Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17580

«Ակօս»-ի Արխիւից. Սուրբ Թէոդորոս Եկեղեցուց Մինչեւ Քուրշունլու Մզկիթ

$
0
0

nm_kursunlu_camii_2258_2113

«Ակօս» թերթում լոյս տեսած յօդուածի շնորհիւ տեղափոխւում ենք Տիգրանակերտի Սուրիչիում վերջերս այրուած Քուրշունլու մզկիթի անցեալ: Սոյն յօդուածը պատկանում է լուսահոգի Սարգիս Սերոբեանի գրչին:

Թէ Ինչպէ՛ս Սուրբ Թէոդորոս Եկեղեցին Դարձաւ Քուրշունլու Մզկիթ

Որոշ պատմական կառոյցների վերափոխումները շատ բան են պատմում տեղի ունեցածի վերաբերեալ: Ասածիս վառ օրինակն է հանդիսանում Տիգրանակերտի Սուրբ Թէոդորոս եկեղեցու` Քուրշունլու անուամբ մզկիթի վերածուելու պատմութիւնը: 1950-ական թթ. Միացեալ Նահանգներում լոյս տեսած Տիգրան Մըգունդի «Ամեդի արձագանգները» աշխատութիւնում, որն այսօր շատ դժուար է գտնել, Տիգրան Մ. Պոյաճեանը ներկայացնում է այս շինութիւնների ողբերգական պատմութիւնները: Ձեզ ենք ներկայացնում այդ պատմութիւններից արուած մի ծաղկաքաղ. «Մկրտիչ Նաղաշը Ամեդի հոգեւոր առաջնորդն ու Սուրբ Թէոդորոս եկեղեցու արքեպիսկոպոսն էր: Եկեղեցին աւելի էր ընդարձակել եւ եկեղեցուն կից հոգեւոր դպրոց բացել: Վանքի պարիսպները ձգւում էին ամրոցի պարիսպներից մինչեւ Սըրալար կոչուած ջուլհականոցները, մինչեւ արեւմտեան պարիսպներ` ներառելով նոր շուկան եւ ձիերի շուկան: Այստեղ էին նաեւ վանքի այգիները, գմբէթաւոր սենեակները, կամարապատ բակերն ու առաջնորդարանը:

15-րդ դարի առաջին քառորդին` Հայաստանի պատմութեան ամենադժուարին ժամանակաշրջանում իշխում էին ագգոյունլուներն ու գարագոյունլուները: Գարագոյունլուների գերիշխանութեան տակ էին Հայաստանն ու Իրանի հիւսիսը` Թաւրիզ մայրաքաղաքով, իսկ ագգոյունլուների գերիշխանութիւնը տարածւում էր Հայաստանի հարաւում, Միջագետքից մինչեւ սեւծովեան նեղուցնէր: Ամեդն էլ ընկած էր այս շրջանի մէջ: Նաղաշի օրօք ագգոյունլուների առաջնորդը սուլթան Օսմանն էր: Նաղաշը վերջինիս հետ բարեկամական յարաբերութիւններ հաստատելով` եկեղեցու գմբէթը վերանորոգելու թոյլտուութիւն էր ստացել: Այդ ժամանակներում քրիստոնեաներն առանց իշխանութիւնների թոյլտուութեան ոչինչ չէին կարող կատարել: Նման պայմաններում եկեղեցու գմբէթը վերանորոգելու համար փատիշահի ֆերման ձեռք բերելն ամբողջովին Նաղաշի դիւանագիտական յաջողութիւնն էր»:

Ենթադրւում է, որ Մկրտիչ Նաղաշը մահացել է Ամեդում եւ թաղուել Սուրբ Թէոդորոս եկեղեցում` համաձայն ժամանակի աւանդոյթների: Պոյաճեանը, Ամեդի հպարտութիւնը համարուող Սուրբ Թէոդորոս եկեղեցու ոչնչացումը հայոց պատմութեան սեւ էջերից մէկը համարելով` գրում է. «Այն դէպքում, երբ մի հոգեւորական եկեղեցու փառահեղութեան համար ողջ կեանքում ջանք չի խնայում` այն վերածելով ժամանակի մշակութային կենտրոնի, ցաւօք, 75 տարի անց մէկ այլ հոգեւորականի` մի նոր Վասակի ձեռքով եկեղեցին յանձնւում է կռապաշտներին, եւ Աստծոյ սրբացմանը նուիրուած տաճարի անունն էլ վերածւում է Քուրշունլու մզկիթի»:

Մի Դաւաճանութեան Պատմութիւն

«1516-1517 թթ. Ամեդ եկած օսմանեան արքայազնը, գոհանալով իրեն ցուցաբերած ընդունելութիւնից, ցանկանում է քաղաքին մզկիթ նուիրել: Քաղաքը շրջելով` յարմար վայր չի գտնում. բարձրանում է միջնաբերդի Վիրանգալէ աշտարակ, աչքերը կապում եւ անյայտ ուղղութեամբ նետ արձակում` ծայրին կարմիր ժապաւէն: Այնուհետեւ մունետիկներ ուղարկում` յայտնելու, որ նետի ընկած վայրում մզկիթ է կառուցելու, իսկ տարածքի տիրոջն էլ առատաձեռն կերպով վարձահատոյց է լինելու:

Մէկ շաբաթ անց Սուրբ Թէոդորոս վանքի խնամքի համար պատասխանատու վանականը վանքի կտուրին գտնում է կարմիր ժապաւէնով նետը: Թիկնոցի մէջ թաքցնելով` յաջորդ օրը նետը տանում է արքայազնին եւ ասում, որ քրիստոնեայ հոգեւորական է, սակայն որոշել է, որ իսլամն է ճշմարիտ կրօնը:

Արքայազնը հարցնում է, թէ ո՞ւմ պէտք է փոխհատուցի հողակտորի գինը: Վանականը պատասխանում է, որ եթէ արքայազնը դէմ չէ, ապա ինքը կարող է բաժանել: Այնուհետեւ արքայազնը խոստումը կատարում է` հրամայելով իր գանձարանի ոսկիները թափել գորգին այնքան ժամանակ, երբ վանականը կասի «բաւական» է: Դիզուած ոսկու կոյտից կուրացած վանականը վերջապէս ասում է «բաւ» է: Ահա այդ ժամանակ էլ արքայազնը հարցնում է.

– Ասացիր, որ երկար ժամանակ է, ինչ սիրում ես իսլամը: Մինչդեռ դու քրիստոնեայ կրօնաւոր ես, այնպէս չէ՞:

– Այո՛, ձերդ գերազանցութիւն,- պատասխանում է վանականը:

– Կարծեմ, դուք հոգեւորական դառնալիս երդում էք տալիս, որ հաւատարիմ կը մնաք ձեր կոչմանը:

– Այո՛, ձերդ գերազանցութիւն, սակայն դա քրիստոնէութեան համար է:

– Այժմ ինձ լաւ լսիր: Ինչպէս տեսնում եմ, այս գորգի վրայի ոսկիների համար դու մերժում ես քո հաւատքը: Աստծոյ անունով արածդ երդումը դէն ես նետում փարաջայի պէս: Ես կրօնական չեմ, սակայն վստահ եմ, որ ոչ մի իմամ կամ միւֆթի քո պատմութիւնը լսելուց յետոյ համաձայն չի լինի, որ դու իսլամ ընդունես: Խղճո՛ւկ արարած, դու հասկանո՞ւմ ես, թէ քո ազգին ի՛նչ վատութիւն ես անում: Քանի որ խօսքիս տէրն եմ, հրամայում եմ գորգի վրայի ոսկիները պարկի մէջ լցնել, կապել իր հաւատքը մերժող վանականի շալակին եւ քաղաքի հրապարակում գլխատել, իսկ այս կեղտոտ ոսկիներն էլ բաժանել քաղաքի աղքատներին:

Այնուհետեւ արքայազնը հրամայում է Սուրբ Թէոդորոս վանքի քահանայապետին նամակ գրել, բացատրել իրավիճակը եւ հրամայել` երեք օրուայ ընթացքում լքել եկեղեցին` այն յանձնելով մուսուլմաններին:

Հայերը երեք օրուայ ընթացքում տանում են այն, ինչ կարողանում են: Այն, ինչ էլ մնում է, մուսուլմանները հրի են մատնում: Այսպիսով, 1517 թ. Սուրբ Թէոդորոս վանքը յաւերժ թաղւում է խաւարում: Սուրբ Կիրակոս եկեղեցու գլխաւոր մուտքի աջ կողմի պատի վրայ կարդում ենք հետեւեալ արձանագրութիւնը.

«Սուրբ Թէոդորոս վանքը նահատակուել է 1517 թ.»:

Գեղեցկութեանը Նուիրած Մի Կեանք` Մկրտիչ Նաղաշեան

Ուշ միջնադարի յայտնի աշուղներից մէկը` մանրանկարիչ եւ հոգեւորական Մկրտիչ Նաղաշը ծնուել է Պիթլիսի Բոր գիւղում մօտաւորապէս 1394-1395 թթ.: Բացի աստուածաբանութիւնից եւ փիլիսոփայութիւնից, տիրապետել է նաեւ մի քանի արեւելեան լեզուների ու դասական յունարէնի: Կնոջ մահից յետոյ, 1420 թ. գալով Միջագետք` Ամեդում հոգեւորական է դարձել: 1430 թ. կաթողիկոսը նրան նշանակել է 24 գաւառի եպիսկոպոս: Միջագետքի իշխան Օսման պէյի հովանու տակ նոր եկեղեցիներ է կառուցել, հները վերանորոգել ու դպրոցներ հիմնել: 1434 թ. իր նախագծով կառուցել է Էրգանիի Բարձրահայեաց Մարիամ Աստուածածին եկեղեցին: 1439-1443 թթ. վերանորոգել է Ամեդի Սուրբ Թէոդորոս եկեղեցին: Տեղի մուսուլմանների զայրութի պատճառ է դարձել այն, որ եկեղեցու գմբէթը քաղաքի մինարեներից աւելի բարձր է եղել: Օսման պէյին յաջորդած որդին` Համզան, հրամայել է քանդել եկեղեցու գմբէթը:

Այս ամէնից շատ ազդուած` Մկրտիչ Նաղաշը լքել է Ամեդը, գնացել Կոստանդնուպոլիս, ապա` Թէոդոսիա: Չորս տարի անց Համզայի որդի Ճիհանկիրը Միրզա Նաղաշին հրաւիրել է Ամեդ` թոյլ տալով գմբէթը վերակառուցել: Վերանորոգումն աւարտին է հասցրել Նեկամեդ վարպետը` 1447 թ.:

1470 թ. մահկանացուն կնքած Մկրտիչ Նաղաշն թողել է բազմաթիւ բանաստեղծութիւններ, յուշեր ու պատմական փաստաթղթեր:

http://www.agos.com.tr/tr/yazi/7976/agos-un-arsivinden-aziz-teodoros-kilisesi-nden-kursunlu-camii-ye

Թարգմանեց
ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆԸ

«Ակունք»
26/7/2016

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 17580

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>