Թուրքիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների մասին «Երկիր»-ի թղթակից Արազ Գայմագամեանը զրուցել է պոլսահայ յայտնի լրագրող Արիս Նալճըի հետ:
ՀԱՐՑՈՒՄ.- Ակնկալո՞ւմ էիք ընտրութիւնների այս արդիւնքները: Եթէ կարող ենք Էրտողանի յաղթանակն այդպէս որակել, ապա ինչպէ՞ս նրան յաջողուեց հասնել դրան:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Ոչ ոք չգիտէր, որ Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնն այսքան հեշտութեամբ եւ այսքան շատ ձայն է հաւաքելու: Անգամ` երկրի վարչապետ Ահմետ Տաւութօղլուն եւ նրա նախկին օգնական Պիւլենթ Արընչն ասել էին, թէ ընտրութիւններում 42 առ հարիւր ձայն են ակնկալում: Սա, ի հարկ է, կարող ենք յաղթանակ կոչել` ուժեղի եւ ճնշման յաղթանակը: Այս յաղթանակն աւելի յուսախաբ արեց ԱԲԿ-ի օգտին չքուէարկած 50 առ հարիւրին: Էրտողանն ու նրա կուսակցութիւնն այս յաղթանակին հասան` հասարակութեան դէմ ճնշումներ գործադրելով ու վախի զգացում առաջացնելով: Նրանք ժողովրդին վախեցրին` ասելով, որ եթէ չքուէարկեն իրենց կուսակցութեան օգտին, ահաբեկչութիւնն ու Սիրիայի պատերազմը թափանցելու են Թուրքիա: Լրագրողներին բանտարկելով, հեռուստաալիքներ փակելով, ամէն առիթով ընդդիմադիր կուսակցութիւնների ժողովներն արգելելով եւ վերջին մի քանի ամիսներին Իսլամական պետութեանը ճանապարհ տալով` Էրտողանը հասաւ իր նպատակին: Վերջին երկու ընտրութիւնների միջակայքում Թուրքիայում աւելի քան 300 մարդ զոհուեց:
Հ.- Նախորդ ընտրութիւնների համեմատ` քրտամէտ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցութիւնն աւելի քիչ ձայն հաւաքեց: Ինչո՞վ է պայմանաւորուած դա, եւ արդեօ՞ք կուսակցութեան նկատմամբ վստահութեան կորուստ տեղի ունեցաւ:
Պ.- Առաջին ընտրութիւնների ժամանակ քրտերը քուէարկել էին ԺԺԿ-ի օգտին, քանի որ այդ ժամանակ քրտաբնակ շրջաններում, այսինքն` Արեւմտեան Հայաստանում խաղաղութիւն էր տիրում, սակայն երբ այդ շրջաններում բախումները շատացան, քրտերը քուէարկեցին ԱԲԿ-ի օգտին, որպէսզի խնդիր չունենան: Մարդիկ խաղաղութեան կարօտ են: Եթէ համեմատենք քրտամէտ կուսակցութեան` 2011 թուականին ստացած արդիւնքները, այն ժամանակ Ազգային մեծ ժողովի (խորհրդարան) 32 անդամ ունէին, իսկ հիմա` 59: Այսինքն դարձեալ բարձր է, սակայն յունիսի 7-ին ընտրութիւններին նրանց թիւը 81 էր:
Հ.- Թուրքիայում տեղի ունեցած բախումները, յատկապէս` Անգարայում տեղի ունեցած պայթիւնները, ո՞վ կարող էր կազմակերպած լինել: Ընտրութիւններից յետոյ Թուրքիայի ներքին եւ արտաքին քաղաքական վիճակն ինչպէ՞ս էք տեսնում, կը շարունակուե՞ն բախումները:
Պ.- Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնն է թոյլատրում Իսլամական պետութեան մուտքը Թուրքիա: Իմ կարծիքով, բախումներ դեռ կը շարունակուեն:
Հ.- Թուզլայի հայկական որբանոցը` «Արմէն» ճամբարը, ընտրութիւններից օրեր առաջ` պայքարի 175-րդ օրում, վերադարձուեց Կետիքփաշայի հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամին: Արդեօ՞ք որբանոցի վերադարձը ընտրութիւնների քարոզարշաւի մաս էր կազմում:
Պ.- Այնքան էլ կապ չունի ընտրութիւնների հետ, քանի որ, իմ կարծիքով, այն աւելի շատ Եւրոմիութեան հետ յարաբերութիւններում օգտագործելու հարց էր: Մի շաբաթ առաջ էլ հայկական կաթողիկէ հիմնադրամին 11 միլիոն լիրա արժողութեամբ կալուածք վերադարձրեցին: Այս ամէնը պէտք է ընկալենք որպէս Կ. Պոլիս այցելած Մերքելի եւ Էրտողանի հանդիպման ու Էրտողանի` Պրիւքսէլ այցի արդիւնք: Կարծում եմ` Թուրքիան այս ամէնն օգտագործում է ԵՄ-ի առաջ իր «Փի. Առ.»-ը` հասարակութեան հետ կապն անելու համար: