի քանի ամրութիւններ: Սկզբնական շրջանում դէպի Հայկական Լեռնաշխարհի սիրտը տանող կայաններում հայ թագաւորները կառուցել են բերդեր, որոնք հնարաւորութիւն չեն տուել, որպէսզի թշնամին խորանայ Հայկական Լեռնաշխարհի մէջ, մանաւանդ` շարժուի դէպի Այրարատ, որովհետեւ Արարատ սրբազան լերան շրջակայքում էին գտնւում հայկական մայրաքաղաքները: Շուշին, որպէս պաշտպանական ամրոց, միայնակ չի եղել: Հէնց Շուշիի կիրճի վրայ գոյութիւն են ունեցել մի քանի ամրութիւններ, որոնց հետքերն առայսօր պահպանւում են: Դրանք ժամանակին եղել են ամրացուած վայրեր, որոնք թոյլ չեն տուել, որպէսզի հակառակորդը խորանայ հայոց երկրի սրտում: Շուշիի` որպէս հայոց պաշտպանիչ համակարգի հիմնական օղակի կարեւորութիւնը քաջ գիտակցել են ոչ միայն մեր իշխաններն ու զօրապետերը, այլեւ` մեր հակառակորդներն ու թշնամիները: Այսինքն` ոչնչացնել Շուշին, նուաճել այն, նշանակում է` հայ մարդուն, հայ բնակչին եւ, ընդհանրապէս, հայոց երկիրը դնել խոցելի կացութեան մէջ:

Պատահական չէ, որ 18-րդ դարի կէսերին թուրք ցեղապետներից մէկը` Փանահը, նպատակադրուած եղել տիրանալ այս բերդին: Ցաւօք սրտի, հայ մելիքների մէջ տեղի ունեցած գզվռտոցների, հակամարտութեան պատճառով թուրքերը կարողացան այդ ամէնն օգտագործել եւ ամրանալ Շուշիում: Շուշին 55 տարի գործում էր ընդդէմ հայութեան: Փանահը, հիմնաւորուելով այստեղ, սկսեց պայքարել Արցախի միւս մելիքների եւ, ընդհանրապէս, արցախահայութեան դէմ` նպատակ ունենալով այս ամուր բերդն օգտագործել հայկական կուռ միասնութիւնը ոչնչացնելու համար:

18-րդ դարի ողջ երկրորդ կէսին Շուշին հայութեան համար պատուհաս էր դարձել, սակայն եկան նոր ժամանակներ. նկատի ունեմ 1805թ. Քիւրաքչայի պայմանագիրը, այնուհետեւ 1813թ. Գիւլիստանի պայմանագիրը, որոնք հնարաւորութիւն տուեցին, որպէսզի Շուշին նորից դառնայ հայկական: Ստեղծուած խաղաղ իրավիճակը նպաստեց, որպէսզի Շուշին դառնայ հայահաւաք կենտրոն: Այստեղ սկսեցին հաւաքուել ոչ միայն Արցախի տարբեր հատուածների բնակիչներ, այլեւ Նախիջեւանից, Պարսկաստանից եւ հայկական մի շարք բնակավայրերից եւս այստեղ տեղափոխուեցին մեծ քանակութեամբ հայեր: Այստեղ տեղափոխուած հայերն իրենց հետ բերեցին գործարար ջիղը: Այս ունակութիւնը խառնուեց արցախցուն ծինականօրէն տրուած ռազմիկ լինելու, գիտնական լինելու, քաղաքական գործիչ լինելու ունակութիւններին, եւ ստեղծուեց արցախցու ամբողջական կերպարը:

Հ.- Որո՞նք են Շուշիին անդրադառնալու շարժառիթները եւ ինչո՞վ է այն կարեւորւում` ըստ ձեզ:

Պ.- «Շուշի. տեղն ու դերը հայոց քաղաքակրթական համակարգում» մենագրութեան ստեղծումն ունէր ոչ միայն գիտական հիմնաւորում, այլեւ` քաղաքական մեծ նշանակութիւն: Ազրպէյճանի քաղաքական, գիտական շրջանակները տարիներ շարունակ փորձել են ոչ միայն հայութեան հողը, տարածքները խլել, այլ նաեւ հայ մարդու ստեղծած արժէքները, մեր բնակավայրերը համարել իրենցը, առաւել եւս` Շուշին, որովհետեւ այս քաղաքն Անդրկովկասի 19-րդ դարի ամենախոշոր բնակավայրերից մէկն է եղել իր կշռով, բնակչութեամբ: 19-րդ դարի երկրորդ կէսին Պաքուից, Թիֆլիսից յետոյ այն երկրորդ քաղաքն էր իր մեծութեամբ: Նրանք փորձել են նաեւ սեփականացնել Շուշիի պատմութիւնը: Դրանից ելնելով` ես նպատակ դրեցի, որպէսզի ուսումնասիրեմ, թէ Շուշին ընդհանրապէս իրենից ի՞նչ է ներկայացրել, ի՞նչ է տուել հայութեանը: Մանաւանդ` պատասխանել ազրպէյճանցիների այն տեսակէտին, թէ Շուշին իբր թէ ստեղծուել է Փանահ խանի կողմից, 19-րդ դարի երկրորդ կէսին, հիմնական նպատակ հետապնդելով ցոյց տալ, որ այս ամրոց-բնակավայրը հազարամեակների պատմութիւն ունի: Կարծում եմ, որ դա ինչ-որ չափով ինձ յաջողուեց: Հայկական, ռուսական, արաբական մատենագիրների, թուրքական աղբիւրների, 19-րդ դարի մամուլի, արխիւում պահպանուած նիւթերի, ինչպէս նաեւ ՀՀ-ում, ՌԴ-ում, Վրաստանի պատմութեան արխիւում պահպանուած նիւթերի հիման վրայ ներկայացրել եմ այս բերդաքաղաքի ամբողջական պատմութիւնը` առաւել ուշադրութիւն դարձնելով նաեւ առաջին հազարամեակից մինչեւ 1850-ական թթ. Շուշիի պատմութեան վրայ:

Այնուհետեւ, նպատակ ունէի ցոյց տալ, թէ Շուշին ի՞նչ տուեց հայութեանն ու հայ մարդուն: Առաջին հերթին` յաջողուեց ցոյց տալ, որ ողջ 19-րդ դարում եւ 20-րդ դարի սկզբներին Շուշին դարձաւ հայ գործարար խաւի ամենակարեւոր միջավայրերից մէկը, որտեղից տնտեսական նոր համակարգերին յատուկ մտածելակերպը նրանք տարածեցին նաեւ Անդրկովկասում եւ յարակից երկրներում: Հայ գործարար խաւի մի մասը, որ կրթութիւն, դաստիարակութիւն էր ստացել այստեղ, տեղափոխուեց եւ լայն գործունէութիւն ծաւալեց Պաքւում, Թիֆլիսում, Մոսկուայում, ընդհուպ` մինչեւ Հնդկաստան: Այս տնտեսական մեծ ներուժը հնարաւորութիւն տուեց, որպէսզի քաղաքը բարգաւաճի, զարգանայ ու ստեղծուի քաղաքացիական մի հասարակութիւն, որտեղ հայ մարդը սկսեց զբաղուել նաեւ բարերարութեամբ. ստեղծուեցին բարեգործական հաստատութիւններ, հայ բարեգործները մեծ ներդրում ունեցան քաղաքի մշակութային, կրթական կեանքի հունաւորման, զարգացման վրայ:

Մի հետաքրքիր բացայայտում եւս: Հայ մարդու այս տնտեսական բարեկեցութիւնը նաեւ հնարաւորութիւն տուեց, որպէսզի Շուշիում ապրող միւս ազգային փոքրամասնութիւնները` թաթարները, թուրքերը, որոշակիօրէն զարգացում ապրեն: Գաղտնիք չէ, որ թուրքերը խարխափում էին տգիտութեան մէջ:

Հայ մարդը ոչ միայն իր համար դպրոց, թատրոն բացեց, այլ միաժամանակ նպաստեց, որ թուրքերն էլ ներգրաւուեն մշակութային այդ եռուզեռի մէջ:

Շուշին դարձաւ նաեւ հայկական մշակոյթի խոշոր օճախներից մէկը, որտեղ սկսեց զարգանալ հայկական մշակոյթը: Մշակութային նորարարութիւնը տարածուեց նաեւ հայկական միւս բնակավայրերում եւ հեռու գաղթօճախներում: Եւ պատահական չէ, որ հայ մեծանուն գործիչներն այստեղ են հաւաքուել (Ղազարոս Աղայեան, Պերճ Պռօշեան, Լեւոն Սարգսեան, Սեդրակ Մանդինեան, ծնունդով շուշեցի` Լէօ) ու իրենց գլուխգործոցների մի մասն ստեղծել այստեղ: Մարդիկ, որոնք մեծ դերակատարութիւն են ունեցել ընդհանրապէս հայ մարդու հոգեկերտուածքն անխաթար պահելու, հայկական մշակոյթը, գիտութիւնը զարգացնելու տեսանկիւնից:

Բացայայտումներից մէկն էլ նրա մէջ է կայանում, որն աշխատանքի մէջ ցոյց տրուեց, որ Շուշին դարձել էր նաեւ ազատութեան գաղափարակիր: Առաջին անգամ շուշեցի գործիչները, Շուշիում կրթութիւն ստացած գործիչները հայ իրականութեան մէջ տարածեցին այն գաղափարը, որ հայ մարդն իրաւունք ունի պայքարելու իր ազատութեան, իր անկախութեան համար, եւ այս գաղափարի հիմքերի վրայ էլ հետագայում նրանք առաջ քաշեցին պետութիւն ունենալու գաղափարը: Այսօրուայ համար դա կարող է սովորական բացայայտում լինել, բայց սա կարեւոր է, որովհետեւ միջնադարեան խաւարի մէջ խարխափող, պետականութիւնից զրկուած, ստրկամտութեան մէջ պարուրուած հայ մարդու համար կարեւոր է ցոյց տալ, որ նախանցեալ ժամանակներում ունեցել են պետականութիւն, եւ այն կարելի է վերականգնել: Պատահական չէ, որ այս գաղափարները ոչ միայն տարածուեցին Արեւելեան Հայաստանում, այլ նաեւ` Արեւմտեան Հայաստանում: Ըստ Ռուբէնի, եթէ Արեւմտեան Հայաստանի ազատագրական շարժման արմատները արեւմտահայ ծագում ունեցող ֆիտայիներն էին, ապա նրա հիւթեղ պատուաստները զարմանալիօրէն արցախցի էին, մանաւանդ` Շուշիից եկած (Արամ Մանուկեան, Վանայ Իշխան):

Այստեղ սկսուեց նաեւ, այսպէս կոչուած, սահմանադրական շարժում: 19-րդ դարի 40-50-ական թթ. Ռուսաստանն ապրում էր ճորտատիրական ժամանակահատուածում, եւ պատահական չէ, որ ամբողջ 19-րդ դարում ցարական իշխանութիւնները պայքարում էին Շուշիում ձեւաւորուած ազատամիտ գաղափարների դէմ: 20-րդ դարում մի նոր իրավիճակ ստեղծուեց, եւ այստեղ Շուշին նորից առաջնակարգ դիրքում էր: 19-րդ դարից եկող այդ գաղափարների շարունակութիւնը կարծես թէ իր արտացոլումը ստացաւ 1918-20թթ., երբ շուշեցի գործիչները, դեռեւս մինչեւ Անդրկովկասում 3 հանրապետութիւնների ձեւաւորուելը, 1917թ.` մանաւանդ ՀՅԴ Ապառաժի կառոյցի շնորհիւ, որն իր շուրջը համախմբեց միւս կուսակցութիւններին, ձեւաւորեցին պետականութիւն: Սա անչափ կարեւոր է ոչ միայն գիտական տեսանկիւնից, այլ նաեւ` քաղաքական, որովհետեւ ազրպէյճանցիները եւ նրանց սատարող ուժերը խօսում են Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան մասին, որը ոչ մի պատմական հիմք չունի:

Ցաւօք սրտի, խորհրդային ժամանակահատուածում Շուշին գործում էր ընդդէմ հայութեան, որովհետեւ գտնւում էր Ազրպէյճանի գերիշխանութեան տակ: 1920թ. ջարդերից յետոյ հայ մարդը լքեց այս բնակավայրը, եւ այն բաժին հասաւ թուրքին: Արցախեան շարժման սկզբնափուլում այն մեզ համար դարձել էր մահաբեր զէնք` անընդհատ կրակի տակ պահելով Ստեփանակերտն ու յարակից հայկական բնակավայրերը: Փա՛ռք Աստծոյ, յաջողուեց 1992թ. մայիսի 9-ին ազատագրել Շուշին, եւ սկսուեց Շուշիի զարգացման, իմ գնահատմամբ, 6-րդ պատմափուլը, որն արդէն գործելու է ի նպաստ հայութեան: Նորից վերականգնուելու են այն աւանդոյթները, որ դարեր շարունակ հայ մարդն ստեղծել է այս բերդաքաղաքում:

Հ.- Պարո՛ն Բալայեան, ինչպէ՞ս կը գնահատէիք Շուշիի ազատագրումը: Այն ի՞նչ նշանակութիւն ունեցաւ արցախեան պայքարում:

Պ.- Շուշիի ազատագրումը մեր վերջին հազարամեայ պատմութեան ամենակարեւոր իրադարձութիւններից մէկն է, եթէ ոչ` ամենանշանաւորը, որովհետեւ այդ ժամանակից սկսած ոչ միայն հայ մարդու կեանքը փոխուեց, միաժամանակ նաեւ պատմական արդարութիւնը վերականգնուեց, հայկական պետականութեան ձեւաւորման եւ հզօրացման սկիզբը դարձաւ: Շուշիի ազատագրումը հնարաւորութիւն տուեց իրականացնել բազում սերունդների երազանքը` ունենալ անկախ պետականութիւն: Չնայած` մինչ այդ հռչակուել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը, Շուշիի ազատագրումը դրան իմաստ փոխանցեց: Դա ոչ միայն հնարաւորութիւն տուեց, որպէսզի բացուի կեանքի ճանապարհը դէպի Հայաստանի Հանրապետութիւն, այլ միաժամանակ մեր ռազմական յաջողութիւնների սկիզբը դարձաւ: Այս ճակատամարտում կոփուեց հայ մարդու, հայ զինուորի կամքը, որ հասկացաւ, որ ինքը կարող է քիչ ուժերով մեծ խնդիրներ լուծել, որ 21-րդ դարում նորից ու նորից առաւել շատ վճռական է ոգին, նպատակաուղղուածութիւնը: Սա սերունդներին թողնուած դաս է, որ պէտք է առնեն ու անցնեն առաջ:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 17368

Trending Articles