Պատրաստեց` ՄԱՐԳԱՐԻՏԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Մասնագիտութեամբ շինարար, կոչումով` Հայաստանի Հանրապետութեան ժողովրդական արուեստագէտ, բնատուր տաղանդով` երգահան: Ստեղծագործող, ում երգերը ոչ թէ գրւում, այլ ծնւում են: Հեղինակ այնպիսի երգերի (բառեր, երաժշտութիւն, կամ երկուսը միասին), ինչպիսիք են «Դու հեռացար», «Մինչեւ էգուց», «Աշուղ Սայաթ Նովի նման», «Նարինէ», «Արագիլները», «Դու երկու տառ»: Նա երգեր է ստեղծել Օֆելիա Համբարձումեանի, Ռուբեն Մաթեւոսեանի, Ֆլորա Մարտիրոսեանի, Լեւոն Գաթրճեանի, Պապին Պօղոսեանի, Ռայիսա Մկրտչեանի, Յովհաննէս Բադալեանի եւ այլ հանրայայտ երգիչների համար: Երգեր, որոնք մինչեւ օրս ժողովրդի մօտ ամենալսուող ու ամենասիրելիների շարքում են: Այսպիսով, «Ազդակ»-ը բացառիկ հարցազրոյց ունեցաւ մեծն երգահան, բանաստեղծ, լրագրող Սասուն Պասկեւիչեանի հետ:
Խորհրդային Հայաստանում այն օրերին «սովետական» բարբարոս բարքերի թիրախ է եղել նաեւ մեծն երգահանը` ստիպուած լինելով լքել Հայաստանը եւ շուրջ 24 տարի ապրել օտար ափերում: Սակայն 1980-ին Միացեալ Նահանգներ տեղափոխուած երաժիշտը 2004-ին հայրենիք է վերադառնում` յանձն առնելով շարունակել անաւարտ գործեր եւ ձեռնամուխ լինում մշակութային նորանոր գոհարների արարման:
(Նշուած երգերը` հետեւեալ հասցէներում)
https://www.youtube.com/watch?v=Vy4qIk6Exuo
https://www.youtube.com/watch?v=M5QrF6bmch8
https://www.youtube.com/watch?v=lAwIrcC0zCk
https://www.youtube.com/watch?v=8gYDPdCHCG8
https://www.youtube.com/watch?v=hDGcYxyRu_U
https://www.youtube.com/watch?v=Sd5YB9vFewU
ՀԱՐՑՈՒՄ.- 24 տարի Միացեալ Նահանգներում էիք ապրում եւ ինչպէ՞ս եղաւ, որ վերադարձաք:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Ես ոչ մի հայի չեմ մեղադրում կամ քննադատում որեւէ երկրում ապրելու համար: Ամէն մէկն իր պատճառներն ու կարծիքներն ունի: Ինչո՞ւ վերադարձայ… Սա էլ երկար պատմութիւն ունի: Այնուամենայնիւ, վերջերս մի հետաքրքիր «յայտնագործութիւն» արեցի: Այժմ համոզուած եմ, որ յատկապէս հայրենիքում ծնուած ու ապրած մարդը արտագաղթում է ֆիզիքապէս, մինչդեռ նրա հոգին մնում է հայրենիքում` մերուած – կառչած հայրենի հողին: Եւ մարդու մարմինը ձգտում է, տենչում է վերամիաւորուել իր հոգու հետ: Կարծում եմ, որ երբեւէ դա կ՛ապացուցուի գիտականօրէն: Իմ` հայրենիք վերադառնալու պատճառները տարբեր էին, հիմնականը արդէն նշեցի: Աւելացնեմ, որ 1980թ. Լոս Անճելըս ժամանելու հէնց առաջին պահից (երբ դուրս եկայ ինքնաթիռից) զգացի, որ ճակատագիր կոչուածը դաժան խաղ է արել ինձ հետ, եւ անմիջապէս որոշեցի, որ պիտի վերադառնամ հայրենիք:
Միացեալ Նահանգներում ապրելուս ընթացքում, 24 տարի շարունակ, ամէն օր երազում տեսնում էի Հայաստանը, Երեւանը, հարազատներիս, ընկերներիս: Իսկ երբ որպէս զբօսաշրջիկ վերադառնում էի հայրենիք` այդ երազները դադարում էին, իսկ Միացեալ Նահանգներ վերադառնալուց յետոյ` նորից սկսւում: Երջանկայիշատակ Վազգէն Ա. կաթողիկոսը արտագաղթողներին անուանել է «արմատախիլներ»:
Հ.- Ի՞նչն է ձեզ ներշնչում ստեղծագործել:
Պ.- Պարոյր Սեւակի մի գրախօսականում կարդացել եմ, որ «Կեանքի շարժիչ ուժը կարիքն Է»: Իսկ մի՞թէ կարիք չէ սէրը , կարօտը , քաղցը, ծարաւը, նաեւ` ստեղծագործելու ցանկութիւնը , պահանջը, մղումը:
Ստեղծագործելու համար անհրաժեշտ է նորին մեծութիւն մուսայի գործօնը: Իմ խորին համոզմամբ, մուսան ինքնին ոգի է: Սա երկար եւ ծաւալուն քննարկում է պահանջում: Մասնաւորապէս հայրենասիրութեան գերադրական աստիճանը ոգին է: Ինչպէս մեծն Նժդեհն է գրել` «Հայրենասիրութեան զգացումը զարգանում է աստիճանաբար. սկսելով բնազդականից` դառնում է իմացական, դառնում է ոգի»:
Ստեղծագործելը ասելիքն արտայայտելու կարիքն է: Հասկանալի է` բոլոր դէպքերում ստեղծագործողը պէտք է տաղանդ ունենայ: Իսկ ներշնչանքը, ինչպէս ասում են, տաղանդի 10 առ հարիւրն է կազմում, մնացածը` աշխատանք եւ այլ գործօններ: Այնպէս որ, սոսկ ներշնչանքը անհրաժեշտ, բայց բաւարար պայման չէ ստեղծագործելու համար: Եւ ամէն ինչ չէ, որ կարելի է համարել ստեղծագործութիւն: Օրինակ` ոտանաւորն ու բանաստեղծութիւնը տարբեր բաներ են: Բանաստեղծութիւնն ինքն է իր մասին ասում` ԲԱՆ ստեղծել: Նոյնը վերաբերում է արուեստի բոլոր բնագաւառներին, մասնաւորապէս` երգարուեստին: Իմ ներշնչանքը ինձ շրջապատող աշխարհն է, ինքը` կեանքը, նայած թէ աշխարհն ու ես, կամ` ես ու աշխարհն ի՞նչ փոխյարաբերութեան եւ փոխազդեցութեան մէջ ենք:
Հ.- Ինչպէ՞ս են ծնւում ձեր երգերը:
Պ.- Այո՛, ծնւում են, ոչ թէ` գրւում: Աջ ու ձախ, պատեհ ու անպատեհ առիթներով մենք ասում ենք` երգը գրել է այսինչ այնինչեանը (որոշ երգ գրողներ արտագրում են, էլ չասած` ուրիշներից գողանալու, նմանակելու մասին): Իսկական երգը ծնւում է: Արժէ այս պահին վերստին դիմել մեծն Համօ Սահեանին.
«ՑԱՒԻՑ ԿԸ ՊԱՅԹԷՐ»
Երգը ծնւում է տառապանքից,
Տառապանքով է ծնւում երգը,
Բայց երբ ծնւում է` պարզ ու անբիծ,
բախտի նուէր է ու վայելք է:
Ախ, ցաւոտ երգն էլ ցաւ է հերքում:
Եւ տառապանք է հերքում երգը:
Չլինէր երգը տիեզերքում,
ցաւից կը պայթէր տիեզերքը:
«ԿՈՄԻՏԱՍԻՆ»
Այսպէս է երգը… Երգը հնչում է,
Ու ներշնչւում են ցամաք ու ծով,
Մի բուռ երգի մէջ ապրում, շնչում է
Անդարձ աշխարհն իր անցուդարձով:
Ամէն ինչ Աստծուն եմ վերագրում. իմ երգերը Նրա տուած ոգու շնորհիւ են ծնւում: Թէեւ մասնագիտութեամբ շինարար եմ, բայց Արարիչն ինձ երգաստեղծի ոգի է շնորհել: Պատահում է, որ երազիս մէջ (քնած ժամանակ) երգեր եմ լսում, հէնց գիշերն էլ նստում եմ դաշնամուրի մօտ եւ անմիջապէս նուագում ու ձայնագրում այն, որ յետոյ չմոռանամ: Ի դէպ, ես երաժշտական կրթութիւն չունեմ, անգամ նոթաները չգիտեմ: Այն ոգին, որ մարդու մէջ է, այդ նա է մղում երգ ստեղծելու… Մի անգամ մեքենայով ինչ¬որ տեղ էի գնում ու, յանկարծ, հէնց ղեկին «Կ՛ուզեմ հիմի փչէ զուռնեն…» տողի երաժշտութիւնը «եկաւ». ասեցի` սա է, որ կայ, ու մեքենան ետ` դէպի տուն ուղղեցի: Ճանապարհին երաժշտութիւնն անընդհատ կրկնում էի, որ չմոռանայի: Եկայ տուն, նուագեցի ու այդպիսով երգը շարունակուեց:
Հ.- Ճանաչուած, սիրուած արուեստագէտների հետ էք համագործակցել: Նրանց հետ կապուած ի՞նչ հետաքրքրաշարժ պատմութիւններ կան, որ կ՛ուզէիք պատմել:

Յովհաննէս Բադալեանի հետ
Պ.- Առաջինը կ՛ուզէի նշել անզուգական երգչուհիներ Բելլա Դարբինեանի եւ Ռայիսա Մկրտչեանի անունները: Նրանք առաջինն էին , որ ձայնագրեցին իմ երգերը (1974 – 1975 թթ): Այնուհետեւ իմ երգերը կատարեցին (ձայնագրուեցին) հռչակաւոր երգիչներ` Յովհաննէս Բադալեանը, Օֆելիա Համբարձումեանը, Ռուբեն Մաթեւոսեանը, Ֆլորա Մարտիրոսեանը, Լոլա Խոմեանցը, Արտաշէս Աւետեանը , Գէորգի Մինասեանը, Էմմա Թովմասեանը, Պապին Պօղոսեանը եւ ուրիշներ:
Մինչեւ 1980թ., նախքան իմ` Միացեալ Նահանգներ մեկնելը, Հայաստանի ռատիոյի երաժշտական ձայնադարանում ընդգրկուած էին իմ երգերից 40 երգ: Միացեալ Նահանգներ մեկնելուց յետոյ Հայաստանի ռատիոյով ու հեռուստատեսութեամբ արգելուեցին իմ երգերի հաղորդումը, որովհետեւ Միացեալ Նահանգներ տեղափոխուելու համար ինձ համարում էին հայրենիքի դաւաճան: Զաւեշտալի է, բայց` փաստ: Ներկայումս իմ երգերը կատարում են բազմաթիւ երգիչներ, որոնցից կ՛ուզէի յատկապէս նշել հրաշալի երգիչներ Լէյլա Սարիբէկեանի եւ Համլէտ Գէորգեանի անունները:

Լեյլա Սարիբէկեանի հետ
Գալով սփիւռքաբնակ երգիչներին, ապա նրանք նոյնպէս շատ են: Կ՛ուզէի առանձնացնել հիանալի երգիչ Լեւոն Գաթրճեանին եւ պատմել հէնց նրա հետ կապուած մի հետաքրքրաշարժ դէպք: Մեծ ժողովրդականութիւն գտած իմ «Դու հեռացար, քեզ մոռանալ չի լինի» երգը ստեղծուել է 1970թ.: Ամէնուրեք` թէ՛ հայրենիքում, թէ՛ սփիւռքում, երգում էին` առանց իմանալու կամ նշելու երգի հեղինակի անունը (մինչեւ Բելլա Դարբինեանի կատարումը Հայաստանի հեռուստատեսութեամբ, 1974թ.): Ընկերոջս քոյրը` Էլեա Գրիգորեանը, 1973թ. որպէս զբօսաշրջիկ մեկնել էր Պէյրութ, որտեղ մի ճաշարանում լսել էր «Դու հեռացար» երգը Լեւոն Գաթրճեանի կատարմամբ: Էլեան զարմացել էր, որ երգս «հասել էր» Պէյրութ ու հարցրել էր Լեւոնին, թէ արդեօք գիտէ՞ երգի հեղինակին: Լեւոնը պատասխանել էր, որ Հայաստանում ինչ-որ մէկն է, ինքը շատ է հաւանել երգը եւ նոյնիսկ այդ երգի առանձին ձայնապնակն է թողարկել: Էլեան յայտնել էր, որ այդ մէկն իր եղբօր ընկերը` Սասուն Պասկեւիչեանն է: Եւ Լեւոնը մի ձայնապնակ էր յանձնել Էլեային` ինձ նուիրելու համար: Երբ այդ ձայնապնակն ինձ հասաւ, ես նոյնպէս ուրախացայ: Շատ հաւանեցի Լեւոնի կատարումը, միայն թէ մի երկու բառ փոխուած էր: Յաջորդ տարի, 1974 թ. մայիս ամսուայ սկզբին Լեւոնը եկել էր Երեւան համերգներով հանդէս գալու համար: Էլեան ինձ տեղեկացրեց, որ Լեւոնը Երեւանի «Արմենիա» հիւրանոցում է: Ես որոշեցի հանդիպել Լեւոնին, որ նա համերգի ժամանակ ուղղի այդ սխալ բառերը: Գնացի հիւրանոց, թակեցի Լեւոնի սենեակի դուռը, բացեց եւ ինձ տեսնելով` մտածեց, որ համերգի տոմս եմ խնդրում, եւ միանգամից ասաց` «Տոմսակ կ՛ուզէ՞ք, տոմսակ չունեմ…»:

Բելլա Դարբինեանի եւ Ռայիսա Մկրտչեանի հետ
Ես նեղուեցի նրա վերաբերմունքից եւ ասացի, որ տոմսակ չեմ ուզում, այլ ես «Դու հեռացար» երգի հեղինակն եմ եւ ուզում եմ, որ նա ուղղի սխալ բառերը: Լեւոնն անմիջապէս ուրախացաւ, ներս հրաւիրեց, բայց ես մերժեցի, ասացի, որ ժամանակ չունեմ ու հեռացայ: Նա անմիջապէս հասաւ ինձ, ներողութիւն խնդրեց, ու մենք հաշտուեցինք, մտերմացանք: Հիւրասիրեց, մի երկու բաժակ խմեցինք, ասաց, որ մի երկու երգ է լսել, բայց չգիտէ հեղինակներին: Հետաքրքրուեցի, թէ ինչ երգեր են, նրանց վերնագրերը: Ասաց` «Ներիր ինձ մամա» եւ «Հայր իմ»: Ծիծաղեցի, ասացի` «Լեւոն ջան, դրանք էլ են իմ երգերը, եւ ես դրանք կը նուիրեմ քեզ»: Լեւոնը շատ ուրախացաւ: Հետագայում նա առաջինն էր, որ այդ երգերը կատարեց սփիւռքում եւ իմ ստեղծագործական կեանքում շատ հետաքրքիր դեր ունեցաւ:
Հիւրանոցում հանդիպելու յաջորդ օրը Երեւանի Արամ Խաչատրեանի անուան համերգասրահում կայանալու էր Լեւոնի համերգի փորձը եւ ինձ խնդրեց, որ ներկայ լինեմ: Ես նստած էի մի անծանօթ կնոջ կողքին, որը, ինչպէս յետոյ պարզուեց, Ֆիլհարմոնիայի համերգային բաժնի աշխատակից Օլեա Սարգսեանն էր: Փորձի աւարտից յետոյ, Լեւոնը մօտեցաւ մեզ ու ասաց` «Տիկին Օլեա, կը ճանչնա՞ք այս երիտասարդը` «Դու հեռացար» երգի հեղինակն է»: Տիկին Օլեան շատ զարմացաւ եւ ասաց` «Օ, ես ձեզ էի փնտռում: Դուք տեղեա՞կ էք, որ Բելլա Դարբինեանը վաղը ձայնագրելու է այդ երգը եւ մենք չգիտէինք երգի հեղինակին»: Տիկին Օլեան մեծ դեր ունեցաւ իմ ստեղծագործական կեանքում: Նա ինձ ծանօթացրեց Ռայիսա Մկրտչեանի, Յովհաննէս Բադալեանի, Օֆելիա Համբարձումեանի, Ռուբեն Մաթեւոսեանի եւ Ֆլորա Մարտիրոսեանի հետ, որոնք կատարեցին իմ մի շարք երգերը…
Հ.- Մեր օրերում ի՞նչ ճամբայ է բռնել հայկական մշակոյթը:
Պ.- Ես երգահան եմ եւ նախընտրում եմ խօսել միայն հայկական երգարուեստի ասպարէզի ներկայիս վիճակի մասին: Իսկ այն, ինչպէս բազմիցս արտայայտուել եմ իմ տարբեր ելոյթներում (նաեւ` հեռուստատեսութեամբ), յօդուածներում, հարցազրոյցներում, մեղմ ասած` անմխիթար է, նոյնիսկ, որոշ դէպքերում` ողբերգական: Պատճառները բազմաթիւ են եւ բազմապիսի` անտարբերութիւն, անփութութիւն, որոշ դէպքերում` նոյնիսկ միտումնաւորութիւն:
Հ.- Ինչպիսի՞ն պիտի լինի իսկական երգը:

Օֆելիա Համբարձումեանի, Ռուբեն Մաթեւոսեանի եւ Արմէն Մանդակունեանի հետ
Պ.- Այս հարցն ինքնին մի ամբողջական հարցազրոյցի թեմա է: Նախ պէտք է յստակեցնել, թէ ի՞նչ է նշանակում «իսկական երգ»: Աւելի՛ն` «լաւ երգ», «ճաշակով երգ»: Ո՞վ կամ ովքե՞ր եւ ինչպէ՞ս պէտք է որոշեն երգի լաւը, ճաշակաւորը: Տարբեր մարդիկ դա իւրովի են ընկալում ու մեկնաբանում, հիմնականում պատճառաբանելով, թէ «ճաշակին ընկեր չկայ» (սա էլ հէնց դժբախտութեան մի մասն է, երբ ամէն ոք իր իսկ ճաշակին համապատասխան է որոշում երգի լաւն ու վատը, ճաշակովն ու անճաշակը): Այնուամենայնիւ, շատերը ճիշդ են ասում` մէկը գիտութեան դոկտոր է, արուեստագէտ, մտաւորական, արհեստաւոր, միւսն ամբողջ կեանքում զբաղուել է անասնապահութեամբ եւ այլն: Իմ համոզմամբ, ինչպէս արուեստի ցանկացած գործ, իսկական երգը նախ պէտք է ունենայ ասելիք: Միւս կողմից, քանի որ երգի մէջ համատեղ «ապրում» են խօսքն ու երաժշտութիւնը, ուստի, ամէն ինչից զատ, նրանք պէտք է լինեն համահունչ: Նրանք փոխադարձ կապի մէջ են: Ընդհանրապէս երգը ես համարում եմ կենդանի օրկանիզմ, ընդ որում` մարդկային, մարդուն բնորոշ, նրան բնորոշող:
Երգն ունի իր հոգին ու ոգին (պարզ է` դրանք տարբեր բաներ են): Երգն ունի տրամաբանութիւն եւ տրամադրութիւն, շնչառութիւն (հնուց ասուած խօսք է` երգել, նշանակում է ճիշդ շնչել), առոգանութիւն, երգն ունի իրեն իւրայատուկ ռիթմը, տեմպը, իր ջերմաստիճաններն ու գոյները, իր քերականութիւնը` յատկապէս շեշտադրութիւնը, կէտադրական նշանները` ստորակէտ, բութ, միջակէտ, հարցական եւ բացականչական եւ այլն, այսինքն` բնագրին համապատասխան: Բերեմ մի պարզ օրինակ: Յայտնի է, որ նախադասութեան մէջ ստորակէտի տեղը փոխելով` կարող է փոխուել ամբողջ իմաստը, բնականաբար` իմաստի փոփոխմամբ փոխւում է նաեւ երաժշտութիւնը (կարելի է շատ օրինակներ բերել), մի խօսքով, ինչպիսին բնագիրն է` երաժշտութիւնն էլ պէտք է նրան համահունչ լինի… դեռ չեմ խօսում երգի բնաւորութեան, կառուցուածքի, բաղադրութեան, «համի», «հոտի», ճաշակի, որակի եւ այլ յատկութիւնների մասին): Իմ համոզմամբ, երգը երգ է դարձնում երգիչը (ամենալաւ երգն անգամ վատ երգիչը կարող է տապալել, աղաւաղել, փչացնել, սակայն վատ երգը ոչ մի երգիչ էլ չի փրկի): Սովորաբար բոլոր երգիչներն էլ լաւ երգ են փնտռում, սակայն երգն է գտնում երգչին, քանի որ ամէն երգիչ ամէն երգ չի կարող կատարել:
Ես երգիչներին բաժանում եմ 5 խմբի: Այսինքն` եթէ , օրինակի համար, վերցնենք 100 հոգու, որոնք պարզապէս սիրում են երգել (որոնց զգալի մասը` հաճոյքի, այսպէս ասա յաւեսի համար), ապա այդ 100-ից մօտ 60 առ հարիւրը ընդամէնը երգողներ են: Մնացած 40- ի մի մասը երգը կատարում է, աւելի քիչ մասը երգը մեկնաբանում է, մի 5- 6 հոգի կարողանում են մտնել երգի կերպարի մէջ, եւ, ի վերջոյ, հազիւ 1 կամ 2 երգչի մէջ է, այսպէս ասած, «տեղաւորւում» երգի կերպարը: Շատ պարզ օրինակ. եթէ երգիչն իր կեանքում չի սիրահարուել, չի սիրել, չի տառապել, ապա ինչպէ՞ս կարող է իր երգով մեկնաբանել, մատուցել այդ ամէնը: Աւելացնեմ, որ յատկապէս նոր երգ ստեղծելիս ես նախ եւ առաջ նկատի եմ ունենում երգչին` նրա ներաշխարհը, էութիւնը, կատարողական արուեստը, ձայնային տուեալները:
Իմ համոզմամբ, երգը երգ է դառնում 5 գործօնով, այսինքն նախ երգահանն է (ստեղծագործողը), յետոյ` երգիչը, ապա` գործիքաւորողը, յաջորդը` նուագախումբն իր երաժիշտներով, եւ ի վերջոյ` երգի ձայնագրումը, ներառեալ` ձայնագրման ճարտարագէտը: Ուստի, եթէ այս 5-ից որեւէ մէկը թերի լինի, երգը չի ստացուի: Իմ երգերից մէկը ես հարկադրուած ձայնագրեցի 3 անգամ, որովհետեւ գործիքաւորման մէջ թերութիւններ կային, նաեւ` որոշ երաժշտական գործիքներ ճիշդ չէին ընտրուած, իսկ նուագախմբի ղեկավարը լաւ չէր ըմբռնել երգի բնագրի իմաստն ու խորքը: Այո, հեշտ գործ չէ ստեղծագործելը, իմ պարագայում` երգ յօրինելը, ստեղծելը:
Հ.- Ինչպէ՞ս էք գնահատում հայ մշակոյթի մակարդակը սփիւռքում, եւ ինչպիսի՞ն է սփիւռքահայութեան ներդրումը այս գործում` թէ՛ Հայաստանի, թէ՛ համայնքների մէջ:
Պ.- Ընդհանրապէս մշակոյթի պահպանումը ես տեսնում եմ մշակոյթի զարգացման մէջ: Ամենատարբեր պատճառներով մենք սփռուած ենք ամբողջ աշխարհում, եւ հայ մշակոյթի զարգացմամբ պէտք է զբաղուեն բոլոր հայերը` անկախ բնակութեան վայրից: Գալով երգարուեստին, պէտք է յիշեմ Պլատոնին` «Երաժշտութիւնը պետական գործ է»: Հայութեան շուրջ 70 – 80 տոկոսն ապրում է հայրենիքից դուրս` սփիւռքում: Իսկ սփիւռքաբնակ հայութիւնը հիմնականում յոյսը դրել է հայրենաբնակ հայութեան վրայ, որտեղ ճարպկորդիք կարծեցեալ ազատութեան քօղի տակ աւերներ են գործում: Տարբեր առիթներով կրկնել եմ երաժշտագէտ, կոմիտասագէտ Արթուր Շահնազարեանի ելոյթներից մի հատուած` «Եթէ Թուրքիան մէկ միլիառ տոլար ծախսեր իր մշակոյթը տարածելու հայութեան մէջ, որին եղեռնի է ենթարկել, ապա այն յաջողութեանը չէր հասնի, ինչ մենք ինքներս ենք անում…»: Բայց միայն թուրքականը չէ: Մեր ժամանակակից երգարուեստը հեղեղուած է արաբական, պարսկական, հնդկական, սպանական, յունական, ամերիկեան, ֆրանսական ու չգիտեմ թէ էլ ինչական երաժշտական ուղղութիւններով, նմանակումներով, կապկումներով: Եւ այս հարցում հիմնական մեղաւոր պատասխանատուները, ինչպէս յաճախ եմ արտայայտուել, մեր մտաւորականներն են` թէ՛ հայրենիքում, թէ՛ սփիւռքում: