Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17090

Նրանք Միասին Ծովեր Ունէին Անցնելու…

$
0
0

ՀԵՐՄԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ

10949822_1405300286433291_59395776_n1_92616Հերոսներն իրենք են կերտում իրենց կերպարը, սակայն այդ կերպարն անաղարտ պահելու-պահպանելու պատասխանատուութեան մի մասը կրում են նրանք, ովքեր կոչուած են ամբողջ կեանքում նրանց ուղեկիցը լինելու: Հայ կինն այս առումով միշտ առանձնացել է իր առաքինութեամբ ու ոչ պակաս հերոսական կերպարով: Արցախեան ազատամարտը նորից ցոյց տուեց, որ հայ կինը կարող է նաեւ միայնակ իր ուսերին կրել ընտանեկան ողջ բեռը, հայրերի դասերը փոխանցել որդիներին` պատուով մեծացնելով հայրենիքին արժանի նոր զինուորներ…

Նելլի Ղուլեան անունն Արցախում շատերին է յայտնի: Նրան ճանաչում ու սիրում են ոչ միայն հերոս ամուսնու անունով, այլեւ` իւր պարկեշտ, ազնիւ ու հայեցի կերպարով…

Ղուլեանների հիւրընկալ բնակարանում ինձ առաջինը դիմաւորեց փոքրիկ Աշոտիկը, ով իր աշխուժ ու մարդամօտ խաղերով ինձ ներս հրաւիրեց: Ապա վազեց ու թաքնուեց Նելլի տատիկի գրկում: Նրանք համեստօրէն իրար փարուեցին, եւ ես անսահման սէր տեսայ կնոջ տառապած աչքերում: Նելլին արդէն տատիկ է, որքան տարիներ են անցել… Առանց Աշոտի նա արդէն տատիկ է… Նոր Աշոտ է ընտանիքում մեծանում, նոր յոյս, նոր ապաւէն, նոր զինուոր… Տայ Աստուած, նա միայն ու միայն խաղաղութեան զինուոր լինի…

«Աշոտը երեխաներ շատ էր սիրում,- պատմում է Նելլին,- պատերազմի օրերին նրան տանը չէինք տեսնում, բայց երեխաների ծննդեան օրերին անպայման գալիս էր, թէկուզ մի քանի րոպէով, գրկում էր երկու տղաներին, խաղում մի լաւ հետները ու նորից հեռանում: Թէ ուր էր հեռանում, դէպի որ կողմը, որ մարտին` չէր ասում, չէր սիրում այդ մասին խօսել: Մենք միշտ նրան սպասում էինք: Հիմա էլ, այսքան երկար ու ձիգ տարիների բաժանումից յետոյ, ես չեմ հաւատում, որ նա հեռու է մեզանից, ասես` շարունակում է ապրել մեզ հետ, մեր կողքին, մեր հոգսերով, անհրաժեշտ պահին խորհուրդ է տալիս, չի թողնում նեղսրտեմ… Աշոտը միշտ կայ… Պատկերացնում եմ, թէ նա ոնց կը խաղար փոքրիկ Աշոտիկի եւ միւս երկու թոռնիկների հետ…»:

Տիկին Նելլին երեք որդիների մայր է: Փոքր որդին ծնուել է հօր մահից մի քանի ամիս յետոյ: Աշոտի Ղուլեանի մարտական ընկերները նրան կոչել են Բեկոր` հօր մարտական անունով: Նելլին չի ընդդիմացել, թէեւ ամէն անգամ որդուն կանչելիս անհաշուելի արցունքներ է կուլ տուել` որդիներից թաքցնելով կորստի մրմուռը:

«Աշոտը դառը մանկութիւն է ունեցել,- պատմում է Նելլին,- նա ծնուել ու մեծացել է Պաքւում: Երբ դեռ 6 տարեկան էր, կորցրեց եղբօրը` Արթուրին: Աշոտն ու Արթուրը, ով 5 տարեկան էր, բակում խաղում էին: Աշոտի աչքի առաջ ազրպէյճանցի վարորդը մեքենայի տակ է գցում եղբօրը, թողնում ու անհետանում: Եղբօր կորուստն ընդմիշտ մնում է Աշոտի սրտում ու երեւի հէնց այդ պահից նրա մանուկ հոգում ծնունդ է առնում ատելութիւնը: Այդ ատելութիւնն էլ աւելի է կուտակւում, երբ հիւանդ մայրը կորստի ցաւից մահանում է: Մօր մահից յետոյ ընտանիքով տեղափոխւում են Ստեփանակերտ…»:

10945104_1405361216427198_421194935_n11_92616

Աշոտն ու Նելլին ամուսնանում են 1985-ի սեպտեմբերին, 1986-ին ծնւում է նրանց առաջնեկը` Արթուրը: Յետոյ կամաց-կամաց սկսում են քաղաքական խմորումները, Աշոտը դառնում է անհանգիստ, մտահոգ, քչախօս: Հայրենիքի վիշտը տանջում էր նրան: Նա հասկանում էր, որ առանց արիւնի Արցախի հարցը չի լուծուի: Պատերազմն անխուսափելի է: Լծւում է զէնք հայթայթելու գործին:

Ընկերների` Արկադի Կարապետեանի, Վալերի Բալայեանի, Աշոտ Սարգսեանի եւ շատ ուրիշների հետ գաղտնի զբաղւում են զէնք հայթայթելու գործով, գործում էին գաղտնի: Նելլին անկեղծանում է. «Այդ ժամանակ դեռ լաւ չէի պատկերացնում նրա գործը, երբ հարցնում էի, սաստում էր, ասում, որ դա կնոջ գործ չէ: Կամաց-կամաց սկսեցի հասկանալ, որ վիճակը օրհասական է, հայրենիքի լինել-չլինելու հարցն է…»:

Աշոտն ինքնաշէն զէնքեր էր պատրաստում` ինքնաձիգ, նռնականետ, նռնակ, հրացան եւ այլն: Ընկերների հետ սկսում է մասնակցել փարթիզանական մի շարք գործողութիւնների:

1991 թուականին, երբ սկսւում է արցախեան բանակի առաջին զօրամասերի կազմաւորումը, Աշոտ Ղուլեանի հրամանատարութեանն է յանձնւում առաջին` գլխաւոր վաշտը: Աշոտը մասնակցում է շատ ու շատ մարտերի` Ասկերանի, Հադրութի, Շահումեանի, Բուզլուխի, Վերին Շէնի, Մանաշիդի, Մալիբէյլուի, Խոջալուի, Կրկժանի, Լեսնոյի, Քարինտակի, Շուշիի, Լաչինի, Մարտակերտի, Կուսապատի, Մաղաւուզի, Սրխաւենդի, Բաշ-կիւնեփայայի, Օրթա-կիւնեփայայի, Դրմբոնի…

Նրա շուրջը առասպելներ էին հիւսւում: Նրան կնքեցին մարտական անունով` Բեկոր (Ասկոլկա): Մարմինը լցուած էր բեկորներով, բազմիցս վիրաւորուել էր, բայց տոկում էր:

«Հայրենասիրութիւնը ոչ այլ ինչ է, եթէ ոչ` քեզ վրայ դրուած պարտաւորութիւնների բարեխղճօրէն կատարում»: Սա Աշոտի մտքի գոհարներից է: Մարդ, ով բարձրագոյն կրթութիւն չունէր, ծնուել-մեծացել էր Պաքւում, հայրենիքից հեռու, սակայն այնքան մօտ, այնքան հարազատ էր զգում Արցախը: Արցախի կանչը նրա արեան մէջ էր, այդ կանչով էր ապրում: Այդ կանչն էր նրան մարտի տանում:

Տիկին Նելլին յիշում է. «Աշոտը մի օր Դաշնակցութեան կանոնագրութիւնն իր հետ բերեց տուն, կարդում էր: Յետոյ իմացայ` ընկերների հետ զինուորագրուել է Դաշնակցութեանը»:

Աշոտը չէր հասցնում տան հոգսերով զբաղուել, աւելի կարեւոր գործ ունէր, պատերազմ էր: Տան հոգսերը Նելլին միայնակ էր կրում: Երբ պիտի ծնուէր երկրորդ որդին` Համայեակը, Աշոտը կողքին չէր: Կնոջ նուրբ սիրտը ցաւում էր, նեղացաւ ամուսնուց: Յետոյ ամէն ինչ պարզ դարձաւ. այդ նոյն օրը Եղվարդում վիրաւորուել էր կոկորդից, ինքնաշէն զէնք էր փորձարկում: Քլինիքական մահ տարաւ: Չէր ուզում Նելլին իմանար: «Օրեր անց, երբ եկաւ, ամէն ինչ իմացայ: Նա կողքիս փռշտաց եւ բեկորը կոկորդից դուրս թռաւ: Ես ինձ մեղաւոր զգացի նրա առաջ»:

Աշոտը 11 անգամ վիրաւորուել է տարբեր մարտերում: Ամբողջ մարմինը բեկորներով լցուած այդ տղամարդը չէր ընկրկում ոչ մի ցաւի առաջ, նորից ու նորից մարտի էր նետւում: Տղաները յորդորում էին, որ իրեն լաւ նայի, մնայ տանը կամ հիւանդանոցում, չէր ընդունում ոչ մի զրոյց, ծիծաղում էր: Նրա շուրջը առասպելներ էին հիւսւում: Շատերը գիտէին, թէ յաղթանդամ, տարիքով մի տղամարդ է, այնինչ հասարակ, նիհար մի տղամարդ էր, հոգում` մեծ սէր, մեծ հարստութիւն…

«1991-ին մի օր ինձ ասաց` պիտի տեղափոխուենք Խնձրիստան: Իմ եւ նրա հայրերն այդ գիւղից են: Երբ իմացայ, որ գիւղում  պիտի մնանք, սկսեցի երկմտել` արդեօք ինչո՞վ եմ գիւղում զբաղուելու, ինչպէ՞ս կը յարմարուեմ: Ես քաղաքում եմ ծնուել, քաղաքում մեծացել», մի խորհրդաւոր ժպիտ կանգ է առնում Նելլիի շուրթերին. Աշոտի խօսքերն է մտաբերում. «Ի՞նչ պիտի անես, մանկապարտէզի վարիչ կը լինես, երեխաներ կը դաստիարակես»:

Աշոտը երեւի կանխազգում էր, որ մի օր` տարիներ անց, Նելլին, իրօք, մանկապարտէզի վարիչ կը դառնայ: 1998-ին Նելլին պիտի անդամագրուէր Հայ օգնութեան միութեանը եւ դառնար ՀՕՄ-ի Ստեփանակերտի «Սօսէ» մանկապարտէզի վարիչ…

«Գիւղում գիշերը տղերքով հաւաքւում էին մեր տան նկուղում, ժամերով զրուցում: Չէր թողնում իջնեմ նկուղ: Օրեր անց իմանում էի նրա ու նրա ջոկատի յաղթանակների մասին: Պատահում էր յաճախ` մեծ խմբով տուն էին գալիս: Աշոտը շտապ պատուիրում էր սեղան բացել: Ինչ պատահի, ինչ տանը կար, դնում էի սեղանին, եղած-չեղածից մի բան էի սարքում, տղերքն ախորժակով ուտում էին: Ես էլ մեծ բաւականութիւն էի ստանում», շարունակում է թերթել յիշողութեան էջերը:

Դրմբոն գիւղի ազատագրման համար մղուող մարտը ճակատագրական եղաւ Բեկոր-Աշոտի համար: 1992 թուականի օգոստոսի 24-ին գնդակը գտաւ հերոսին: Այդ օրը նա միացաւ բոլոր նրանց, ովքեր կոչուած են յաւիտեանս ապրելու, ովքեր իրենց կեանքով ու գործով անմահութեան վկաներ են…

10719251_1405299546433365_1368303654_n1_92616Առանց Աշոտի Նելլին երեք տղաներ է մեծացրել: Երբ հարցնում եմ որդիների մասին, նա հպարտութեամբ է լցւում: Մեծը` Արթուրը, մինչեւ վերջերս ծառայում էր այն գնդում, որի հրամանատարն էր հայրը: Միջնեկը` Համայեակը, սովորում է Յունաստանում, ապագայ ռազմական բժիշկ է, իսկ փոքրը` Բեկորը, գիւղատնտեսի մասնագիտութիւն ունի, աշխատում է Գիւղատնտեսութեան նախարարութիւնում:

Նելլին 1998-ից մինչ այսօր աշխատում է Ստեփանակերտի «Սօսէ» մանկապարտէզում` որպէս տնօրէն:

Աշոտ Ղուլեանին, հայրենիքին մատուցած բարձր ծառայութեան համար, յետ մահու շնորհուել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի, «Ոսկէ արծիւ» շքանշաններ, արժանացել է «Արցախի հերոս» կոչմանը: ԼՂՀ կենտրոնական պաշտպանութեան շրջանի առաջին գումարտակը, որը ստեղծուել է առաջին վաշտի հիմքերի վրայ, այսօր կրում է Բեկորի անունը: Ստեփանակերտում կանգնեցուած է նրա յուշարձանը: Յուշարձանի վրայ գրուած է` «Ես ծովն եմ սիրում»:

Աշոտը ծով շատ էր սիրում, երազանք ունէր` ցանկանում էր շրջել բոլոր ծովերով, տեսնել, ծանօթանալ, թէ ինչպէս են ապրում տարագիր հայերը…

«Ղարաբաղը լոկ սկիզբն է, վերջը պիտի լինի Արեւմտեան Հայաստանը». այս խօսքերը պատկանում են առասպել-մարդուն կամ պարզապէս Բեկորին,  ով կարողացաւ ճշմարիտ ապրել իր կեանքը` իր անունն ու գործը որպէս հպարտութիւն կտակելով իր ընտանիքին ու ողջ հայ ժողովրդին…

«Դժուար օրեր շատ ենք ունեցել, բայց գօտեպնդուել եմ, միշտ մտածել եմ` իրաւունք չունեմ ընկճուելու, Աշոտը  նայում է վերեւից, չի ների», Նելլին թաքցնում է յուզմունքը:

– Տատի՛, շոկոլաթ կ՛ուտե՞ս,- նկատելով տատի տխրութիւնը` մեր զրոյցին խառնւում է փոքրիկ Աշոտիկը:

– Չէ՛, դու կեր, տղա՛ս, կե՛ր, որ շուտ մեծանաս:

Աշոտիկը տատիկի գրկում` ժպտում է…

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 17090

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>