Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17144

Կիրօ Մանոյեան. «Խրիմի Եւ Ուքրանիայի Հարցում Ռուսաստանից Դժգոհութեամբ Հանդերձ, Մերձաւոր Արեւելքում Ռուսաստանի Դերի Հետ Հաշուի Չնստել Արեւմուտքը Չի Կարող»

$
0
0

giro_interview-arminfo_110416

ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերու գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեան «Արմինֆօ»-ին տուած հարցազրոյցին ընթացքին նկարագրած է Սուրիոյ մէջ տեղի ունեցած վերջին իրադարձութիւններուն պատճառներն ու էութիւնը, թուարկած է հակամարտութեան շահագրգիռ կողմերը եւ վերջիններուն շահերը, լուսարձակի տակ առած է առկայ պայմաններուն մէջ «Պաղ պատերազմի» նոր ալիքի անկարելիութեան, ինչպէս նաեւ մեկնաբանած է ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման վերջին իրադարձութիւնները:

ԴԱՒԻԹ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Կարճ հարց, որը ենթադրում է ընդգրկուն պատասխան` ի՞նչ է այսօր տեղի ունենում Սիրիայում:

ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ.- 2011 թուականին սիրիական հակամարտութեան առաջացման պատճառներն ընդհանուր առմամբ ներքաղաքական խորք ունէին` հանդիսանալով «Արաբական գարուն»-ի շարունակութիւնը: Սակայն ժամանակի ընթացքում սիրիացիների ցանկութիւնները խիստ աղաւաղուեցին եւ գործնականում փոխարինուեցին արտաքին ուժերի շահերով: Սրա հետեւանք` այսօր Սիրիայում աւելի շուտ պատուիրակուած պատերազմ է, որում լուծւում են ոչ թէ սիրիացիների, այլ բոլորովին այլ երկրների եւ ուժերի խնդիրները, ինչի համար շատ թանկ են հատուցում սիրիացիները եւ Սիրիան:

ԴԱՒԻԹ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Ամէնից առաջ դուք նկատի ունէք Միացեալ Նահանգների եւ Ռուսաստանի շահե՞րը:

ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ.- Կարծում եմ` ամէնից առաջ խօսքը վերաբերում է Թուրքիային եւ Սէուտական Արաբիային, սակայն, Ռուսաստանը եւ Միացեալ Նահանգները, անշուշտ, նոյնպէս սեփական շահերն են հետապնդում սիրիական հակամարտութիւնում: Այնուամենայնիւ, Ռուսաստանը սիրիական հակամարտութեան անմիջական մասնակից դարձաւ բաւական ուշ: Այս առումով սպասել այդ հակամարտութեան մօտալուտ հանգուցալուծում կամ առաւել եւս ինչ-որ բան կանխատեսել` բաւական դժուար է: Համոզուած եմ, որ եթէ Սիրիայում լուծուէին բացառապէս սիրիացիների խնդիրները, հակամարտութիւնը նման տեւական բնոյթ չէր կրի` ողբերգութեան չվերածուելով սիրիացի ժողովրդի համար: Թուրքիայից եւ Սէուտական Արաբիայից բացի, հակամարտութիւնում ներգրաւուած է Քաթարը: Բոլոր այդ երկրները տարածաշրջանում Իրանի ազդեցութեան նուազեցման նպատակ են հետապնդում: Թուրքիան նոյնպէս շահագրգռուած է Սիրիայում քրտերի թուլացման հարցում: Ընդ որում, յայտարարելով «Իսլամական պետութեան» դէմ պայքարի մասին` հէնց Անգարան հնարաւոր ամէն բան արեց Սիրիայում վերջինիս ամրապնդման համար: Իրանն իր հերթին խիստ շահագրգռուած չէ Սիրիայում ուժի ձեւաւորմամբ, որն այնուհետեւ կը գործի իր իսկ դէմ: Լիբանանում ազդեցիկ «Հըզպալլա» կազմակերպութիւնը նոյնպէս դրանում շահագրգռուած չէ: Ընդ որում, վերջին 5 տարում Միացեալ Նահանգները բազմիցս փոխել է Սիրիայի առնչութեամբ իր դիրքորոշումը: Սկզբում պահանջում էր Պաշշար Ասատի անվերապահ հեռացումը: Այսօր արդէն հասկանում է, որ Ասատը լուծման ենթակայ խնդրի մի մասն է միայն: Եւ այսօր իր դիրքորոշումները շատ բաներում կախուած են այլ երկրների` նոյն Թուրքիայի եւ Սէուտական Արաբիայի մօտեցումներից: Ռուսաստանն ստիպուած էր մուտք գործել Սիրիա, քանի որ հակառակ դէպքում իր շահերը մերձարեւելեան գործընթացների ետնապարտէզում կը յայտնուէին: Կան նաեւ այլ խաղացողներ, սակայն Ռուսաստանը ցոյց տուեց, որ Սիրիայում է եւ այնտեղ էլ կը մնայ: Նոյնը Միացեալ Նահանգներու մասին այսօր հնարաւոր չէ ասել: Մերձաւոր Արեւելքում իր դերի պահպանման համար Ռուսաստանին պէտք է ներկայութիւն Միջերկրական ծովում, ինչի համար նրան անհրաժեշտ են սիրիական նաւահանգիստները:

ԴԱՒԻԹ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Ձեր խօսքերից կարելի է եզրակացնել, որ Սիրիայում հիմնական դիմակայութիւնը ծաւալւում է սիւննիների եւ շիաների միջեւ…

ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ.- Դա հիմնական ուղղութիւններից մէկն է միայն` մի կողմից Սէուտական Արաբիայի, Թուրքիայի եւ Քաթարի եւ միւս կողմից` Իրանի ու Հըզպալլայի մասնակցութեամբ: Թէեւ Թուրքիայի համար այստեղ կայ նաեւ հակամարտութեան այլ չափում. քրտերի մեծ մասը սիւննիներ են, այլ ոչ թէ` շիաներ:

ԴԱՒԻԹ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Սիրիա թուրքական ներխուժման նպատակը սահմանափակւում է «5 հազար քմ անվտանգութեան գօտու ստեղծմա՞մբ», թէ՞ իրականում Անգարայի առջեւ այլ խնդիրներ են դրուած:

ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ.- Բացառուած չէ, որ ժամանակի ընթացքում Թուրքիայի վերահսկողութիւնն այդ 5 հազար քմ նկատմամբ աւելի տեւական դառնայ: Սակայն Անգարան բաւական վաղուց էր պնդում նման անթռիչք գօտու ստեղծում, որտեղ կը տեղակայուէին սիրիացի փախստականները, թէեւ 5 հազար քմ.ն դրա համար, այնուամենայնիւ, բաւական շատ է: Կարծում եմ, որ այդպիսով Թուրքիան ձգտում է կանխել այդ տարածքների անցումը քրտերի վերահսկողութեան տակ: Կարծում եմ` ժամանակի ընթացքում Անգարան հնարաւոր ամէն բան կ՛անի այդ տարածքները բացառապէս սիրիացիներով բնակեցնելու համար` սեպ խրելով Սիրիայում քրտերի վերահսկողութեան տակ գտնուող տարածքում:

ԴԱՒԻԹ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Արդեօք Սիրիայում եւ Իրաքում փաստացի պատերազմի պայմաններում Թուրքիայի համար պահպանւո՞ւմ է Սիրիայի, Իրաքի եւ Թուրքիայի տարածքում քրտական պետութեան ստեղծման սպառնալիքը:

ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ.- Իրաքեան Քիւրտիստանի անկախութիւնն այսօրուայ պայմաններում էլ շարունակում է ամենահաւանական բեմագրութիւնը մնալ: Սակայն թէ՛ Թուրքիայի, թէ՛ Սիրիայի քրտերն ընդհանուր առմամբ անկախութեան մասին չեն մտածում: Յամենայն դէպս այդ մասին չի խօսւում` ի տարբերութիւն իրաքեան Քիւրտիստանի, թէեւ վերջինիս իշխանութիւններն իրենց ներքին քաղաքական տարաձայնութիւններն ունեն:

ԴԱՒԻԹ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Կարելի՞ է այսօր խօսել «Սառը պատերազմ»-ի շարունակման կամ դրա նոր ալիքի  մասին:

ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ.- Այդպէս չեմ կարծում: «Սառը պատերազմը» անհնար կը դարձնէր, օրինակ, ԵԱՀԿ Մինսքի խմբի գոյութիւնը, Ֆրանսայի եւ Ռուսաստանի նախագահների համագործակցութիւնը` նոյնիսկ Սիրիայի շուրջ հակասութիւնների առաջացումից յետոյ: Այն, ինչ տեղի է ունենում, ինչ որ առումով յիշեցնում է «Սառը պատերազմ»-ի տարիները, սակայն այսօր աշխարհում ամէն բան այնքան սերտօրէն է միահիւսուած, մասնաւորապէս` շահերը, որ նոյնիսկ փոխադարձ պատժամիջոցները կապերի վերջնական խզման չեն յանգեցնում:

Յատկապէս` Ռուսաստանի դէպքում, որը, որպէս միջազգային գործօն, ոչ միայն ուժեղ եւ ազդեցիկ, այլ նաեւ պատասխանատու պետութիւն է: Կարելի էր ենթադրել, թէ այսօր ով կը լուծէր հիմնական հարցերը Սիրիայում եւ Իրաքում, եթէ այնտեղ չլինէր Ռուսաստանը:

Այդ պատճառով Խրիմի եւ Ուքրանիայի հարցում Ռուսաստանից դժգոհութեամբ հանդերձ, Մերձաւոր Արեւելքում Ռուսաստանի դերի հետ հաշուի չնստել Արեւմուտքը չի կարող:

ԴԱՒԻԹ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Հաշուի առնելով, որ Ճէյմս Ուորլիքն աւելի շատ խօսում է ղարաբաղեան հիմնախնդրի փաթեթային, իսկ Մոսկուան փուլային կարգաւորման մասին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումներում, կարծես, պառակտում է նկատւում…

ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ.- Ամերիկացի համանախագահ Ուորլիքն, ըստ էութեան, 2014 թուականից խօսել է հակամարտութեան կարգաւորման փուլային տարբերակի մասին` կողմերին եւ գործընկերներին կոչ անելով համապարփակ պայմանագիրը կազմել առկայ մշակումների եւ պայմանաւորուածութիւնների հիման վրայ: Մինչդեռ մինչ այդ բանակցութիւնների տրամաբանութիւնը միանգամայն այլ էր` ենթադրելով բոլոր սկզբունքային հարցերի շուրջ վերջնական համաձայնութեան ձեռքբերում եւ դրանից յետոյ միայն համապարփակ համաձայնագրի մշակում: Մինչեւ 2016 թուականի ապրիլը փուլային կարգաւորման մասին Պաքւում սկսել էր խօսել նոյնիսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերկէյ Լաւրովը: Այսօր մեծ հաշուով արդէն բոլորն են հասկացել այդ խօսակցութիւններում գոյութիւն ունեցող վտանգը, ինչի վկայութիւնն էր բացառապէս տարածքների հարցը քննարկելու անթոյլատրելիութեան վերաբերեալ ռուսաստանցի համանախագահ Փոփովի յայտարարութիւնը: Նրան կրկնում է Ուորլիքը` պնդելով բացառապէս տարածքների եւ կարգավիճակի հարցերը քննարկելու անթոյլատրելիութիւնը: Այդպիսով, իրականում վերադարձել են բանակցութիւնների նախնական տրամաբանութեանը, նախեւառաջ, հէնց համանախագահները: Ըստ էութեան, այդ մասին բաւականին վաղուց խօսում էր Մեթիու Պրայզան` պնդելով, որ մէկ հարցի շուրջ համաձայնութեան բացակայութիւնը նշանակում է համաձայնութեան բացակայութիւն բոլոր միւս հարցերի շուրջ:

ԴԱՒԻԹ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Փաստելով բոլոր հարցերի շուրջ այդ համաձայնութեան բացակայութիւնը` կարելի՞ է արդեօք եզրակացնել, որ առաջուայ պէս ընթանում են բանակցութիւններ` յանուն բանակցութիւնների:

ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ.- Համանախագահների յայտարարութիւնների համաձայն, որոնք համահունչ են հայկական կողմի յայտարարութիւններին, այսօր բանակցութիւններ են ընթանում հրադադարի  խախտումների նկատմամբ վերահսկողութեան մեքանիզմների ստեղծման եւ դրա ամրապնդման շուրջ: Այսօր բուն խնդրի էութեան շուրջ բանակցութիւններ չեն տարւում:

ԴԱՒԻԹ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Նշէք ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցում հայկական դիրքերի համար սպառնալիքների հիմնական ուղղութիւնները:

ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ.- Կարծում եմ, որ ամէնից առաջ մեզ անհրաժեշտ է ամրապնդել սեփական դիրքերը` արտաքին ուժերին հնարաւոր բացերն օգտագործելու գայթակղութիւնից զրկելու նպատակով: Մենք չենք կարող ներսից թուլանալու շքեղութիւն թոյլ տալ մեզ` մշտապէս համախմբուածութեան անհրաժեշտութիւն զգալով: Նման համախմբուածութիւն հայ հասարակութիւնը, անշուշտ, դրսեւորեց ապրիլին: Եւ «Սասնայ ծռեր»-ի մասնակցութեամբ իրադարձութիւնների միջոցով այդ մթնոլորտին հարուած հասցնելու փորձ արուեց յուլիսին: Ընդ որում, ոչ թէ դրա մասնակիցների, այլ` արտաքին եւ ներքին ուժերի կողմից: Արտաքին սպառնալիք եմ տեսնում Ազրպէյճանի դիրքորոշման մէջ, յատկապէս` շփման գծում հրադադարի խախտումների ծաւալներն աւելացնելու վերջինիս ապրիլեան փորձի լոյսի ներքոյ: Կարծում եմ, որ Ազրպէյճանի բանակի կողմից պարբերաբար կրակոցներն ու խափանարարական ներխուժման փորձերը  լիովին կարող են լայնածաւալ պատերազմի նախադրեալներ ստեղծել:

Չեմ բացառում համանախագահող երկրների կողմից Հայաստանի նկատմամբ ճնշման հնարաւորութիւնը` միասին կամ առանձին, սակայն չեմ կարծում, թէ այն լինի այնպիսի ծաւալների, որ հայկական կողմն ի զօրու չլինի դիմակայելու:

ԴԱՒԻԹ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Արդեօք նման ծաւալների կարո՞ղ է յանգեցնել ռուս-թուրքական յարաբերութիւններում դիտուող հերթական գարունը:

ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ.- Այսօր Ռուսաստանն ու Թուրքիան առաջին հերթին փորձում են աշխուժացնել առեւտրատնտեսական յարաբերութիւնները, այդ թւում` «Թուրքական հոսք»-ի իրագործման միջոցով: Եւ նոյնիսկ եթէ այդ կազամուղը տեւական շահագործման դէպքում ժամանակի ընթացքում Արեւմուտքի համար ձեռք բերի աշխարհաքաղաքական կարեւորութիւն, տուեալ նախագծային փուլում «Թուրքական հոսք»-ը բացառապէս տնտեսական նախագիծ է:

Անգարայի եւ Մոսկուայի միջեւ այլ հարցերում համաձայնեցում չի դիտւում եւ, իմ կարծիքով, առայժմ չի նախատեսւում: Թէեւ Մոսկուան այսօր բոլոր ուժերով փորձում է հնարաւորինս Թուրքիային անջատել Արեւմուտքից: Հէնց այդ նպատակով խօսակցութիւններ են տարւում Ղարաբաղի շուրջ եռակողմ խորհրդատուութիւնների հնարաւորութեան շուրջ` Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարների մասնակցութեամբ: Սակայն հասկանալի է, որ ղարաբաղեան հիմնախնդիրը նման խորհրդատուութիւններով եւ նման ձեւաչափով չի կարող լուծուել: Նաեւ հասկանալի է, որ Մոսկուան նման մեծարանքներով փորձում է սիրաշահել Թուրքիային եւ Ազրպէյճանին: Պէտք չէ անտարբեր մնալ նման փորձերի նկատմամբ, սակայն, ակնյայտօրէն, հարկ չկայ նաեւ խուճապի մատնուել` հաշուի առնելով նման փոխադարձ սիրալիրութիւնների տակ դատարկութեան առկայութիւնը: Չի կարելի բացառել հայկական կողմերի հաշուին ղարաբաղեան հիմնախնդիրը լուծելու Ռուսաստանի փորձերը, սակայն դրանք ունեն իրենց սահմանները: Ռուսաստանը Հայաստանում ունի սեփական շահերը: Ու Երեւանի նկատմամբ Մոսկուայի վերաբերմունքը թելադրուած է հէնց այդ շահերով, այլ ոչ թէ` հայերի գեղեցիկ աչքերի պատճառով: Այդ ամէնը միանգամայն բնական է, սակայն գիտակցելով այդ հանգամանքը` մենք պէտք է հասկանանք, որ թուրք եւ ազրպէյճանցի բարեկամներին ընդառաջելու Ռուսաստանի ձգտումը կ՛ունենայ իր սահմանները, որոնք պայմանաւորուած կը լինեն առաջին հերթին մեր դիրքորոշմամբ  եւ Հայաստանում սեփական շահերը պաշտպանելու Ռուսաստանի ձգտումով:

Վարեց` ԴԱՒԻԹ ՍՏԵՓԱՆԵԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 17144

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>