ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Ընթացիկ հայ գրականութեան գեղարուեստական արձակի ափրիկահայն է Պօղոս Գուբելեանը, թէեւ ծնուած 1936 թուականում, Ալեքսանտրեթի միջերկրականեան կապոյտ ափերին, բայց սփիւռքահայի իր ճակատագրով, նախ, դեռեւս մանուկ, տարագրւում է մայրիների երկիրը` Լիբանան, ապա կեանքի ու աշխատանքի պարտադրանքով իր երիտասարդութեան տարիները անց է կացնում բուն Ափրիկէի խորքերում, հիմնականում` Սիէրա Լէոնում, միջինարեւելցի ազգասէր ու հայրենասէր իր կրակոտ զգացումներին ու կրքերին աւելացնելով սեւ աշխարհամասի գաղութայնացուած թէժ արեւի հուրը, վաթսունական թուականների քաղաքական, հասարակական ու ընկերային կեանքի արտակարգ փորձառոյթները: Նման կոփուածքի անհատականութեամբ է նա հարստացնում հայ արձակի ընդարձակ դաշտը` ափրիկեան սաթով շողշողուն թեմաների, բնամիտերի այնպիսի էջերով, որ նորոյթ են բերում իրենց պատումներով:
Ցայժմ հրատարակել է պատմուածքների հետեւեալ հատորները. «Ափրիկեան ափերու վրայ», 1967թ., «Ափրիկեան համանուագ», 1973թ., «Անտառը մարդուն մէջ» 1978թ., «Պայթում լռած թնդանօթներու» 1982թ., «Ֆրիուէյ», 1988թ., «Ողջո՜յն, յաւերժական Լիբանան», 1991թ., «Merci Beaucoup, ասպետական Ֆրանսա» եւ «Առաքելութիւն ի Մարաշ»: Ապա վէպեր` «Փոթորիկ», «Փասփորթ», «Փտախտ» եւ «Այն միւս փողոցը»: 2016-ին լոյս է ընծայել «Զաւեշտախառն ոստայն» խորագրով հատորը, որին ճակատագրել է` «Կը խնդրուի խորաչափել, սակայն լուրջի չառնել»: Հատորը պարունակում է տարիների ընթացքում հեղինակի գրած երգիծական փոքրածաւալ էջերը` օրաթերթային հրատարակութիւնների համար: Տարիներից ի վեր նա աշխատակցում է սփիւռքահայ մամուլին` գեղարուեստական արձակով, հրապարակագրական ու գրադատական յօդուածներով:
Նրա պատմուածքների մի կարեւոր մասը իրապատումներ են, մասամբ էլ` գունաւորուած սեփական կենսագրական պատառիկներով, գեղարուեստական ստեղծագործական ձեւակերպումով իրագործուած, ձեւ ու բովանդակութիւն ստացած: Արդարեւ, ակնառու է, որ նրա համար, որպէս ստեղծագործող հեղինակի, գերակշռաբար գրուածքի գաղափա՛րն է առաջնահերթ կարեւորութեամբ նպատակամիտւում, քան` գրուածքի բնամիտը, թեմա՛ն: Այս յատկութիւնը ունեն հայկական եղեռնուած, վերածնուած ու ազգային հպարտութեան հաստատումով ամրակայուած սփիւռքեան հոգեբանական ու ինքնաճանաչման ազդակները, որոնցմով հեղինակը միշտ հաւատարիմ է մնում իր գաղափարական նուիրապետութիւններին, սրբութիւններին, բարեպաշտական զգացումներին… վերհանելու, հնչեցնելու իր գրականութեամբ, նոյնիսկ` հեռաւոր կապուածութիւններով: Սա հեղինակային այնպիսի մի զօրաւոր նկարագրային գիծ է, որ պէտք է ըմբռնել իր ամբողջութեան մէջ: Նա բնամիտը յաճախ ենթարկում է ազգային, հասարակական եւ բարեպաշտական իր նախասիրութիւններին, նպատակներ ու կեցուածքներ հռետորելու, նոյնիսկ եթէ դրանով բեկում է պատումի գեղարուեստական զարգացումը եւ ամբողջացումը: Ճիշդ չի լինի գեղագիտական նկատառումներով նժարել այդ, քանզի բազմաթիւ սերունդների կտակային հանգանակին հաւատարիմ մնալու գերուխտով կանխակալ հեղինակը իր ազգային, հասարակական եւ բարեպաշտական հաւատարմութեամբ է ծածանում իր դրօշը, քան թէ` գեղարուեստական պատշաճութիւն պահելու փոյթը: Նա ունի սրբութիւններ, որոնց սիրոյն զոհում է այն, ինչ պարտ է: Դա ճակատագրական իրավիճակ է, ուստի չի կարելի գրադատական գրքունակ քչփորումների ենթարկել… Եւ պիտի աւելացնել, որ հեղինակը վրձնելով հանդերձ, ափրիկեան ցեղախմբային նախաքաղաքակրթեալ նախապաշարումներով խարխափող հասարակութեան ու միջավայրի իրապատկերները` միաժամանակ հայկական հասկացողութեան հասցնելու պահանջից էլ թելադրուել է պի՛նդ կենալու: Այլապէս, պակաս չեն տուեալ բնաշխարհի իւրօրինակ հեստութեան, ցոփութեան ու շուայտանքի գոյնզգոյն խճանկարները բազմաթիւ պատմուածքներում: Նա պատմում է ոգով ու զգացումներով, հասնում գեղարուեստական բարձրութեան: Պատմուածքներում միայն մէկ գերագոյն իրադրութիւն պատմելու դիպուկայնութեամբ երբ նա հասնում է աւարտին, այլեւս վերջաբանում է եզրակացնող պարբերութեամբ, գաղափարաբանական կողմնորոշումով:
Ափրիկեան պատկերներից յետոյ, «Պայթում լռած թնդանօթներու» եւ «Ողջո՜յն, յաւերժական Լիբանան» հատորներով հեղինակը վեր է հանում լիբանանահայի ու Եւրոպա այցելող հայի նուաճումները, տառապանքները, կեանքի, սիրոյ ու աշխատանքի բերքերը: Այնուհետեւ, «Ֆրիուէյ» հատորով արտացոլում է հայրենիքից ու Միջին Արեւելքից Ամերիկայի ընդարձակ ու կլանող տարածքները հասած հայ զանգուածների իրականութիւնը: Արդէն ինքը 1979-ից ի վեր հաստատուած է Լոս Անճելըսում: Նոր աշխարհի հայոց նորակազմիկ համայնքները, իրենց եօթանասուն-ութսունական թուականների առօրեայ անդոհանքով, եռեւեփումով, փայլուն նուաճումներով ու կորուստներով, լաւագոյնս ծանօթ ու հարազատ են հեղինակին: Ու նրա գրչի պտղաւորումը այս բնամիտերով փոխանցում է մեր կեանքը գեղարուեստական դիպուկ ու յուզիչ ճշմարտացիութեամբ:
Ինքնատիպ է նրա պատումի ոճը. երբեմն մի պատահական նախադասութեամբ է սկսում, այնպէ՛ս բնական, ապա տարածւում է` կերտելով պատմուածքի ամբողջութիւնը: Նա պատմում է ընդգրկուն մտորումներով, զիկզակ նշողումներով անցեալի, ներկայի ու ապագայի վրայ: Իւրաքանչիւր մտապատկերի հետ տարածւում է խոհերով, յիշողութիւններով, մաղթանքներով ու անէծքներով… Նրա երեւակայութիւնը վառ ու երփներանգ է, պատկերից պատկեր` երբեմն բաւական տարածուն թռիչքներով, որ սրատեսութիւն պէտք է նկատելու կապակցութիւնները: Նա հմտութեամբ է խորանում իր հերոսների յուզաշխարհի մէջ, իմաստասիրութեամբ է կատարում հոգեբանական ու հասարակական վերլուծութիւններ: Պատումների ընթացքում երբեմն նաեւ հեղինակային խօսակցութեան մէջ է մտնում ընթերցողի հետ եւ ստեղծում հարազատութիւն: Լայն մտահորիզոնով տեսանող ու խորհրդածող արձակագիր է, իր աստուածութիւնների համար պայքարող ու զոհաբերող, այլեւ` զգացող, ամենաբաշխ լաւին հաւատացող ու ցանկացող. ահա թէ ինչո՛ւ սրտի ու մտքի կռիւ կայ նրա երկերում: Նրա գրական լեզուն երբեմն շաղւում է բնավայրի տեղայնական խօսակցական արտայայտութիւններով: Նա թոյլ է տալիս մարմնական ծածկուած մասերի անուանումներ…
«Այն միւս փողոցը» վէպով Պօղոս Գուբելեանը այլեւս լրիւ ամերիկահայ է, որ թէեւ պատմութիւն չի պատմում վիպագրական բուն ըմբռնումով, բայց իր տեսածն ու ապրածը ներկայացնում է ընթերցողին` ամրացած հեղինակի հանգանակով, սեւեռումներով: Բնորոշ հերոս չկայ վէպում, այլ կան կերպարներ` լրացուած անհատականութեամբ, որ բնակեցնում են այն միւս փողոցը, տնից հեռու աշխատավայրը… Միջին արեւելեան կեանքից յետոյ, Ամերիկան իսկապէս այն միւս փողոցն է դարձել ո՛չ միայն միջինարեւելքցի հայ վերասփիւռուած պանդուխտի համար, այլ հայրենիքը լքած, արտագաղթեալ հայաստանցու համար էլ, որ մերւում է նոր հասարակութեան հենքին` ճախարակուելով ու մանուելով որպէս ամերիկացի:
Լիբանանից Ափրիկէ, Ափրիկէից Միացեալ Նահանգներ ուղեծրով է նրա գրական ստեղծագործութիւնների էջերի ու հատորների շղթան երկարում, եւ ստեղծում գուբելեանական մարդու ու հայի ապրած կեանքի փորձառոյթը` համաշխարհային արեւի տակ… Մեր ընկերական սրտագին մաղթանքն է, որ այն երկարի ստեղծագործական բազում օղակներով, անհատական ու ընտանեկան առողջութեան ու յաջողութեան օրաւուրով եւ ստեղծագործական նոր կայծերի ու գոյների խտացումով:
Շնչող Գրքի Ակումբ
«Շնչող գրքի ակումբ»-ները գրական խմբաւորումներ են, որոնք անգլերէն եւ հայերէն գրուած հայկական պատումների եւ գրքերի գնահատանքն են խթանում` սեղմ շրջանակում քննարկելով ստեղծագործութիւնը` կարծիքների փոխանակումով եւ հարցեր ուղղելով հեղինակին:
«Շնչող գրքի ակումբ»-ները տեղի են ունենում ամիսը մէկ անգամ, շաբաթ օրերը, ժամը 4:00-ին, «Ապրիլ» գրատան մէջ: