Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17079

Իմ Մոլորուած Ու Վիրաւոր Կռունկ

$
0
0

ՍՊԱՐՏԱԿ ՄԱԹՈՍԵԱՆ

erkrasharj_120716

88-ի աշխարհացունց երկրաշարժն ի՜նչ արժէքներ խլեց մեզանից: Յաճախակի մտածելով այն օրերի մարդկային անասելի տառապանքների ու զրկանքների մասին, սիրտս մղկտում է անհուն մի ցաւից ու ափսոսանքից…

… Իմ տան փլատակների տակ ես չգտայ 11-ամեայ աղջնակիս նոտատետրերից եւ ոչ մէկը: Մինչ զբաղուած էի ընտանիքիս վեց անդամներից ահաւոր վնասուածքներով փրկուած որդուս եւ կնոջս ապաքինումով, փրկարարներն արդէն ամբողջովին մաքրել, տեղափոխել էին մեր շէնքի մնացորդները: Նրանցից մէկն ինձ յանձնեց աղջկաս` հրաշքով փրկուած ջութակը, որի լարերին մինչեւ օրս նայելիս, զգում եմ նրա աննման նուագի հնչիւններն ու յորդառատ զգացմունքների անկասելի ընթացքը: Ինձ զարմացնում ու ապշեցնում էր, թէ փոքրիկ այդ արարածի մէջ ինչպէս կարող էր տեղաւորուել զգացմունքների հսկայական համաստեղութիւն, որոնք ոչ սկիզբ ունէին, ոչ էլ աւարտ:

… Յիշու՜մ եմ հեռաւոր Պրեանսք ուղարկած նրա նամակները…, հայրիկ ջան, ամիսների կարօտիդ բանալին բացում է սրտիս դռներն ու յորդացած կարօտդ սեղմում է կոկորդս: Անափ, անեզր կարօտդ դառնացել է, թանձրացել ու լցուել է էութեանս մէջ` սրտիս, հոգուս, արեանս մէջ: Նաեւ աչքերիս մէջ, որ ծանրացած կոպերիս արցունքներ դարձած յորդում են, ընկնում թփերին ու ծակում են նրանց: Դառնութիւնից…»:

Աշխարհի քնքշութիւնը քեզանից էր սկսւում, Սիրանոյշ: Երկրային քնքշանքից մի կաթիլ ու ինձ համար դու մի մեծ աշխարհ դարձած քնքշութիւն:

eram_120716

…Աշնան գալուստն առաջինը կռունկներն են նախազգում: Նրանք չւում են, երբ նրանց բնակատեղերում աշունը դեռ հասցրած չի լինում դեղնակարմիր ներկել նշենին: Նոյն պահին լեռներում, կանաչը չմրսած, պարզկան հասցնում է թրատել սիզախոտերի փափկասուն զանգուածը: Կռունկների խառներամից երբեմն հետ է ընկնում մի կռունկ: Վիրաւորուա՞ծ, թէ` խռոված, թեւակոտո՞ր, թէ` մոլորուած, յայտնի չէ: Թեւերով անօգնական ճեղքելով երկինքը ու աղիողորմ կռինչով թրատելով օդը, դեսուդեն է գցում իրեն` աշխարհի անտարբերութիւնից ցաւագար ու վրդովուած: Լեռներում մոլորուած կռունկը երկար չի ապրում: Հանգչում է անսպասելի սառնութիւնից: Նաեւ` մենութիւնից:

… 88-ի նոյեմբերի կէսերին Սպիտակի կեդրոնում գտնուող իմ բնակարանի պատշգամբի բաց պատուհանից փչում էր դեռեւս ոչ այնքան սառնաշունչ քամին: Աշնան կապուտակ ցրտի նախազգացումն արդէն մտել էր մեր երակների ու ոսկորների մէջ: Սակայն, զարմանալիօրէն տաք երանգներ ու գոյներ ունէր այդ տարուայ աշունը: Սիրանոյշն ունկնդրում էր Վիվալտիի չքնաղագեղ «տարուայ եղանակների» իր սիրած ֆա մինոր «ձմեռ» չորրորդ կոնցերտը: Ու մենք էլ, նրա պէս յափշտակուած, զգում էինք հեռուից մօտեցող սառնաշունչ ձմեռուայ բքաբեր ու տագնապալի գալուստը: Յանկարծ բաց պատուհանից ներս թափանցեց այն նուագի պէս անձկալից ու սրտակոտոր մի ճիչ: Մեղեդուն միանալով, ճիչն ամէնքիս մէջ արթնացրեց քնած կարեկցանքն ու բնազդօրէն մղուեցինք պատուհանի կողմը: Ամէնքից արագ` Սիրանոյշը:

– Մոլորուած կռունկ է,- տագնապահար ճչաց նա,- կորցրել է երամը…

Նրա աչքերը խոշորացել էին, դէմքը` փշաքաղուել: Շփոթուած ձայնից զգում էինք, որ կռունկի տագնապահար սրտին համահունչ տրոփում էր նաեւ նրա սիրտը: Անհասկանալի շարժումներով վազվզում էր սենեակից սենեակ, կարծես փրկութեան եզրեր էր որոնում: Իսկ մոլորուած կռունկը շարունակում էր թեւածել մեր տան մօտակայքում, հետզհետէ թանձրացող մթութեան մէջ տարածելով սրտակեղեք կռնչոցը: Սիրանոյշը նորից մօտեցաւ պատուհանին, թաւ խաւարի մէջ ջանալով գտնել նրան: Չգտաւ… Հեռացաւ, մինչեւ հոգու խորք թափանցող հայեացքը մերթ մեզ, մերթ անհուն մթութեանն ուղղելով:

– Ափսո՜ս, թեւեր չունեմ, որ թռչեմ-գնամ, օգնեմ խեղճին գտնելու երամը… Ու լռեց: Ծանր էր այդ լռութիւնն ու, կարծես` յաւիտենական: Բայց եւ լիքն էր ու յագեցած: Լիքն էր, իր տաղանդաւոր մտքի պէս ու բարութեամբ լցուած մատաղ սրտի նման: Անկենդան լռութիւնը, նրա համոզմամբ, անսիրտ-անհոգի ապրելու նման էր: Սիրանոյշի թրթռուն սիրտը լցուած էր յուզականութեամբ ու զարմանալի նախազգացմամբ: Դեկտեմբերի սկզբներին ես կարդում էի աշնան մասին նրա գրած շարադրութիւնը, որն ինձ էր տուել մի քանի օր առաջ, ոգեւորուած, ուրախութիւնից փայլող աչքերով: Կարդում էի ու հիանում բնութիւնը նկարագրելու նրա հասուն երեւակայութեամբ: Յանկարծ դէպի ինձ վազեց աչքերի վախեցած խեղճութեամբ ու … սարսափահար. …

– Հայրիկ, մենք բոլորս պիտի մեռնե՞նք… Յետոյ նայեց իմ խաղաղ դէմքին ու երեւի ինքն էլ հանդարտուեց.

– Յիմար բան է մահը… Ու հեռացաւ, արցունքոտ աչքերը զարմանքի ու ափսոսանքի քօղով պարուրած:

… Երկրաշարժից երեք օր անց ես խելագարի պէս վազում էի Էջմիածին` բարեկամիս տուն, ուր տարել էին անզուգական Սիրանոյշի դին: Ես չբացեցի սպիտակ սաւանով ծածկուած նրա դէմքը: Ես չէի ցանկանում նրա աչքերը փակ տեսնել, շուրթերը` մահուան ցաւից սպիտակած: Ուզում էի նրան յիշել ուրախութեան պահերի նման` աչքերը մարգարտափայլ, դէմքն անհոգ երջանկութիւնից փայլող, սիրտը ոգեւորութեան կրակով բռնկուած: Ես այդպէս էլ չբացեցի նրա դէմքը, բայց տեսայ,… որ սեւուկ աչքերն այն իրիկուայ նման սարսափած էին, զարմացած, շփոթուած ու ափսոսանքով լիքը…

… Երկրաշարժից յետոյ ես նոր տուն կառուցեցի: Հերոսուհի կինս, ողնաշարի կոտրուածքներն ու բազմաթիւ վէրքերը յաղթահարելով, իմ բզքտուած ընտանիքին մի արու զաւակ պարգեւեց` Վահրամին: Խոշոր ու գեղեցիկ աչքերով, սիրունատես ու տղաներին չսազող քնքշութեամբ: Աւագ որդիս` Սարգիսը, երկրաշարժի ժամանակ ստացած տասնեակ կոտրուածքներն անտեսելով, կամաւոր մեկնեց հայկական բանակ, որից յետոյ ընդունուեց Երեւանի տնտեսագիտական համալսարան:

Սակայն…

… Գարնանը, երբ սկսւում է կռունկների վերադարձը, իմ նորակառոյց տան պատուհանները միշտ բաց ենք թողնում: Այս էլ քանի՞ գարուններ սպասում ենք քո վերադարձին, իմ մոլորուած ու վիրաւոր կռունկ:

Հաւատա՛, Սիրանոյշ, որ ապրում ենք այդ հաւատով…

«Առաւօտ» 


Viewing all articles
Browse latest Browse all 17079

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>