Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17090

Սուրբ Վարդանանք

$
0
0

Պատրաստեց` ՀԱՅԿ  ԿԱՐԱՊԵՏԵԱՆԸ

«Այս հաւատից մեզ ոչ ոք չի կարող խախտել.  ո՛չ հրեշտակները, ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը եւ ո՛չ հուրը, ո՛չ ջուրը եւ ո՛չ էլ որեւէ այլ դառն հարուած…»

ԵՂԻՇԷ ՎԱՐԴԱՊԵՏ

Հայոց իրականութեանը հարազատ եւ բնորոշ է, երբ Եկեղեցին, յատկապէս մեր պատմութեան օրհասական օրերին, անբաժան է եղել ժողովրդից: Դրա վառ օրինակն է Վարդանանց պատերազմը` հայրենեաց եւ հաւատի համար մղուած յիրաւի սրբազան պատերազմը: Եւ պատահական չէ, որ Աւարայրի ոգի Մամիկոնեան Վարդան զօրավարի` Ս. Վարդանի կերպարը, հերոսի եւ նահատակի նրա լուսեղէն երեւոյթը, Ս. Ներսէս Շնորհալի հայրապետի բնորոշմամբ` «Նորահրաշ Պսակաւոր» նրա տեսակը ահա աւելի քան 1,5 հազարամեակ ազգին եւ եկեղեցուն նուիրումի չափանիշ է, ոգեշնչման աղբիւր տասնեակ ու տասնեակ հայ սերունդների համար: Իսկ զօրավարի անունը վաղուց է դասուել մեր Եկեղեցու սրբերի շարքը:

Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը, ըստ հայ առաքելական սուրբ եկեղեցու տօնացոյցի, Վարդանանց սուրբ նահատակների յիշատակի օրն է: Դրան նախորդող երեքշաբթի օրը հայ եկեղեցին աւանդաբար ոգեկոչում է Սուրբ Ղեւոնդեանց յիշատակը, այսինքն` Ղեւոնդ Երէցի, Յովսէփ Հողոցմեցի կաթողիկոսի եւ եւս 7 հոգեւորականների նահատակութիւնը, ովքեր Աւարայրի ճակատամարտից յետոյ շղթայակապ տարուեցին Պարսկաստան, բանտարկուեցին եւ բազմաթիւ կտտանքներից յետոյ մահուան դատապարտուեցին` ընդունելով երկնային արքայութեան անթառամ պսակը:

428 թ. Հայաստանում վերջ դրուեց Արշակունեաց թագաւորութեանը: Հայաստանի` պարսկական տիրապետութեանն անցած մասը դարձաւ մարզպանութիւն, եւ մարզպան նշանակուեց Վասակ Սիւնին: Պարսից թագաւոր Յազկերտը` Վռամի որդին, խիստ մոլեռանդ էր իրենց կրօնի օրէնքները պահելու հարցում եւ ձգտում էր իր տէրութեան սահմաններում բնակուող բոլոր հպատակներին զրադաշտական հաւատի դարձնել: Նա 449 թ. մի հրովարտակ է արձակում, որով տէրութեան սահմաններում գտնուող բոլոր հպատակներին պարտադրւում էր զրադաշտական կրօնը (կրակապաշտութիւնը):

Այս ընթացքում հայ նախարարները սպարապետ Վարդան Մամիկոնեանի եւ կաթողիկոս Յովսէփ Հողոցմեցու գլխաւորութեամբ Արտաշատում ժողով են գումարում, որտեղ Յազկերտին պատասխան են գրում. «Այս հաւատից մեզ ոչ ոք չի կարող խախտել. ո՛չ հրեշտակները, ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը եւ ո՛չ հուրը, ո՛չ ջուրը եւ ո՛չ էլ որեւէ այլ դառն հարուած: Մեր ամբողջ գոյքն ու ստացուածքը քո ձեռքում են, եւ մեր մարմինները քո առաջ են, քո կամքի համաձայն արա՛, ինչ ուզում ես: Եթէ այս հաւատի մէջ թողնես, ո՛չ երկրի վրայ ուրիշ տէր կ՛ընդունենք քո փոխարէն եւ ո՛չ էլ երկնքում ուրիշ Աստուած` Յիսուս Քրիստոսի փոխարէն, Որից բացի ուրիշ Աստուած չկայ»:

Պատասխանը խիստ զայրացնում է Յազկերտին: Մեծանուն նախարարներից տասը կանչւում են Տիզպոն, ուր, ենթարկուելով բազում կտտանքների, առերես հրաժարւում են քրիստոնէութիւնից այն մտադրութեամբ, որ կեղծուրացութեամբ կենդանի մնալով ու վերադառնալով հայրենիք` սկսեն դիմադրութեան պատրաստուել:

Հայաստանում, լսելով նախարարների ուրացութեան լուրը, ժողովուրդը ոտքի է կանգնում: Ծաղկոտն գաւառի Անգղ աւանում ծերունի Ղեւոնդ երէցը եւ Եկեղեցու միաբաններն ու ժողովուրդը փայտերով ու քարերով յարձակւում են մոգերի վրայ եւ ծեծելով` քշում նրանց:

451 թ. գարնանը պարսկական զօրքը Մուշկան Նիւսալաւուրտի գլխաւորութեամբ մտնում է Հայաստան եւ հասնում Արտազ գաւառ` բանակ դնելով Տղմուտ գետի աջ ափին: Պարսկական զօրքը 200 հազար էր` հայկականից 3 անգամ աւելի: Մայիսի 25-ին զօրքերը պատրաստւում են վճռական ճակատամարտի: Վարդան Մամիկոնեանը քաջալերիչ խօսքերով խրախուսում է նախարարների միաբանութեանը, զօրքին եւ աշխարհազօր բազմութեանը.

«… Չերկնչենք ու չվախենանք հեթանոսների բազմութիւնից եւ ո՛չ  էլ մահկանացու մարդու ահռելի սրի դէմ թիկունքներս դարձնենք. որպէսզի եթէ Տէրը յաղթութիւնը մեր ձեռքը տայ, ոչնչացնենք նրանց զօրութիւնը, որպէսզի բարձրանայ ճշմարտութեան կողմը.  իսկ եթէ հասել է ժամանակը մեր կեանքը սուրբ մահով աւարտելու այս պատերազմում, մահն ընդունենք ուրախ սրտով, միայն թէ արիութեան ու քաջութեան մէջ վախկոտութիւն չխառնենք…

Վախը թերահաւատութեան նշան է, թերահաւատութիւնը մենք վաղուց մերժել ենք մեզանից. նրա հետ թող վախն էլ փախչի մեր մտքից ու խորհուրդներից…»:

Հոգեւորականները մկրտում են չմկրտուած անձանց: Բոլորը Սուրբ Աւետարանի վրայ երդումով միաբանւում են, որով Հայոց բանակատեղին նմանւում է շարժական Եկեղեցու` Սուրբ Աւազանով, Աւետարաններով, Խաչերով, Սուրբերի նշխարներով եւ անգամ եկեղեցական նուիրապետութեամբ` կաթողիկոսից մինչեւ սաղմոսասաց:

Մայիսի 26-ին սկսւում է ճակատամարտը: Աւարայրում, հերոսաբար մարտնչելով, իր զինուորների հետ ընկնում է քաջ Վարդանը, եւ նրա հետ 7 երեւելի նախարարներ` Արտակ Պալունին, Խօրէն Խորխոռունին, Հմայեակ Դիմաքսեանը, Տաճատ Գնթունին, Վահան Գնունին, Արսեն Ընծայեցին, Գարեգին Սրուանձտեանը` իրենց տոհմակից ազնուականներով` 296 հոգի: Նոյն օրը տարբեր վայրերում կռիւներ տալով` հայ կամաւորները կորցնում են եւս 740 մարդու` նահատակների ընդհանուր թիւը դարձնելով 1036:

Թշնամու կորուստը երեք անգամ աւելի էր: Կենդանի մնացած դաւաճան Վասակը աւելի ուշ, պարսից արքայի հրամանով, իր անպատիւ վախճանն է կնքում բանտում:

Աւարայրի ճակատամարտին մասնակցում էին նաեւ հոգեւորականները, ովքեր իրենց անմնացորդ ծառայութիւնը մատուցեցին հայ եկեղեցուն, հաւատքի եւ հայրենիքի պաշտպանութեան սուրբ գործին: Նրանցից էին սուրբ Ղեւոնդեանները:

Ղեւոնդեաններն իրենց անունը վերցրին հոգեւոր զօրավարութեան եւ նահատակութեան պարագլխից` երանելի Ղեւոնդ Երէցից, ով աշակերտներից էր սբ. Սահակ Պարթեւի եւ Ս. Մեսրոպ Մաշտոցի: Ղեւոնդեանց մէջ աւագն էր սբ. Յովսէփ Հողոցմեցի ամենայն հայոց կաթողիկոսը: Ղեւոնդեան նահատակ հոգեւորականներից մէկն էլ Ս. Սահակ Ռշտունեաց եպիսկոպոսն էր:

Սուրբ Ղեւոնդեանց մարտիրոսութիւնը տեղի ունեցաւ Վարդանանց նահատակութիւնից երեք տարի յետոյ, բայց Տօնացոյցի մէջ սկզբում դրուած է Ղեւոնդեանց տօնը` իբրեւ Վարդանանց պատերազմի գաղափարախօս նախապատրաստողների:

Վարդանանց խորհուրդը յաւերժական է: Պատմութեան քառուղիներում այն միշտ ուղեկցել է մեզ: Վարդանանց ոգին է, որ այսօր էլ առհաւատչեան է մեր յարատեւման ու յաղթանակների: Այսօր էլ մեր կեանքը իւրատեսակ Աւարայր է` ընդդէմ այլազան օտարամուտ աղանդների ու նորօրեայ հերձուածների, որոնք ուզում են «աւարտին հասցնել» յազկերտեան հրովարտակը:

Բայց մենք «մեզ հայր ենք ճանաչում Սուրբ Աւետարանը, եւ մայր` Առաքելական Կաթողիկէ Եկեղեցին, եւ թող ոչ ոք իբրեւ չար անջրպետ մէջ ընկնելով` մեզ սրանից չբաժանի» (Եղիշէ):

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 17090

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>