ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Սիրիայի Հալէպ քաղաքի հայաբնակ թաղամասերի դէմ նպատակային հրթիռակոծումները շուրջ մէկուկէս տասնեակ հայերի զոհուելու ու վիրաւորուելու պատճառ են դարձել… Դա այն դէպքում, երբ հայ դպրոցականներին պատսպարելու պատասխանատուների փրկարարական ջանքերը արդիւնաւորուել են` յաւելեալ զոհերից ու վիրաւորներից խոյս տալով:
Մինչ սիրիական 5-ամեայ դժոխային պայմանների բարելաւման գծով միջամուխ կողմերի եւ առաւել եւս Միացեալ Նահանգներ-Ռուսաստանի շահերի բախումը լաւատեսութեան հիմքեր չեն ներշնչում, տարածաշրջանի ՏԱՀԵՇ-ամէտ խաղացողները, յանձինս Թուրքիայի եւ Ս. Արաբիայի, ստեղծուած նոր կացութիւնները սեփական շահերի ուղղութեամբ են չարաշահում: Հէնց երէկ Ս. Արաբիայի թագաժառանգ պըն Նայեֆը հանդիպման էր շտապել Անգարա` Էրտողանի հետ դաւադրական հաշուարկները համադրելու համար, իսկ նոյն պահերին էլ` հրթիռակոծւում են Հալէպի հայկական-քրիստոնէական թաղամասերը…
Սիրիական ճգնաժամում թուրք-սէուտական շահերը եւ դաւերը կիրառուել են ոչ այլ կերպ քան` ընդգծուած հակապաշշարասատական, հակաիրանական, հակաքրտական, հակառուսական եւ բնականաբար` հակահայկական գործընթացներով…
Իրանի պետական ռատիոյի երէկուան «շաբաթական վերլուծութեան» բնաբանը, որը պըն Նայեֆ-Էրտողան հանդիպումը խիստ բացասական երանգներով էր բնութագրում, եւ միւս կողմից` Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան դատապարտանքի յայտարարութիւնը` Հալէպի հայկական կենտրոնների թիրախաւորման կապակցութեամբ, մէկ անգամ եւս ապացուցում են Իրան-Հայաստան-Ռուսաստան շահերի ընդհանրութեան մասին, յատկապէս` տարածաշրջանային ու մասնաւորապէս սիրիական տագնապի առնչութեամբ:
Մինչ այդ, սակայն, տեղին է կրկնակիօրէն զօրակցել հայաշխարհով մէկ` սիրիահայ մեր հերոսական համայնքի քաջարի հայորդիներին, կարելի բոլոր միջոցներով…