Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17090

«5-րդ Շարասեան» Նպատակը «Գունաւոր Յեղափոխութեան» Իրականացումը Չէ, Այլ` Ազգային Հիմքերի Խարխլումը

$
0
0

ՄԵՏԱՔՍԷ ՔՈԼՈԶԵԱՆ

«5-րդ Շարասիւն» Երեւոյթը Հայաստանում

Հայաստանում գործող «5-րդ շարասեան» միակ նպատակը «գունաւոր յեղափոխութեան» իրականացումը չէ, այլ` հազարամեակներով ձեւաւորուած ազգային հիմքերի խարխլումը:

Ականատես լինելով վերջին տարիներին արաբական աշխարհում եւ յետխորհրդային երկրներում «դեմոկրատիայի», «խօսքի եւ խղճի ազատութեան», «մարդու իրաւունքների» համար տարուած պայքարների արդիւնքում գրանցուած «նուաճումների», հասկանալի է դառնում, որ միայն ժամանակակից զինատեսակներն ու հզօր բանակը չեն երաշխաւորում պետութեան լիակատար անվտանգութիւնը եւ սերունդների հետագայ զարգացումը: Ներկայիս արժեհամակարգային պատերազմի պայմաններում գերտէրութիւնների հիմնական թիրախն է հանդիսանում մարդկանց ենթագիտակցութիւնը, որին տիրելը եւ նրա վրայ ճնշում գործադրելը դարձել է շատ դիւրին: Երկարատեւ հետազօտութիւնների արդիւնքում (մասնաւորապէս` Հարվըրտի, Օքսֆորտի, Քոլումպիայի եւ Եէյլի համալսարաններին կից կենտրոնների եւ RAND ընկերութեան ուսումնասիրութիւնները` կապուած «գունաւոր յեղափոխութեան» կազմակերպման հետ) մշակուել են զանազան մանիպուլիացիոն տեխնոլոկիաներ, որոնց կիրառման մէջ «5-րդ շարասիւնն» ունի հիմնական դերակատարութիւն:

«5-րդ շարասիւն» եզրոյթն առաջացել է 1936 թ.-ին Սպանիայում` ազգայնականների եւ հանրապետականների միջեւ ընթացող քաղաքացիական պատերազմի ժամանակ: 1936 թ.-ի Հոկտեմբերի 15-ին Մատրիտի վրայ յարձակում պատրաստելիս ազգայնականների զօրավար Էմիլիօ Մոլան իր ելոյթի ժամանակ յայտարարում է, որ բացի իր ունեցած չորս բանակային շարասիւնից, կայ նաեւ հինգերորդը` կազմուած ներքին գործակալներից, որը գտնւում է հէնց մայրաքաղաքի սրտում:

Ժամանակակից մեկնաբանմամբ «5-րդ շարասիւն» եզրոյթը վերագրում են այն անհատներին եւ կազմակերպութիւններին, որոնց գործունէութիւնը բնութագրւում է հետեւեալ կերպ.

. Ազգային արժեհամակարգի վարկաբեկում` դրսից ներմուծուած «առաջադէմ եւ քաղաքակիրթ արժէքների» քարոզչութեան միջոցով.
. Օտար, անհասկանալի եզրոյթների եւ դարձուածքների աշխուժ  կիրառում (հոգեւոր, մտաւոր եւ բնազդային ազդեցութեան նպատակով),
. Գործող իշխանութիւնների ձախողումների շահարկում եւ ժողովրդի արդար զայրոյթի ուղղորդում,
. Ֆինանսաւորող երկրների քաղաքական, տնտեսական, հասարակական եւ լրատուական ոլորտների կառոյցների հետ սերտ համագործակցութիւն,
. Յօդուածներում, ելոյթներում, բողոքի արարքների ժամանակ սադրիչ պահուածքի դրսեւորում (մասնաւորապէս` արիւնոտ, յուզական պահեր).
. Ներքաղաքական անկայունութեան հրահրում, հիմնականում` արհեստականօրէն ստեղծուած թիրախների դէմ պայքարի միջոցով:

«5-րդ Շարասեան» Գործունէութեան Համընդհանուր Բնոյթը

«5-րդ շարասիւնը» ստեղծւում է արհեստականօրէն` դրսի ուժերի ֆինանսաւորմամբ (վերահսկողութեան հիմնական գործիք) եւ կազմակերպչական արհեստագիտութիւնների կիրառմամբ` հիմնուելով տուեալ երկրում առկայ պայթիւնավտանգ խնդիրների վրայ: Այս գործընթացից անմասն չեն մնում նաեւ ենթակայականութիւնից զուրկ իշխանութիւնները, ովքեր նոյնպէս սնւում են այդ աղբիւրներից` փաստացի օրինականացնելով եւ հեշտացնելով «5-րդ շարասեան» գործունէութիւնը: Ճիշդ հակառակն է լինում ենթակայականութեան  բարձր աստիճան ունեցող պետութիւնների պարագայում, մասնաւորապէս` Միացեալ Նահանգներում գործում են մի շարք իրաւական աքթեր, օրինակ` 1938 թ.-ից գործող օտարերկրեայ գործակալների մասին FARA-ի (Foreign Agents Registration Act) օրէնքը, որի համաձայն, Միացեալ Նահանգների տարածքում օտար ֆինանսաւորում ունեցող եւ օտար ուժերի շահերը սպասարկող որեւէ անհատ կամ կազմակերպութիւն գրանցւում է որպէս օտարերկրեայ գործակալ: Ըստ այդ օրէնքի, զգալի սահմանափակուած է նրանց գործունէութիւնը եւ խստացուած է ֆինանսական հաշուետուութիւնների ողջ համակարգը:

«Դրսի ուժեր» պայմանական անուան տակ գործում են այնպիսի կազմակերպութիւններ, ինչպիսիք են` NED (National Endowment for Democracy), OSF (Open Society Foundation), NDI (National Democratic Institute), IRI (International Republican Institute): Այդ եւ նմանատիպ կազմակերպութիւնների միջոցով օտար նուիրատու կառոյցներն իրականացնում են «5-րդ շարասեան» վերահսկողութիւնը եւ ֆինանսաւորումը` նրանց առջեւ դնելով երկու հիմնական խնդիր (մասնաւորապէս` օգտագործելով 1973 թ.-ին Ճին Շարփի ոչ բռնի ընդվզող գործողութիւնների մասին աշխատութիւնը` Gene Sharp, «198 methods of nonviolent action»)`

* Դժգոհութեան ալիքի ուժգնացում ` «փողոցային պայքարի» տեսքով.

Ժողովրդի մէջ իրականում տիրող դժգոհ տրամադրութիւնները խոհանոցային եւ վիրթուալ հարթութիւնից դուրս են բերւում փողոց` անհնազանդութեան դրսեւորումներով: Հարկ է նշել, որ բացարձակ կարեւոր չէ, թէ դժգոհութիւնն ինչ բնոյթ է կրում ` ազգային, ընկերային, թէ քաղաքական: Կարեւոր է այն, թէ դրանցից որն է աւելի արդիւնաւէտ` «գունաւոր յեղափոխութիւնների» իրականացման համար.

* Հիմնարար աշխատանք հրապարակային դէմքերի հետ` նրանց «5-րդ  շարասեան» նախագծերում ներգրաւելու նպատակով.

Առաջին հերթին իրականացւում է ազդեցիկ դէմքերի ուղղորդում դէպի «նոր որակի» նպատակներ: Ըստ էութեան, այս գործընթացը կարելի է որակել որպէս վարձագրում, որի ազդեցութեան տակ ընկնում են ինչպէս գիտակցուած, այնպէս էլ չգիտակցուած:

«5-րդ շարասեան» գործունէութեան կարեւոր մաս է կազմում մարդկային գործօնը: Ինչպէս նշուեց վերեւում, գաղափարական համապատասխանութիւնն այդքան էլ կարեւոր չէ: Այդ իսկ պատճառով «5-րդ շարասեան» կազմում կարող ենք տեսնել թէ՛ ազգայնականների, թէ՛ ազատականների, թէ՛ ընկերվարականների եւ այլ տեսակի դժգոհ զանգուածի, որոնք ընդամէնը միջոց են` օգտակար գործողութեան տարբեր գործակիցներով: «5-րդ շարասեան» մարդկային պաշարը բաժանւում է երկու մասի`

– Նրանք, ովքեր անմիջական կապի մէջ են ֆինանսաւորող եւ վերահսկող կազմակերպութիւնների հետ` հանդիսանալով բողոքի արարքների առաջնորդներ, սադրիչ հարցազրոյցների ու յօդուածների հեղինակներ, ֆլեշմոպերի նախաձեռնողներ (այս գործի համար ընտրւում են վստահելի անհատներ` տեղի հասարակական եւ մշակոյթի գործիչներից):

– Նրանք, ովքեր գիտակցաբար կամ անգիտակցաբար խաղում են «մասսովկայի» դեր (ինքնահաստատուող եւ բարդոյթաւորուած երիտասարդներ, չկայացած անձնաւորութիւններ, անկեղծ պայքարողներ եւ դժգոհներ, ինքնագովազդ անող կազմակերպութիւններ եւ կուսակցութիւններ):

Նշենք նաեւ, որ «5-րդ շարասիւնը», լինելով «գունաւոր յեղափոխութեան» իրականացման ծրագրի բաղադրիչ, ունի ցանցային բնոյթ, որն արտացոլւում է ինչպէս ներքին համախմբմամբ, այնպէս էլ` տարբեր երկրներում գործող «5-րդ շարասեան» ներկայացուցիչներին հրապարակայնօրէն սատարելու մէջ (օրինակ` Հայաստանում Խատիճա Իսմայիլովային եւ Նատեժտա Սաւչենքոյին պաշտպանող գործողութիւններ):

Միաժամանակ չի կարելի անտեսել ԶԼՄ-ների եւ համացանցի ահռելի դերը: Վերջին տարիներին ողջ աշխարհում եւ Հայաստանում կտրուկ աճեց համացանցից օգտուողների քանակը` յատկապէս երիտասարդութեան շրջանում: Դրան զուգահեռ, արագ կշռոյթով աւելացան օտար աղբիւրներից ֆինանսաւորուող լրատուական կայքերը, հեռուստա- ռատիոընկերութիւնները, որոնք աչքի են ընկնում հատուածական ու կողմնակալ նիւթերի պատրաստմամբ եւ հանդիսանում են «5-րդ շարասեան» գործունէութեան լուսաբանման միջոց: Նրանց հիմնական գործառոյթներն են`

1.- «5-րդ շարասեան» կարկառուն դէմքերի գովազդում,
2.- Հասարակութեան մէջ բորբոքուած տրամադրութիւնների ձեւաւորում եւ ուղղորդում,
3.- Գերտէրութիւնների եւ վերպետական միջազգային կառոյցների կողմ ու դէմ արուող քարոզչութիւն:

«5-րդ շարասեան» գործունէութիւնը Հայաստանում

Հայաստանում գործող «5-րդ շարասեան» միակ նպատակը «գունաւոր յեղափոխութեան» իրականացումը չէ, այլ նաեւ` հազարամեակներով ձեւաւորուած ազգային հիմքերի խարխլումը:

Այսպիսով, ընտրելով ամենախոցելի, դեռ չձեւաւորուած, ընկերային անապահով, մեծ ներուժ եւ ընդունակութիւններ ունեցող երիտասարդութեանը, կիրառվում են տարաբնոյթ գրաւիչ թակարդներ, ինչպիսիք են` մատչելի կամ անվճար կրթական ծրագրեր, լաւ աշխատանք գտնելու հեռանկարներ (թէ՛ դրսում, թէ՛ հայրենիքում): Սա, ի հարկէ, առաջին հայեացքից անվնաս թուացող երեւոյթ է, սակայն ունի աւելի հեռահար նպատակներ, որոնք ներկայացուած են ստորեւ:

Զինուած Ուժեր

Հաշուի առնելով, որ Հայաստանը շրջապատուած է թշնամիներով եւ ունի Արցախի հիմնահարց, իրականացւում են Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան եւ Ազրպէյճանը ներկայացնող կազմակերպութիւնների եւ ֆոնտերի մասնակցութեամբ խորհրդաժողովներ (օրինակ` «տարածաշրջանային համագործակցութեան եւ զարգացման», ինչպէս նաեւ` «դեմոկրատիա», «խօսքի ազատութիւն», «մարդու իրաւունքներ» թեմաներով): Այս տեսակ հանդիպումները միտուած են այսպէս կոչուած «տարածաշրջանային համակարգումի» համար նպաստաւոր պայմաններ ստեղծելուն, որոնք համեմւում են խաղաղութեան հաստատման կոչերով. «Պէտք է մոռանալ վաղեմի թշնամութիւնը, այլեւս պէտք է վստահել իրար», «Այսօրուայ թուրքերը ուրիշ թուրքեր են», «Պատերազմը կեանքեր է խլում, թուլացնում տնտեսութիւնը, պէտք չէ սպառազինութեան ծախսերը մեծացնել, այդ միջոցներն ուղղենք տնտեսութեան զարգացմանը»: Եւ վերջապէս` «5-րդ շարասեան» կողմից  ամէնից շատ շահարկուող գաղափարը. «Մարդն ազատ է տնօրինելու իր կեանքը` ծառայել, կամ չծառայել զինուած ուժերում»: Նպատակն է` թուլացնել, ապա` ի սպառ վերացնել զինուած ուժերը:

Եկեղեցի

Յաջորդ թիրախն է հանդիսանում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, որի առանձին հոգեւորականների բացասական վարքագիծը եւ որոշ հարցերում սխալ քաղաքականութիւնը վերագրւում է ողջ կառոյցին: Քրիստոնէական արժէքները պիտակաւորւում են, որպէս մարդու ազատութիւնները սահմանափակող, ստրկացնող եւ արդիականութիւնը կորցրած հասկացութիւններ: Շահարկւում է աշխարհի տարբեր ծայրերում բնակուող, իրարից տարբեր դաւանանք ունեցող, յատկապէս իսլամացած հայերի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից «մերժուած» լինելու փաստը: Եւ հարկ է նշել, որ քրիստոնէութեանը եւ եկեղեցուն դէմ արտայայտուող կազմակերպութիւնները եւ անհատները հիմնականում ձեռնպահ են մնում աղանդների («5-րդ շարասեան» տարատեսակ) վերաբերեալ որեւէ դիրքորոշում յայտնելուց: Ի վերջոյ, «5-րդ շարասեան» կողմից ամէնից շատ շահարկուող գաղափարը. «Մարդն ազատ է իր դաւանանքն ընտրելու հարցում»: Այսպիսով, նպատակ է դրւում` ոչնչացնել ազգային հոգեւոր կառոյցները:

Ընտանիք

Ընտանիքը, որպէս եւս մէկ ազգապահպան համակարգ, թուլացւում է հետեւեալ արհեստական եւ քայքայիչ գործընթացների իրականացմամբ.

1.- LGBT-ի անձանց իրաւունքների պաշտպանութիւն,
2.- Միասեռականների միութիւնների օրինականացում,
3.- Եուվենալ արդարադատութեան ներդրում,
4.- Կանանց եւ տղամարդկանց հաւասարութեան քարոզչութիւն,
5.- «Ընտանեկան բռնութեան» կանխարգելում:

Այս երեւոյթները նպաստում են բնակչութեան վերարտադրողականութեան նուազմանը եւ «ընտանիք» երեւոյթի արժեզրկմանը: Ստեղծելով արհեստական խնդիրներ` ներխուժում են մարդու անձնական կեանք եւ թելադրում նոր «արժէքներ» ու ապրելակերպի նոր կանոններ, որոնք ոչ մի կերպ չեն սահմանափակում մարդու ցանկութիւնները եւ ազատութիւնները` լինի չափահաս, թէ անչափահաս, հոգեպէս առողջ, թէ անառողջ: Յատկանշական է, որ ԼԳԲՏԻ շարքերին պատկանող եւ նրանց իրաւունքները պաշտպանող մարդիկ ցայտուն յարձակողապաշտ պահուածքով քարոզում են հանդուրժողականութիւն, իսկ իրենց հետ չհամաձայնողներին անուանում «մարդատեացներ» կամ «ֆաշիստներ»` հաշուի չառնելով այն փաստը, որ միասեռական ամուսնութիւններից, ըստ էութեան, երեխաներ չեն կարող ծնուել:

Հարկ է նշել, որ, ըստ վիճակագրական տուեալների, վերը նշուած խնդիրներով գրանցուած դէպքերը (մասնաւորապէս` ընտանեկան բռնութիւններ) մի քանի տասնեակ անգամ աւելի են եւրոպական որոշ երկրներում եւ Միացեալ Նահանգներում, քան` Հայաստանում:

Օտար ուժերի հետապնդած նպատակն է` «5-րդ շարասեան» փուլային  ֆինանսաւորմամբ եւ ազգային, պետական կառոյցների ոչնչացմամբ, ազգին վերածելով սպառողական զանգուածի, ապահովել կառավարելիութեան բարձր աստիճան: Հարկ է նշել, որ իշխանաւորների եւ պետական կառոյցների զգալի մասը, սնուելով նաեւ օտար աղբիւրներից, մասնակցում են վերոնշեալ մի շարք ծրագրերի (մասնաւորապէս` օրէնսդրական դաշտի ձեւաւորմամբ)` նպաստելով Հայաստանի քայքայմանը:

Arminfo

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 17090

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>