ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ-ԱՊՈՒՍԷՖԵԱՆ
«Դե՛հ, սեւ օրեր, բողոք դարձէք,
Արիւն, քրտինք երկունք մտէք,
Տանջանք, զրկանք լեզու առէք
Դաշնակցութեան ճամբայ բացէք»:
125 տարի առաջ էր: Յեղափոխութեան դար էր:
Ժողովրդին ազատագրելու տենչով պայքարի ելած ազատատենչ երիտասարդների մի խմբակցութիւն` արմենականներ, հնչակեաններ, սոցիալ-դեմոկրատներ ասպարէզ իջան իրենց ժողովրդին իրաւազուրկ, կեղեքուած, ստրկային վիճակից ազատագրելու, նրա ճակատագրին նոր ուղղութիւն տալու:
Հայ յեղափոխականների դաշնակցութիւն էր այդ խմբակցութեան անունը, որը շուտով անջատուելով իրարից, իւրաքանչիւրը առանձին շարունակեց իր ուղին: Առանձնացած թեւը իր շուրջ նոր հետեւորդներ հաւաքելով` դարձաւ Հայ յեղափոխական դաշնակցութիւն (ՀՅԴ) եւ շարունակում է իր անկոտրում երթը մինչեւ այսօր: Նոյնիսկ 125 տարի առաջ ընդունած իր մանիֆեստի հիմնական ոգին` «Հայե՛ր, համախմբուենք եւ քաջութեամբ առաջ տանենք հայրենիքի ազատութեան գործը», մինչեւ այսօր էլ ուժի մէջ է, քանի դեռ Արցախի եւ բռնագրաւած մեր հողերի ամբողջացման հարցը ունենք, մեր սերունդների ճանապարհը վերջնականօրէն դեռ չենք հարթել:
Ինչո՞վ, ինչպէ՞ս բացատրել 125 տարուայ այս երկարակեցութիւնը: Ի՞նչ արժեւորումով գնահատենք նրա գործունէութիւնը:
Բացատրութիւնը պարզ է: Այս կուսակցութեան ծրագիրը մշակող լուսամիտ ու առաջադէմ մտածողները խորաթափանցօրէն այն հիմնել էին հայութեան եւ հայրենիքի յարատեւման գաղափարի ու գործունէութեան վրայ: Իսկ դա նշանակում էր ժողովրդի հետ միաձուլուել, կիսել նրա կեղեքումն ու տառապանքը, թշուառութիւնը եւ միաժամանակ ոտքի կանգնեցնել, անտէր, անկազմակերպ վիճակի հետ հաշտուած հային պայքարի մղել, զէնքով իր ազատութեան տիրելու գիտակցութիւնը ներշնչել:
Հայութիւն, հայրենիք, բռունցք-ուժ, աշխատանք, ստեղծագործ միտք ու դրօշ` դարձան իր նշանաբան խորհրդանշան-զինանշանը, որով ոչ միայն առաջնորդուեց, այլեւ առաջնորդեց իր ժողովրդին ամենադժնդակ պահերից մինչեւ կրկնակի անկախացում, մինչեւ Արցախի ազատագրում եւ շարունակում է իր գործը նոյն հաւատով` մինչեւ ապագայ սերունդների ձգտումների լիակատար իրագործում:
Ոչ մէկ ազգի պատմութեան մէջ միայնակ մի կուսակցութիւն այսպիսի տարողութեամբ գործունէութիւն չի ծաւալել, ինչպէս ՀՅԴ` հայութեան կեանքում: Ոչ մէկ ազգի պատմութեան մէջ մի կուսակցութիւն այսպիսի սիրոյ, վստահութեան, համընդհանուր ժողովրդայնութեան, յարգանքի ու միաժամանակ իրերյաջորդ հալածանքների չի ենթարկուել, որքան` բազում դառնութիւններից ու փորձութիւններից անցած, բայց իր սկզբունքներին հաւատարմօրէն ծառայած այս կուսակցութիւնը:
125 երկար ու ձիգ տարիներ անդադար գործած, ամէնուրեք գործած, երկրագնդի բոլոր ծայրերում իր ժողովրդի զաւակների հետ տարածուած, նրան իր հովանու տակ պահած, որպէս պետութիւն իր ժողովրդի իրաւունքների համար պայքարած այս կուսակցութիւնը, այսօր նշում է իր փառահեղ երթը կրկին անկախացած իր երկրում, իր ժողովրդի հետ, նրա յարատեւութեան անբաժանելի մասը կազմելով:
Բնականաբար անկարելի է մի պարզ յօդուածում պարփակել այս կուսակցութեան 125 տարիների գործունէութիւնը, անկարելի է նաեւ ներկայացնել նրա անցած ուղու թէկուզ եւ մակերեսային ուրուագիծը: Դա ահռելի դժուարութիւններով, բազում զոհերով ու զոհաբերութիւններով ողողուած մի ճանապարհ է, ուր իւրաքանչիւր նուիրեալ իր կեանքն է ընծայաբերել, իւրաքանչիւր անհատ իր անունն ու գործն է համեստօրէն, առանց սպասելիքի խոնարհաբար փորագրել այնտեղ:
Ժողովուրդների պատմութեան մէջ սովորաբար դէպքեր եւ իրավիճակներ կան, որոնք անկարելի է բացատրել, բառերի վերածել, բնութագրել: Դա անբացատրելի է այնպէս, ինչպէս մեր ժողովրդի գոյատեւումը: Դաշնակցութեան պատմութիւնը իր ժողովրդի գոյատեւման պէս այդ շարքին է դասւում:
Երբ յետադարձ հայեացք ես նետում իր անցած ճանապարհին, մնում ես ապշած, թէ ինչպէ՛ս կարողացաւ հայի դարերի երազանքը (անկախ երկիր ունենալը) անյայտութիւնից դարձնել շօշափելի: Եւ ինչպէ՞ս ոտքի տակ հայրենի հող չունենալով, շրջապատում հայ լեզուի հնչեղութիւն չունենալով, հողի արժէքով եւ հայ լեզուով սնեց սերունդներին, վկան` համատարած հայահոծ սփիւռքը:
Ի՞նչ տիտանական մտքի տէր էին այս կուսակցութեան հիմնադիրներ` Քրիստափոր Միքայէլեանը, Սիմոն Զաւարեանը, Ռոստոմը, որ կարողացան ազգային վեհ գաղափարով, կազմակերպչական խստագոյն կարգապահութեամբ, աներեր անձնազոհութեամբ օժտուած կուսակցութեան հիմքը դնել:
Միտք, խիղճ եւ կամք շաղախով այս կուսակցութիւնը ոչ միայն առաջնորդեց, այլ տէր դարձաւ իր ժողովրդին նրա ամենածանր պահերից սկսած առ այսօր:
Սուլթաններից, ցարերից, պոլշեւիկ համայնավարներից, մինչեւ մեր երկրորդ անկախացած երկրի առաջին ղեկավարը` փորձեցին ջնջել, արմատախիլ անել այս կուսակցութիւնը: Երկրորդ անգամ վտարուեց հայրենի երկրորդ անգամ անկախացած իր երկրից, սակայն, ինչպէս առաջ, այդպէս էլ յետոյ, ոչ մէկ արգելք կասեցրին նրա երթը, ոչ մէկ բռնատէր չկարողացաւ խափանել նրա աշխատանքը: Չկարողացան, քանզի չկարողացան բնաջնջել մեր ժողովրդին, իսկ այս կուսակցութիւնը ժողովրդին ծառայող, նրան միաձուլուած մասնիկ էր:
Այս կուսակցութեան վստահել եւ հետեւել են ընչազուրկ, հալածուած հայեր, երիտասարդներից սկսած մինչեւ ալեհեր ծերեր, իրենց որդիներին ինքնակամ զոհաբերող մայրեր, մահ կամ ազատութիւն նշանաբանով:
Ապշեցուցիչ ծրագրումով թուրքի տիրապետութեան տակ այդ յետամնաց երկրի կղզիացած, ծայրամասերից սկսած, ինքն իր մէջ քաշուած, իր ստրկային վիճակի հետ հաշտուած հայութեան, մեր այսօրուայ հասկացողութեամբ, առանց հեռաձայնի ու համացանցի, կուսակցութիւնը կապեց իրար, ռուսահային, տաճկահային, նրանց արթնացրեց ու դարձրեց կռուող, իր իրաւունքները պաշտպանող: Կուսակցութեան առաջին երդուեալները, իրենց կռուելու ու զոհաբերուելու տեսակով, մեր բառապաշարում սկզբում ստեղծեցին մի նոր բառ` ֆետայի, որոնց գերխնդիրն էր պաշտպանել հայ գիւղացուն թուրքի եւ քիւրտի կողոպուտից ու վայրագութիւնից, եւ յետոյ դարձան զինուորներ, հայ կամաւորներ, Սարդարապատ ու մայիս 28 ստեղծողներ: Նրանց անունը անմիջապէս թնդաց Սասնոյ պաշտպանութիւնից յետոյ: Տարածուեցին նրանք ու կռուեցին ամէնուրեք` Վանում, Իգդիրում, Կարինում, Մուշում, Սարըղամիշում: Նրանց յաղթական թափօրը անվերջ համալրուեց նոր ուժերով:
Պատահական չէ, որ նրանք դարձան մեր նորագոյն վիպերգութեան հերոսները` ընդմիշտ քանդակելով իրենց անունները ժողովրդի սրտում: Անդրանիկ, Գէորգ Չաուշ, Արաբօ, Նիկոլ Դուման, Քեռի, Դժոխք Հրայր, Աղբիւր Սերոբ, Վարդան, Եփրեմ Խան, Սեբաստացի Մուրատ եւ շա՜տ ու շա՛տ ուրիշներ: Անկարելի է այդ թանկագին անունները ամբողջութեամբ թուարկել այստեղ, միայն կարող ենք հաստատել, որ նրանք բոլորն էլ առ այսօր ժողովրդի սրտում են` նրա շուրթերում երդում ու երգ դարձած, նրա կեանքի ուրախութեան ու տխրութեան անբաժանելի մասը կազմելով:
Նոյնիսկ այդ նուիրական անունների եւ նրանց մասունքների պահպանման համար մենք այսօր պարտական ենք այս կուսակցութեան անվհատ գործունէութեան: Պարտական ենք մեր ժողովրդին Արամ Մանուկեան, Դրօ, Նժդեհ տալու, նրանց վաստակը սերունդներին փոխանցելու, նրանց ոգին յաւերժ կենդանի պահելու համար:
Ամօթալի ճշմարտութեամբ, մեր ժողովրդի մի ստուար հատուած հայրենի հողում անգիտակ մնաց իր պատմութեան նշանակալից այդ էջին, աւելի ճիշդ` այն աղաւաղուած մատուցուեց իրեն: Ազգի այս ինքնազոհ նուիրեալները ներկայացուեցին որպէս ազգի թշնամիներ, մինչեւ իսկ արգիլուեց նրանց անունը հնչեցնել, այն դէպքում, երբ այդ անձնուէր անձանց ծով արիւնով վաստակուած հողում էին իրենք ապրում:
Ողբերգութիւն է ազգի կեանքում, երբ մի ողջ սերունդ անգիտակ է մնում իր հողի ու վաստակած ճակատագրի պատմութեան: Մի ամբողջ սերունդ մինչեւ օրս անտեղեակ է Դաշնակցութեան իրական պատմութեան, նրա անձնուէր նուիրեալների կենսագրութեան ու նրանց գործունէութեան: Անտեղեակ է այս կուսակցութեան անձնազոհ Ռուբէնի գործունէութեան, որը երկար տարիներ կուսակցութեան կողմից աշխատել է ֆետայիների հետ, նրանց հետ ապրել ու կռուել եւ գրի է առել ամէն անցուդարձ` ապագայ սերունդների համար: Այդ թանկագին տեղեկութիւններով է, որ այսօր այդքան հալածանքներից յետոյ անգամ, արձանագրուած ու հրատարակուած փաստեր ունենք 125-ամեայ երթի կարեւորագոյն հատուածից:
«Ձմեռը կ՛անցնէր,- գրում է նա:- Սոսկալի վիճակի մէջ կ՛ապրինք: Մօտ 7 ամիս է ինչ, բոլորովին կտրուած ենք աշխարհէն: Ոչ մէկ լուր, ոչ մէկ անգամ անկողին մտած ենք, պառկած ենք փոսերու մէջ կամ լաւագոյն դէպքում խոտերու վրայ: Թէյ, շաքար չենք տեսած բնաւ: Ապրած ենք թանով ու յաճախ առանց հացի, երբեմն վայրի խնձորով ու ընկոյզով: Ծանր է կեանքին ամէն մէկ վայրկեանը համրել ու կռուի սպասել»:
Այս մէջբերում – պատառիկը փայլուն վկայութիւնն է ազգի համար իրենց կեանքը զոհաբերած ինքնակամ նուիրեալների զրկանքներով ու վտանգներով լի կեանքի, որոնք սկիզբը դրին մեր պայքարի, եւ որոնց զոհաբերութեան շնորհիւ է, որ այսօր կանք ու ազատագրուած երկիր ունենք:
Կուսակցութեան շարքերը խտացրին ոչ միայն լեռներում ու գիւղերում կռուող անձնուէր հայեր, այլ` մտաւորականների մի ամբողջ փաղանգ, որոնք իրենց գրչով, այս կուսակցութեան հանդէպ ունեցած խորը հաւատով է՛լ աւելի լայնացրին նրա գործունէութեան հորիզոնը: Գրագէտների այդ հսկայ բանակը բարոյական մեծ սահմանումով հարստացրեց ու հասունացրեց ժողովրդի միտքն ու հոգին: Առանց անունները տալու` պիտի շեշտեմ, որ նրանք միայն ստեղծագործ տիտաններ չէին, բոլորն էլ դեռ շարունակուող մեր պայքարի անբաժանելի կորիզն են կազմում` ժողովրդի սրտում անվերջ նորոգուելով, նորանոր ծիլեր նետելով` յաւերժական ընթացքի մղող ուժ դառնում:
Ընդհանրապէս ազգային գործունէութեան մէջ իւրաքանչիւր սերունդի ներդրում էլ աւելի է նպաստում իրեն յաջորդող սերունդի առաջընթացին, աւելի որոշակի է դարձնում յաջորդողի ձգտումները, որով աւելի է մօտենում իր նպատակին: Մեր նման ցիրուցան ժողովրդի համար ներդրման իւրաքանչիւր կաթիլ իր արժէքն ունէր: Դաշնակցութեան հաւատաւորները չխնայեցին իրենց ուժերը` մեծ արժէքների ժառանգութիւն թողնելու իրենց յաջորդներին:
Դաշնակցութիւնը միշտ էլ մեծացել ու հզօրացել է իր նախորդների ներդրումով, բոլորն էլ մտքի ու բարձրագոյն գիտելիքների տէր, ովքեր ոչնչից պատմութիւն կերտեցին, ովքեր Խանասորի արշաւանքով, Պանք Օթոմանով, Զէյթունի ապստամբութեամբ յայտարարեցին հայի վճռակամութիւնը:
Ովքեր Վանում, Ուրֆայում, Գարահիսարում, Մուսա Լերան վրայ կռուեցին ու անմահացան` հաստատելով հայի անընկճելիութեան, նրա լինելիութեան իրաւունքը: Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի վճռական ճակատամարտերով մայիս 28 կերտեցին, առաջին անկախ Հայաստանը հիմնեցին, ողջ լեռնային Զանգեզուրը ազատագրեցին ու ատամներով պաշտպանեցին, հայ ժողովրդի դարաւոր երազանքի մի մասնիկը իրականացրին:
Ովքեր Պերլինում, Հռոմում, Թիֆլիսում, Պոլսում, ի լուր աշխարհի, օրը ցերեկով, ապշեցուցիչ կազմակերպուածութեամբ, հաշուեյարդար տեսան հայ ազգին յօշոտած թուրք հայասպան դահիճների բոլոր պարագլուխների հետ: Ովքեր խիզախօրէն մնացին իրենց ձեռքով գետին տապալուած ոճրագործի դիակի առջեւ եւ ինքնակամ դատուեցին, որ աշխարհը տեղեկանար հայութեան դէմ կատարուած ցեղասպանութեան մասին ու ճանաչէր ոճրագործներին:
Միայնակ, առանց պետութեան ու հովանաւորի, աշխարհից լքուած հայութիւնը այս կուսակցութեան ձեռքով քաղաքական դատաստան էր տեսնում միջազգայինօրէն, հիմք դնում առաջին Նիւրեմպերկին, մարդկութեան կոծկած ոճիրը բացայայտող, ուր առանց երկմտանքի արդարացուեց ժողովրդի արդար բազկի վրիժառութիւնը: Կուսակցութիւնը իր այս քայլով հաստատեց` ով այլեւս հայ ժողովրդին յօշոտի, իր արդար պատիժը կը կրի հէնց այս կուսակցութիւնից: Ու բոլոր յօշոտողները կրեցին իրենց արդար պատիժը այս կուսակցութեան ձեռքով միայն:
Իր այս քայլով կուսակցութիւնը հաստատեց, որ ինքը ոչ թէ սոսկ կուսակցութիւն է աշխարհում գործող տարբեր կուսակցութիւնների պէս, այլ` իր ժողովրդի ներկայի ու ապագայի, նրա ճակատագրի տէրը: Հաստատեց, որ հայ ժողովուրդը այլեւս տէր ունի, որի անունն է ՀՅԴ:
Այս կուսակցութեան նուիրեալների յաջորդած սերունդը էլ աւելի հարստացրեց իրեն ժառանգածը` Լիզպոնի, Պելկրատի, Լոս Անճելըսի, Սոֆիայի, Փարիզի անձնազոհ ներդրումով:
Իսկ այսօրուայ սերունդը նախորդներից ժառանգածը արդէն յաղթանակ դարձրեց, Արցախի ազատագրումով հայի անընկճելիութիւնը նոր վերելքի հասցրեց:
Համայնավարների իշխանութեամբ մեր երկրի առաջին անկախացման ոչնչացումից յետոյ Դաշնակցութիւնն էլ որպէս երկրի ու ժողովրդի թշնամի` հալածուեց, աքսորուեց, հեռացուեց իր երկրից: Երկրի միւս կէսը բռնագրաւուած էր արդէն 1915թ. Եղեռնին:
Դաշնակցութիւնը, սակայն, չվհատուեց, ընդհակառակը, է՛լ աւելի տարածուն գործունէութիւն ծաւալեց:
Կոտորածից փրկուած հայութեան մնացորդացը, իր հողից, ունեցուածքից ու պատմութիւնից զրկուած, աշխարհից ու մարդկութիւնից մերժուած, արհամարհուած, բզկտուած տարածւում էր աշխարհի տարբեր հատուածներում: Ժողովրդին կրկին տէր կանգնող էր պէտք, նրան պատսպարող, համախմբող, վայրագօրէն խորտակուած, մթագնած նրա ձգտումներին լոյս սփռող էր պէտք: Դաշնակցութիւնը այդ պարտականութեան տէրը դարձաւ առանց փորձառութեան, առանց որոշակի ծրագրի: Միակ մղումը ծուէնների վերածուած ժողովրդին ամբողջական դարձնելն ու օտար ափերում հայ պահելն էր:
Թէեւ կուսակցութիւնը մինչ այդ միշտ աշխատել ու պայքարել էր հայրենի հողի վրայ, այդ հողի ազատագրման համար, միշտ իր ոտքի տակ հայրենի հողի ուժը զգալով, լինի դա արեւելեան, թէ արեւմտեան հատուածում, եւ այդ կարեւոր սնունդից զրկուած, օտար հողերում, ինչպէ՞ս էր ձեռնամուխ լինելու անկարելիին` առանց հողի, հայութեանը հայ պահելուն: Չէ՞ որ աշխարհով մէկ սփռուած, սփիւռք դարձած հայութեանը հայ պահելու համար իրենց ոտքի տակ ամէնից առաջ հայրենի հող էր պէտք, նրան վերածնող արժէքներ էին պէտք, իրենց նախնիների հոգուց յորդած հաւաքական աւանդոյթների, ստեղծուած արժէքների շօշափելիութիւն էր պէտք, որոնք բացակայում էին օտար երկրներում:
Դարերով կերտուած նրա պատմութեան տեսանելի վկայութիւններ էին պէտք, մի պարսպի, կոթողի, խաչքարի, կամ հարազատ գմբէթի թէկուզ փլատակ մասնիկների ձեւով: Հայրենի հողի ու ժողովրդի համար իրենց կեանքը զոհաբերած հերոսների մասունքներ էին պէտք, որ ջլատուած ժողովուրդը դրանցով լցնելով իր զգայարանները` զգար իր գոյատեւման անհրաժեշտութիւնը: Սրանցից ոչ մէկը գոյութիւն ունէր օտար հողերում: Նոյնիսկ լեզուն, գիրն ու գրականութիւնն էին օտար ու անհասկանալի: Հոգեկան ու աշխարհագրական օտար ու խորթ, բոլորովին անծանօթ, տարբեր միջավայր էր ընկել հայութիւնը, ուր իր արժէքներն այլեւս գնահատող չկար, նոյնիսկ իր լեզուն էր անհասկանալի:
Դաշնակցութիւնը ժողովրդի գոյատեւմանն հաւատացող նուիրեալների հետ, անբացատրելի միջոցներով, օտար հողերում, օտար իշխանութիւնների խստագոյն օրէնքների, նրանց ազգայնամոլ քաղաքականութեան տակ անգամ ճկունօրէն փոխանցեց վերը նշուած ազգային արժէքները` նրանց արտաքին նախադրեալները ներքին արժէքների վերածելով: Այդ ամէնը` բացակայ բոլոր արէքները, նա ամփոփեց եռագոյն դրօշում, իր խորհրդանշանում, հերոսների փառքի համար ժողովրդի հիւսած երգերում ու պատմութիւններում, իր ձեռնարկներում ու հանդիպումներում եւ իր անընկճելի հաւատով այն դարձրեց ապագայի լուսակերտ ձգտում, որին հաւատացին, հետեւեցին, որով սփոփուեցին անհայրենիք սերունդները:
Կուսակցութեան հովանաւորութեամբ եւ անմիջական իր պատասխանատուութեամբ ստեղծուած դպրոցների, օգնութեան միութիւնների, օրաթերթերի, գրական հասարակական տարբեր կազմակերպութիւնների, մարզական, երիտասարդական տարբեր հաստատութիւնների միջոցով հայ սերունդներ կրթուեցին ու աճեցին նախանձելի հայրենասիրութեամբ, ազգային ոգով ու ազգին անմնացորդ ծառայելու պատրաստակամութեամբ:
Այս կուսակցութեան յամառ աշխատանքով մի ամբողջ թրքախօս սերունդ հայախօս դարձաւ, օրաթերթ ու գրական ամսաթերթեր ընթերցող, նրանց ամէնօրեայ ներկայութեամբ ապրող բաժանորդներ դարձան: Հայերէն գրքերի ու դասագրքերի հեղինակներ դրանցով սերունդ կրթողներ դարձան:
Սակայն ցարերին, համիտներին, թուրք ջարդարարներին փոխարինած համայնավարները ջանք չխնայեցին վարկաբեկելու այս կուսակցութեան ներդրած հսկայածաւալ աշխատանքը: Եռանդ չխնայեցին իրենց քարոզչութեամբ ժողովրդի հոգուց քերելու, ոչնչացնելու անկախութեան, սեփական ճակատագրին, հողին ու պատմութեան տէր կանգնելու տենչը: Իրենց կործանարար գործունէութիւնը տարածեցին նոյնիսկ սփիւռքում, փորձեցին ջլատել կուսակցութիւնն ու նրա ազգանուէր լինելիութիւնը` մինչեւ իսկ ոտնատակ տալով ազգային դրօշը, որը բարձր արժանապատուութեամբ պահպանում էր կուսակցութիւնը այն հաստատ հաւատով, որ այն կրկին ծածանուելու է անկախացած իր երկրում:
Ժամանակի եւ ուժերի մեծ վատնումով կուսակցութիւնը մնաց աներեր, աւելի՛ն, նոյնիսկ իր իղձերի տենչանքով բորբոքեց համայնավար իշխանութեան ծանր բռունցքի տակ հեծող, բայց ազգային ոգու յաղթանակին հաւատացող ժողովրդի հայրենի հատուածին, արթնացրեց նրանց, կապեց ազգայինին եւ այդ հաստատուն հաւատով իր փայփայած, բազում արհաւիրք տեսած դրօշը իր փառահեղ պատմութեամբ վերադարձրեց իր ժողովրդին ու այն ծածանեց կրկին անկախացած իր երկրում:
Այս կուսակցութիւնը ունէր իր ժողովրդի սրտում ազգային կրակը բորբոքելու փորձառութիւն ու այդ փորձառութեամբ թափանցելով համայնավար թմբիրի մէջ ազգայինը կորցրած իր ժողովրդի հոգուն` վերակենդանացրեց նրա մէջ քնած այդ ջիղը ու կրկին անկախացման ենթահող ստեղծեց:
Ժողովրդի բնազդները, նրանց կապը ազգայինին, անընկճելի, անքակտել են, ինչպէս անընկճելի, անքակտելի է այս կուսակցութեան միաձուլումը իր ժողովրդին եւ ժողովրդի անվերապահ սպասելիքը նրանից: Սա էր հաւանաբար այն մղումը, որ երկրորդ անկախացման համար ոտքի ելած ժողովուրդը այս կուսակցութիւնից էր սպասում այն հրաշքը, որը գալու էր անկախութեան հետ:
Սակայն, ինչպէս 1915թ. էր կուսակցութիւնը կանգնել անակնկալի առաջ, երբ չկարողացաւ զգալ մօտեցող մեծ արհաւիրքը եւ թանկ վճարեց իր մի շարք թերացումների համար, այդպէս էլ երկրորդ հապճեպ ստեղծուած անկախացման շեմին, կրկին անակնկալի մատնուած, չկարողացաւ ժողովրդային ուժը իր ձեռքում պահել եւ կորցրեց հայրենի երկրում տիրող ուժ դառնալու հնարաւորութիւնը, որին տենչում էր ժողովուրդը:
Եւ այսուհանդերձ, պետականութիւն հիմնելով անգամ, մեր ժողովուրդը իր ընկերային հարցերի բարելաւումից սկսած մինչեւ ազգային պահանջների լուծումը մինչեւ օրս էլ այս կուսակցութիւնից է սպասում: Ժողովրդի յոյսի կրողն ու իրականացնողը կրկին մնում է այս կուսակցութիւնը:
Գաղտնիք չէ, որ այս կուսակցութեան անբաժան ճիւղի` Հայ դատի տարած աշխատանքի շնորհիւ, աշխարհով մէկ նոր թափ առաւ Հայոց ցեղասպանութեան իրողութիւնն ու ճանաչումը: Ողջ Եւրոպայով մէկ մարդկային իրաւունքների ամպիոններից սկսած, մինչեւ գերագոյն դատարաններում ու խորհրդարաններում են այլեւս քննարկւում այդ հարցը, տարբեր երկրներում բացւում են թաքցուած պետական արխիւները` նոր լոյս սփռելով կատարուած ոճրի` Հայոց ցեղասպանութեան տարողութեան վրայ:
Գաղտնիք չէ նաեւ, որ այս կուսակցութեան ջանքերով կանխուեց հայ-թուրքական դաւադիր համաձայնագիրը: Այս կուսակցութիւնը ողջ սփիւռքը միահամուռ ոտքի հանեց իր կտրական ՈՉ-ը ասելու մեր կառավարութեան, մեր ազգային իրաւունքները առուծախի ենթարկելու, սերունդների իրաւունքները ոտնակոխելու նրա քաղաքականութեանը:
Այսօր արդէն իրեն արժեզրկած ազգերի աշխարհայնացումը ստիպում է մեծ պետութիւններին այլ միջոցների դիմել: Ազգայինը եւ տարածքայինը ոտնատակ արուած նախկին մտայնութիւնը այլեւս այլ փուլի մէջ է: Իրար ետեւից քարտէզային նոր բաժանումների ենթարկուող ժողովուրդները դանդաղօրէն արթնանում, փորձում են տէր կանգնել իրենց ազգայինին, իրենց իրաւունքներին ու երկրին, աշխարհը դէպի մի նոր ձեւաւորման է գնում:
Մեր ժողովուրդը այս կուսակցութեան շնորհիւ արդէն յաղթահարել է այդ ճանապարհը, սակայն դեռ չի ամբողջացրել իր առջեւ դրուած խնդիրները` մեր պահանջատիրութիւնից սկսած մինչեւ ամբողջական Արցախի լիիրաւ խաղաղ կեցութիւնը, մեր սահմանների վերջնական վերականգնումը, ողջ ժողովրդի արժանավայել եւ ապահով կեցութիւնը, գալիք սերունդների հայապահպանումը:
Աւելի քան երբեւէ, այսօր անհրաժեշտ է այս կուսակցութեան առաջատար գործունէութիւնը, քանի որ բոլոր ժամանակներում, իր երկարակեաց կեանքի ընթացքում Դաշնակցութիւնը միշտ իր ժողովրդին մղել է առաջ, նոր աւիշ ներարկել նրա յոգնած արիւնին, ոտքի հանել նրան ճակատագրական պահերին եւ պայքարի մղել: Թէեւ միշտ էլ մտրակուել, հարուածուել, խստօրէն քննադատուել, նոյնիսկ մեղադրուել է:
Մինչեւ օրս էլ մեր կառավարութեան իւրաքանչիւր բացթողման համար մենք մեղադրում ենք այս կուսակցութեանը` մոռանալով, որ նա կառավարութիւն չէ: Խստագոյն քննադատութեան ենք ենթարկում նրա այսօրուայ ղեկավարներին, որ յստակ չեն իրենց գործունէութեան մէջ, որ յապաղում են իրենց որոշումներում, անձնական շահերով են տարուած, որ կորցնում են ժողովրդի նախկին նուիրեալ հաւատը, որ աստիճանաբար նուազում է նրա հետեւորդների թիւը, եւ այլն, մոռանալով, որ կուսակցութեան ղեկավարների թուլութիւնը չի կարելի շփոթել այս կուսակցութեան խստագոյն օրէնքների հետ, որը միակամ ժողովրդին ծառայելու գործում չի կարող շեղուել իր ուղուց:
Չմոռանանք, որ այսօր էլ Միջին Արեւելքի արիւնալի իրարանցումում այս կուսակցութեան աչալուրջ, անձնուէր հսկողութեամբ է մեր ժողովուրդը պաշտպանւում, ինչպէս պաշտպանուեցին ու յաղթահարեցին Լիբանանի երկարատեւ հիւծող պատերազմը:
Այս կուսակցութեան աշխատանքի շնորհիւ իրենց արմատների վերադարձին են տենչում ջարդի պատճառով կրօնափոխուած հայութեան արթնացող հսկայական հատուածն այսօր:
ՀՅԴ առողջ երթը դեռ օդ ու ջրի պէս անհրաժեշտ է սփիւռքին, նոյնքան անհրաժեշտ է հայրենիքին իր աչալուրջ հսկողութեամբ` հետեւելու մեր կառավարութեան պետականութիւնը ազգայինից չշեղելու, ժողովրդի եւ սերունդների իրաւունքները չոտնակոխելու, համայն հայութեան միահաւասար ընդունելու եւ տէր կանգնելու նրա ճակատագրին աշխարհի բոլոր անկիւններում: Անհրաժեշտ է յատկապէս Արցախի ամբողջականութիւնն ու խաղաղութիւնը ապահովելու ու պահպանելուն, Միջին Արեւելքի եւ ընդհանրապէս որեւէ տեղ մեր վտանգուած ժողովրդին պաշտպանելու:
Այս օրերին աշխարհասփիւռ հայութիւնը սիրով ու նուիրումով է նշում այս կուսակցութեան 125-ամեայ գործունէութիւնը, խորին ակնածանքով խոնարհւում նրա նուիրագործուած հարուստ պատմութեան իւրաքանչիւր էջի յիշատակի առջեւ:
Այս կուսակցութիւնը իր բազմավաստակ ծանրաբեռ հարստութեամբ, անշուշտ, կարիքը չունի փառաբանման, յատկապէս` գովերգումների: Սակայն իր տարած գործունէութեան տարողութիւնը, անմնացորդ իր ժողովրդին ծառայելը, նրա ճակատագրին ու դատին մասնակից լինելը, նրա չաւարտուած դատը յամառօրէն իր աւարտին հասցնելու անկոտրում պայքարը պարտադրում են իւրաքանչիւր հայի, անկախ կուսակցական պատկանելիութեան եւ հաւատքի, ուսումնասիրել այս կուսակցութեան պատմութիւնը, որը նաեւ իր ժողովրդի պատմութիւնն է, խոնարհուել նրա վաստակի առջեւ, նրա գործի հաւատով իրենց կեանքը զոհաբերած մեր հերոսների յիշատակի առջեւ, յարգել ու պահպանել մեր պատմութեան մէջ ներդրած նրա անմնացորդ նուիրումը:
Ես ինձ երջանիկ եմ համարում, որ հաւատաւորն եմ այս կուսակցութեան, իմ աննշան մասնակցութեամբ օգնում եմ նրա հայազարգացման ու պահպանման երթին, մեր պահանջատիրութեան հասնելու նրա հիմք դրած գործին:
30 նոյեմբեր 2015թ.