ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ
Սիրիայի տարածք, թուրքական ԶՈՒ-ի ներխուժման արդիւնքում, կրկին անգամ, մեր դէմ վեր յառնեց այսպէս կոչուած «Realpolitik»-ի դառը իրականութիւնը, որը, կոնկրետ, Թուրքիայի գործողութիւնների հետ կապուած ի յայտ բերեց երկու իրականութիւն.
Առաջին- Պարզ տրամաբանութիւնը յուշում է այն մասին, որ Սիրիայում, թուրքական ԶՈՒ-ի գործողութիւնները կտրուկ հակասում են միջազգային իրաւունքի ամենահիմնարար սկզբունքներին եւ օրէնքներին: Դա դատապարտելի արարք է, որը միանշանակօրէն պէտք է արժանանայ համարժէք եւ համաչափ արձագանգի՝ միջազգային հանրութեան կողմից:
Սա, անշուշտ, տեղի կունենար, եթէ, իհարկէ, չլինէին Սիրիայի հետ կապուած որոշակի շահեր ու նախագծեր, որոնք թոյլ են տալիս անտեսել Անգարայի ակնյայտ ագրեսիան՝ ընդդէմ Սիրիայի տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան:
Փաստօրէն, Իսրայէլից յետոյ, Թուրքիան թերեւս Մերձաւոր Արեւելքի այն եզակի պետութիւնն է, որն իր անմիջական շահերից ելնելով, յաճախակի կոպտօրէն խախտում է միջազգային ընդունուած նորմերը եւ օրէնքներն ու երբեւէ չի պատժւում դրա համար:
Երկրորդ- Դա հիմնականում պայմանաւորուած է պահի ճիշտ ընկալմամբ, քաղաքական գրեթէ կատարելագործուած «pragmatism»-ով, եւ սեփական հնարաւորութիւնները ճիշտ գնահատելու, գերտէրութիւնների շահերի տիրոյթում խաղալու, մանեւրելու եւ խուսանաւելու Թուրքիայի կարողականութեամբ:
Իսկ ինչի կարողացաւ հասնել Անգարան այս անգամ:
Գաղտնիք չէ, որ պատմութեան ընթացքում քրտերը երբեւէ այսքան մօտ կանգնած չեն եղել անկախ պետական միաւորի ստեղծմանը:
Իրաքում, քրտական ինքնավարութիւնը դէ ֆակտօ՝ ինչ-որ տեղ անկախ պետական միաւորում է, իսկ սիրիական ճգնաժամի մեկնարկից ի վեր, Սիրիայի հիւսիսում քրտերը փորձում էին ստեղծել իրաքեան Քրտստանի սիրիական տարբերակը:
Դրա համար, ինչպէս փորձագէտներն են յուշում, անհրաժեշտ էր, որպէսզի միաւորուեն Ժազիրէի, Արաբ Բունարի եւ Աֆրինիի շրջանները՝ ձեւաւորելու համար Ռոժաւան՝ Սիրիայի քրտերի պետական միաւորումը: Նրանց ջանքերն ուղղուած էին հէնց դրան:
«Եփրատի վահան» անուանումը կրող թուրքական ԶՈՒ-ի գործողութիւնը կոչուած էր վիժեցնելու հէնց այդ միաւորումի ձեւաւորումը:
Ժարապլոսի գրաւումով, Անգարային յաջողուեց տեւական ժամանակով արգելակել Սիրիայի հիւսիսային շրջանում քրտական ինքնավար՝ ապագայում նաեւ ինքնիշխան պետական միաւորումի ստեղծումը: Դեռ աւելին, քիչ չեն այն փորձագէտները, որոնց կարծիքով՝ Թուրքիան, Սիրիայի տարածքում հիմնովին տեղակայուելու փլաններ ունի:
Նրանցից ոմանք չեն զարմանայ, անգամ, եթէ Անգարան Ժարապլոսը բռնակցի իր տարածքին, ինչը, վերջնականապէս ու հիմնաւոր սեպ կը մտցնի Սիրիայի քրտաբնակ շրջանների աշխարհագրական քարտէսում՝ այդ տարածքների վրայ քրտական միացեալ պետական միաւորի ստեղծումը փաստացի դարձնելով անհնար (Անուղղակի մէջբերում քաղաքագիտութեան դոկտ. Հայկ Մարտիրոսեանի վերջին հարցազրոյցից-Ա.Շ.):
Ներկայ դրութեամբ, Անգարայի դիրքային առաւելութիւնը հիմնականում պայմանաւորուած է ռուս-ամերիկեան տարածաշրջանային շահերի հակասութիւնը սեփական շահերի օգտին շահագործելու Անգարայի նուրբ ու բարդ մարտավարութեամբ, ինչը քրտական շահերը մղեց երրորդական-չորրորդական փլան:
Պետական անկախ միաւորում ունենալու քրտերի տասնամեակների երազանքի փաստացի բռնաբարումն այն գինն էր, որը վճարեցին ռուսները, եւ յատկապէս ամերիկացիները (որոնց ամենավստահելի դաշնակիցը Սիրիայում համարւում էին հէնց քրտերը)՝ Անգարայի համընթացութիւնը շահելու համար:
Իհարկէ, սա ամենեւին էլ չի նշանակում, որ խաղը վերջնականապէս աւարտուած է: Ընդհակառակը՝ սա ընդամենը որակական նոր հարթութիւն տեղափոխուած ռազմավարական նուրբ ու չափազանց բարդ շախմատային պարտիայի մեկնարկն է, որի ելքը ոչ ոք չի կարող կանխատեսել:
Չի կարելի չհամաձայնւել փորձագիտական այն մտքի հետ, որ քրտերը համարւում են Արեւմուտքի՝ ընդհանրապէս, իսկ ԱՄՆ-ի՝ յատկապէս տարածաշրջանային նոր ու հեռանկարային դաշնակիցները, որոնց վրայ է որոշակիօրէն կառուցւում Մերձաւոր Արեւելքի հետ կապուած Արեւմուտքի ամենահեռահար նախագծերը:
Սակայն, նախագիծ բառի իմաստն արդէն իսկ յուշում է, որ այն ցանկացած պահի կարող է փոփոխութեան ենթարկուել կամ չեղարկուել, եթէ, իհարկէ, այդպէս թելադրի «Realpolitik»-ի պայմանները:
Եւս մէկ կարեւոր հանգամանք. տեսանելի ապագայի կտրուածքով Թուրքիան շարունակում է մնալ ռազմավարական նշանակութեան Արեւմուտքի տարածաշրջանային հիմնական դաշնակիցը (իհարկէ Իսրայէլից յետոյ), որին դեռեւս չեն կարող փոխարինել թէկուզ ամենայուսալի նորակոչիկ դաշնակիցները:
Այնպէս, որ քրտերը ստիպուած են լինելու դեռեւս կոնսերուացած մնալ Եփրատի ափերից դէպի արեւելք ընկած շրջաններում՝ սպասելով իրենց ժամանակներին:
Իսկ այդ ժամանակները վրայ կը հասնեն ուշ‘թէ շուտ: Դա միանշանակ է:
Ընդունենք, որ առջեւում անկանխատեսելի զարգացումներով հետաքրքիր պարտիա է: Այդպէ՞ս չէ…