ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ
Թուրքական զինուած ուժերի Սիրիա ներխուժումը յուշում է ամբողջովին նոր իրավիճակի մասին, որը ենթադրում է ուժերի կտրուկ վերադասաւորում սիրիական ճգնաժամում` յատկապէս, եւ Մերձաւոր Արեւելքի աշխարհաքաղաքական յարաբերութիւններում` ընդհանրապէս:
Երկու կարծիք լինել չի կարող. սիրիական Ճերապլուսի շրջանը ՏԱՀԵՇ-ից «ազատագրելն» ընդամէնը պատրուակ է, որը կոչուած է թաքցնելու պաշտօնական Անգարայի թիրախաւորած հիմնական նպատակը:
Փորձենք խնդիրը դիտարկել թուրք ղեկավարութեան յայտարարութիւնների ֆոնին:
Գործողութեան նախօրէին, թուրքական բանակի լիազօրուած անձանցից մէկը յայտարարել է. «Մեզ համար որեւէ տարբերութիւն չկայ ՏԱՀԵՇ-ի եւ քրտական «YPG»-ի (Ազգային ինքնապաշտպանութեան ջոկատներ) միջեւ: Երկուսին էլ դիտարկում ենք որպէս ահաբեկչական կառոյց եւ պայքարելու ենք դրանց դէմ»:
Իր հերթին, Թուրքիայի վարչապետ Պինալի Եըլտըրըմը, մեկնաբանելով Սիրիայի տարածքում Թուրքիայի վերջին գործողութիւնները, ասել է. «Նկատում ենք, որ որոշակի նոր շարժ կայ: Թուրքիայի հարաւում փորձեր են արւում քրտական ինքնավար միաւորումներ ստեղծելու: Թուրքիան սա երբեք չի ընդունի»:
Իսկ գործողութեան մեկնարկից յետոյ Էրտողանը, մասնաւորապէս, յայտարարել է, որ իրենք պայքարելու են Սիրիայի տարածքում ՏԱՀԵՇ ահաբեկչական խմբաւորման անդամների ու քրտական ազգային ջոկատների (PYD/YPG) վերացման համար:
Աւելի ուշագրաւ է արտգործնախարար Չաւուշօղլուի յայտարարութիւնը. «Սիրիայի քրտական ուժերը պէտք է հեռանան Եփրատից արեւմուտք ընկած հատուածներից եւ գնան արեւելք: Եթէ դա չիրականանայ, Անգարան կ՛անի անհրաժեշտ ամէն բան»:
Ուշադրութիւն դարձրէք թուրք դիւանագէտի աշխարհագրական սահմանումին` ԵՓՐԱՏԻՑ ԱՐԵՒՄՈՒՏՔ ԸՆԿԱԾ ՀԱՏՈՒԱԾՆԵՐ: Սրան գումարէք Թայիփ Էրտողանի այն պնդումները, թէ իր գործողութիւններով Թուրքիան կ՛անի ամէն ինչ` պահպանելու համար Սիրիայի տարածքային ամբողջականութիւնն ու պարզ կը դառնայ հիմնական նպատակը` ՑԱՆԿԱՑԱԾ ԳՆՈՎ ՎԻԺԵՑՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՐԱՒԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՔՐՏԱԿԱՆ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՄԻԱՒՈՐԻ ՀՆԱՐԱՒՈՐ ՍԱՂՄՆԱՒՈՐՈՒՄԸ:
ՏԱՀԵՇ-ի դէմ գործողութիւնն ընդամէնն այն երաշխիքն է, որը կոչուած է ապահովելու գլխաւոր նպատակի այսպէս կոչուած «թիկունքը»:
Սիրիական ճգնաժամում, ստեղծուած նոր իրավիճակի խճանկարը, սակայն, չի ամբողջանայ, եթէ, ի հարկէ, հաշուի չառնենք քրտերի դիրքորոշումը:
«Դրանք քրտական շրջաններ են, որոնք քրտերն ազատագրել են ահաբեկիչներից արիւնալի մարտերի արդիւնքում: Ինչո՞ւ մենք պէտք է այնտեղից դուրս գանք Թուրքիայի պահանջով: Թուրքիան անօրինական ներխուժել է Սիրիայի հիւսիս եւ հիմա իր պայմաններն է թելադրում», ասել է քրտական ազգային ջոկատների ներկայացուցիչ Ապտ Սալամ Ալին` չբացառելով քրտական աշխարհազօրայինների եւ թուրքական զինուած ուժերի միջեւ բախումները:
Իրականում, տարածաշրջանը կանգնած է բոլորովին նոր պատերազմի ուրուականի դէմ յանդիման, որը կարող է պայթել ցանկացած կայծից` որեւէ պահի: Միայն, թէ այս անգամ այն, միանշանակօրէն, չի սահմանափակուելու Սիրիայի սահմաններում:
Հաւանական պատերազմն անկասկած ունի անհրաժեշտ ներուժ` տեղափոխուելու նաեւ Թուրքիայի հարաւային ու հարաւ-արեւելեան շրջաններ, ինչպէս նաեւ Իրաքի քրտական ինքնավարութեան տարածք:
Իրավիճակի ընկալումն աւելի է բարդանում, երբ հաշուի ենք առնում այն հանգամանքը, որ իր այս քայլով, պաշտօնական Անգարան փաստացի վերանայման է ենթարկել տարածաշրջանային իր դաշնակիցների ցուցակը:
Այս գործողութիւնն անկասկած չէր կարող կայանալ, եթէ, ի հարկէ, Թուրքիան այն որոշակիօրէն համաձայնեցրած չլինէր մի կողմից` Թեհրանի եւ Մոսկուայի հետ, իսկ միւս կողմից` Միացեալ Նահանգների հետ: Սա ակնյայտօրէն նշանակում է, որ գոնէ այս հանգրուանում Թուրքիան որոշել է մոռանալ Սէուտական Արաբիայի մասին, որը սիրիական ճգնաժամից ի վեր համարւում էր Անգարայի մերձաւորագոյն դաշնակիցը:
Ինչպէս «BBC»-ի իրանական ծառայութիւնն է ներկայացրել իր վերլուծական ակնարկում, թերեւս հէնց դա է պատճառը, որ պաշտօնական Ռիատի խօսնակը համարուող «Շարք Աուսաթ» պարբերականն Անգարային զգուշացրել է իր բնութագրմամբ «ճակատագրական ու անդառնալի» սխալի մասին, որը թոյլ է տալիս Սիրիայում:
«Խնդիրն այնքան էլ պարզ չէ, ինչ պատկերացնում է Թուրքիան: Այս գործողութիւնը կարող է դառնալ նոր պատերազմի սկիզբ», գրել է արաբական աշխարհի ամենահեղինակաւոր պարբերականներից մէկը (մէջբերումն անուղղակի է Ա. Շ.):
Այս բոլորին պէտք է աւելացնել եւս մէկ հանգամանք. արաբական լրատուամիջոցներն անդրադառնալով Պայտընի Անգարա այցին, հիմնականում փորձել են ընդգծել այն հանգամանքը, որ Միացեալ Նահանգների փոխնախագահն Անգարային հասկացնել է տուել, թէ Սիրիայում քրտերն համարւում են Ուաշինկթընի դաշնակիցներն ու ԿԱՐՄԻՐ ԳԻԾ-ը:
Այս բոլորի հանրագումարն այնքան էլ ոգեւորիչ չէ:
Եթէ պաշտօնական Ռիատը որոշի, թէ սիրիական ճգնաժամում իր դիրքերը վերականգնելու նպատակով անհրաժեշտ է աջակցել քրտերին` Թուրքիայի դէմ հաւանական պատերազմում, ապա, մենք, անկասկած ականատեսը կը լինենք բոլորովին նոր հարթութիւն տեղափոխուող, նոր ձեւաչափի հակամարտութեան, որը կարող է առաւել ամրացնել սիրիական ճգնաժամի «գորդեան հանգոյց»-ը` աւելի բարդացնելով ճգնաժամի հիմնական խաղացողների յարաբերութիւնները:
«Ալիք»