Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17595

Ղարաբաղ-Ազրպէյճան Պատերազմը` Համացանցի «Դաշտում»

$
0
0

Հարցազրոյցը վարեց` ՄԱՐԳԱՐԻՏԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Samuel-Mardirossian_82316

Պատերազմ, սակայն առանց կրակոցների եւ ռմբակոծումների: Յարձակումներ եւ պաշտպանութիւն` առանց արիւն թափելու: Սա երկրների միջեւ հակամարտութիւնների միւս երեսն է` տեղեկատուական պատերազմը: Հակամարտութեան այս տեսակը «տաք» պատերազմից ոչ պակաս թշնամական ու ոխերիմ է, այն մեծաւ մասամբ իրականացւում է համացանցի միջոցով ու համացանցի դաշտում: Նման պատերազմի դրսեւորումներից է նաեւ կայքահէններու (հեքըր) յարձակումները, ինչն էլ Հայաստանն  իր «մորթի» վրայ զգաց յատկապէս ապրիլի սկզբին` ղարաբաղեան քառօրեայ պատերազմի ընթացքում:

Հայաստանի կողմից եւ Հայաստանի նկատմամբ իրականացուած կայքահէններու յարձակումների եւ առհասարակ տեղեկատուական պատերազմի մասին «Ազդակ» զրուցեց տեղեկատուական անվտանգութեան հարցերով փորձագէտ Սամուէլ Մարտիրոսեանի հետ:

«ԱԶԴԱԿ».- Սովորաբար թուրք եւ ազրպէյճանցի կայքահէնների յարձակումներն աշխուժանում են յիշատակի օրերի (ապրիլի 24), տօների եւ յատկապէս պատերազմական իրադրութիւնների ժամանակ: Եթէ ամփոփ ներկայացնելու լինէք, ինչպիսի՞ն էր պատկերն այս տարի (մասնաւորապէս ապրիլեան պատերազմի շրջանում), եւ որքանով մեզ յաջողուեց համարժէք «հակահարուած» տալ:

ՍԱՄՈՒԷԼ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ.- Ընդհանուր առմամբ տարեցտարի աշխուժութիւնը տարբերւում է: Եթէ մի տաս տարի առաջ հիմնականում թուրքական կայքահէններն էին «աշխատում» ապրիլի 24-ի  ժամանակ, ապա վերջին տարիներին սկսեցին աշխուժանալ ազրպէյճանական խմբերը: Շատ հարցերում, ընդհանրապէս, ազրպէյճանցիք Ցեղասպանութեան ժխտման հարցում փորձում են լինել թուրքերից աւելի թուրք: Այս հարցում նոյնպէս: Այս տարի իրավիճակը, բնականաբար, աւելի ծանր էր պատերազմական գործողութիւնների պատճառով: Սակայն, տարօրինակ մի բան եղաւ. աշխուժութիւն կար, բայց այնքան չէր, որքան կարելի էր սպասել` իրավիճակից ելնելով: Ապրիլեան պատերազմի ժամանակ հիմնականում համացանցային յարձակումները ունէին մէկ բնոյթ. կայքերի վրայ իրականացւում էր այդպէս կոչուած DdoS  տիպի յարձակում, որի իմաստն ու նշանակութիւնն է` զուտ խափանել կայքերի աշխատանքը: Ազրպէյճանական կայքահէնները, իսկ յետոյ նաեւ նրանց միացած երկու թուրքական կայքահէնային խումբ փորձում էին նման յարձակումների միջոցով անհասանելի դարձնել հայաստանեան պետական եւ լրատուական կայքերը: Դա արւում էր մէկ պատճառով.  խոչընդոտել հայաստանեան լրատուական եւ տեղեկատուական աղբիւրներին, եւ փորձել տարածել միայն սեփական քարոզչութիւնը: Սակայն, յարձակումների ուժգնութիւնը անսպասելիօրէն շատ աւելի թոյլ էր, քան կարելի էր սպասել: 2012-2014 թուականներին իրենք իրականացնում էին շատ աւելի հզօր յարձակումներ հայաստանեան տեղեկատուական աղբիւրների դէմ: Դժուար է բացատրութիւն տալ այս տիպի կրաւորականութեան: Կարելի է ենթադրել, որ համապատասխան նախնական պատրաստութիւններ չէին իրականացուել եւ հէնց պատերազմի օրերին ազրպէյճանական կայքահէնային խմբերը չհասցրեցին լուրջ միջոցներ ներդնել: Իսկ արդէն ապրիլի  24 ժամանակ չփորձեցին էլ լուրջ յարձակումներ իրականացնել, կտրեցին մի քանի տասնեակ ոչ կարեւոր կայք: Հիմնականում ցոյց տալու համար, որ իրենք գոյութիւն ունեն, լուրջ վնաս չհասցրեցին:

«Ա.».- Սովորաբար մեր ո՞ր կայքերն են հակառակորդի յարձակումների թիրախ դառնում:

Ս. Մ.- Սովորաբար յարձակումների ամենակարեւոր թիրախներն են հանդիսանում երեք տիպի կայքեր.  պետական, լրատուական եւ դրամատնային: Պետական կայքերը արդէն եօթ տարի է վերահսկւում են Ազգային անվտանգութեան ծառայութեան կողմից եւ այստեղ բաւականին ապահով է վիճակը, այս տարիների ընթացքում լուրջ միջադէպեր չեն արձանագրուել: Լրատուականների դէպքում տարեկան մի քանի դէպք արձանագրւում է: Սակայն, հէնց յարձակումների պատճառով  լրատուական կայքերը ուշադրութիւն են դարձնում անվտանգութեանը, եւ վերջերս նման միջադէպերը շատ չեն լինում: Դրամատնային ոլորտը իւրայատուկ է, այստեղ կայ շատ աւելի լուրջ վերահսկողութիւն հէնց դրամատների կողմից:

Բայց կայքահէններու խմբերին միշտ պէտք է ցոյց տալ յաջողութիւններ: Այդ իսկ պատճառով նրանք գերադասում են յարձակումներ իրականացնել տասնեակ կամ հարիւրաւոր ոչ կարեւոր կայքերի վրայ, փոխարինելով կայքերի որակը քանակով: Այնպէս որ, տարեկան մի քանի հարիւր հայկական կայք տուժում է նման յարձակումներից: Եւ դրանց գերակշռող մասը կարեւորութիւն չունեցող կայքեր են:

«Ա.».- Ունե՞նք յատուկ խմբեր, որոնք վիրտուալ ասպարէզում յարձակւում են հակառակորդի «վիրթուալ դիրքերին» եւ բացի դրանք կոտրելուց` ուրիշ ի՞նչ նպատակներ են հետապնդում մերոնք: Մեր ո՞ր խմբերն են առաւելապէս «վարպետները»:

Ս. Մ.- Տարբեր տարիների մենք ունեցել ենք մի շարք աշխուժ եւ ուժեղ խմբեր: Մի մասը արդէն ասպարէզից դուրս են եկել, ինչպէս ամենաառաջին խմբերից մէկը` «Լիազօրը», կայ «Անանուն» խումբը, որը բաւական կրաւորական է, բայց պարբերաբար գործողութիւններ իրականացնում է: Այս պահին երեք աշխուժ խումբ կայ ասպարէզում: Խմբերը ո՛չ միայն իրականացնում են գործողութիւններ կայքերի դէմ: Բաւականի յաճախ լինում են յարձակումներ մեծ եւ փակ տուեալների պաշար պարունակող կեդրոնների վրայ: Կամ հակառակորդի լրագրողների եւ պաշտօնեաների ելեկտրոնային փոստերի վրայ: Նման գործողութիւնների հետեւանքով տուեալներ են կորզւում եւ հրապարակւում, ինչը ունենում է տարբեր հետեւանքներ: Օրինակ, մի քանի տարի առաջ եղաւ դէպք, երբ հրապարակուեցին ազրպէյճանական «Ուիքիփետիա»-ում աշխատող քարոզչական խմբի անդամների ելեկտրոնային նամակները, ինչի հետեւանքով այդ խմբի հիմնական դերակատարներից շատերին «Ուիքիփետիա»-ում զրկեցին երկար ժամկէտներով յօդուածներ խմբագրելու իրաւունքից: Նման կոշտ հետեւանքները եղան այն պատճառով, որ նամակներից պարզ դարձաւ, որ ազերիները խախտում են «Ուիքիփետիա»-ի կանոնները եւ քարոզչութիւնով են զբաղւում: Ինչի պատճառով կայքի «ղեկավարութիւնը» կոշտ որոշումներ ընդունեց նրանց հանդէպ:

«Ա.».- Հայ եւ ազրպէյճանցի կայքահէնների միջեւ վիրթուալ պատերազմների պարագային, որոնք են մեր անվտանգութեան բացթողումները, որո՞նք`  իրենցը: Ո՞ր կողմն է աւելի զօրաւոր:

Ս. Մ.- Իրականում, երկու կողմն էլ ուժեղ չեն մի պատճառով. հրոսակային վիրթուալ պատերազմների ժամանակն անցնում է: Այսօր յաղթում են այն  երկները, որոնք կազմում են կանոնաւոր համացանցային զօրքեր: Մենք էլ պէտք է գնանք այդ ուղղութեամբ:

«Ա.».- Որքա՞ն ժամանակ է պահանջւում վիրթուալ-աւազակային յարձակման ենթարկուած կայքի գործունէութիւնը վերականգնելու համար:

Ս. Մ.- Դա  կախուած է, թէ ինչպէս է խնամուել կայքը մինչեւ յարձակում: Եթէ տուեալները պահպանուել են առանձին տեղ եւ կայ մասնագէտ, որը զբաղւում է կայքով, ապա վերականգնումը կարող է տեւել հաշուած ժամեր: Սակայն, լինում են դէպքեր, երբ կայքը ընդհանրապէս չի լինում վերականգնել: Եւ դա աւելի շուտ կայքով զբաղուողների խնդիրն է:

«Ա.».- Անվտանգութեան տեսանկիւնից զարգացում նկատո՞ւմ էք մեր կայքերի մէջ: Հիմա եւ նախկինում կա՞ն զգալի տարբերութիւններ:

Ս. Մ.- Միանշանակ, դրական փոփոխութիւններ կան: Ու պէտք է տարօրինակ բան ասեմ. մեր համացանցային տիրոյթի անվտանգութեան զարգացումով մենք հիմնականում պէտք է երախտապարտ լինենք ազրպէյճանցիներին եւ թուրքերին: Հէնց իրենց յարձակումները տարիների ընթացքում ստիպեցին մեր կայքերի վարիչներին աւելի լուրջ մօտենալ անվտանգութեան հարցերին:

«Ա.».- Նախորդ տարիներին ինչ յայտնի եւ զօրաւոր կայքահէնային յարձակումներ են կատարել մերոնք:

Ս. Մ.- Ամենաառաջին մեծ հայ-ազրպէյճանական կայքահէնային պատերազմը եղել է դեռ 2000 թուականին: Հէնց այն ժամանակ ազրպէյճանական յարձակումին ի պատասխան մեր «Լիազօր» կայքահէններու խումբը կարողացաւ այնպիսի յարձակում իրականացնել ազրպէյճանական տեղեկատուական տարածքին, որ դա ունեցաւ ազդեցութիւն նոյնիսկ ֆինանսական ոլորտի վրայ եւ վերջնական փուլում Ազրպէյճանի անվտանգութեան խորհուրդը փաստացի խնդրեց զինադադարի մասին: Աւելի ուշ «Անանուն» խմբին յաջողուեց կոտրել մի շարք ազրպէյճանական քարոզչի եւ քաղաքական գործչի ելեկտրոնային փոստերը, բացայայտել դրանց դաւադրութիւնները Հայաստանի դէմ, ինչի հետեւանքով մի շարք ազրպէյճանական եւ այլ երկներ ներկայացնող բաւականին լուրջ քարոզչութեան մասնագէտներ անհետացան տեղեկատուական դաշտերից: Արդէն 2012 թուականին, երբ Ռամիլ Սաֆարովին Հունգարիան յանձնեց Ազրպէյճանին, հայաստանեան կայքահեններին յաջողուեց երկու օրով գրեթէ ամբողջութեամբ ասպարէզին հանել ազրպէյճանական լրատուական եւ պետական կայքերը, ինչի հետեւանքով աշխարհին հասանելի էր այդ օրերին աւելի ուժեղ հայաստանեան տեսակէտը այդ հարցի շուրջ: Կարելի էր նշել նաեւ մի քանի նմանատիպ այլ գործողութիւններ. դրանք քիչ չեն:

«Ա.».- Յատկապէս վերջին ամիսներին յարձակումների ենթարկուեցին նաեւ ընկերային ցանցերի օգտատէրերը (Դիմատետր եւ այլն), նման իրավիճակներում ինչպէ՞ս պաշտպանուել կայքահէնային յարձակումներից, կասկածելի ծրագրերից, եւ արդեօք հնարաւո՞ր է  տարբերել վիրուսային ծրագրերը:

Ս. Մ.- Ծանր օրերին մարդիկ դառնում են աւելի զգայական, զգացական: Միւս կողմից` աւելի անուշադիր: Եւ հէնց դրանից են օգտւում կայքահէնները: Ամենակարեւոր կանոնն է. միշտ լինել ուշադիր, չկորցնել զգօնութիւնը եւ ոչնչի չհաւատալ համացանցում, ամէն բան փորձել մէկ, երկու, երեք անգամ վերստուգել: Այդ դէպքում կայքահէնային յարձակումների գերակշռող մասը կը ձախողուեն:

 

 

Պէյրութ


Viewing all articles
Browse latest Browse all 17595


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>