Հարցազրոյցը` Լ. ԹԵՒՈՍԵԱՆԻ
Ազրպէյճանի ռազմատենչ քաղաքականութեանը խրախուսող որոշ գործօններ կարող են լինել ինչպէս Անգարայից հնչող քաղաքական աջակցութեան կոչերը, այնպէս էլ տարբեր երկրներից խոշոր յարձակողական զէնքերի վաճառումը` մասնաւորապէս ռուսաստանի, Թուրքիայի, Իսրայէլի եւ այլ պետութիւնների կողմից. այս տեսակէտը «Ապառաժ»-ի թղթակցի հետ զրոյցում յայտնեց «Ռուս-հայկական համագործակցութեան» նախագահ Եուրա Նաւոյեանը, ով Հայ դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովի շրջանակներում օրերս Արցախում էր: «Ռուսաստանն ու Ազրպէյճանն ունեն զէնքի պայմանագիր, սակայն դա չի նշանակում, որ այդ զէնքը պէտք է օգտագործուի Հայաստանի կամ Ղարաբաղի դէմ: Այլ հարց, որ Ազրպէյճանը յարձակողական զէնքի խոշոր պայմանագրերը կարող է ընկալել Թուրքիայի քաղաքական յայտարարութիւնների խորապատկերի վրայ աջակցութիւն իր ծրագրերին, ինչպէս ժամանակին Մ. Սահակաշվիլին Միացեալ Նահանգների քաղաքական յայտարարութիւնները, որոշ վրացական ստորաբաժանումների եւ մարզումների ամերիկեան հրահանգիչների յայտարարութիւններն ընկալեց որպէս արտօնութիւն կամ խրախուսանք` Հարաւային Օսեթիայի վրայ յարձակուելու»:
Եուրա Նաւոյեանի կարծիքով` մենք պէտք է կարողանանք նոր արդիւնաւէտութեամբ կառուցել մեր քաղաքականութիւնը` թէ՛ ներսում, թէ՛ դրսում:
«Որեւէ երկիր, անգամ բարեկամ երկիր, չի կարող մեր փոխարէն լուծել մեր խնդիրը: Մենք յստակ օրակարգի վրայ պէտք է կառուցենք մեր յարաբերութիւնները մեր դաշնակից, հարեւան, եւ հեռաւոր երկրների հետ», շեշտում է Ե. Նաւոյեանը.- հայ-ռուսական յարաբերութիւնների ընթացիկ սպասարկման օրակարգը պէտք է կատարելագործել` ելնելով իրաւապայմանագրային հենքից: Հայ-ռուսական միջխորհրդարանական յանձնաժողովի միջկառավարական յանձնաժողովի նիստն ամիսներ շարունակ տեղի չի ունենում: Իսկ երբ տեղի էլ է ունենում, վերածւում է ռուսական կողմի համանախագահողի գովերգման երեկոյի, այլ ոչ թէ` միջխորհրդարանական նիստի»:
Ե. Նաւոյեանի կարծիքով, մենք լիարժէքօրէն չենք օգտւում հայ-ռուսական յարաբերութիւնների ընձեռնած հնարաւորութիւններից եւ պէտք է կատարելագործենք մեր օրակարգը Ռուսաստանի հետ:
«Տարին երկու անգամ Երեւանում եւ Մոսկուայում գումարուող հայ-ռուսական միջկառավարական յանձնաժողովի նիստերում Հայաստանը, որպէս գործընկեր երկիր, կարող է ցանկացած հարց օրակարգ բերել, արձանագրել եւ հետագայում, ինչպէս պետական գերատեսչութիւններով, այնպէս էլ սփիւռքի հնարաւորութիւններով հետամուտ լինել համայնքի բարձրացրած հարցերին», նկատել է Ե. Նաւոյեանը:
Անդրադառնալով հայ-ռուսական յարաբերութիւններին` Նաւոյեանը նշել է, որ Հայաստանը սերտօրէն իրաւապայմանագրային հենքի վրայ կապուած է Ռուսաստանի հետ, սակայն ինչպէս ցանկացած երկկողմանի յարաբերութիւններում, այնպէս էլ հայ-ռուսական յարաբերութիւններում ոչ միայն կարող են յառաջանալ հարցեր, այլ այդ հարցերը կան ամէն օր եւ ամէն ժամ:
«Ռուսաստանն ունի պայմանագրեր Հայաստանի հետ` իբրեւ միջազգային իրաւունքի տէրի: Ղարաբաղի մասով Ռուսաստանը մասնակցում է բանակցութիւններին իբրեւ եռանախագահներից մէկը: Եւ երբեմն շփոթ է լինում, որ շփման գծում հակամարտութեան վերսկսման դէպքում Ռուսաստանն իբրեւ ռազմավարական դաշնակից պէտք է ուղղակիօրէն ընդգրկուի հակամարտութեանը: Ազրպէյճանն ու Թուրքիան ուզում են Ռուսաստանին ներքաշեն որոշակի հրապարակային նման գործողութիւնների, որպէսզի կասկածի տակ դնեն Ռուսաստանի` միջնորդի իրաւունքը եւ հայ-ռուսական ռազմավարական համագործակցութիւնը, նաեւ` ՀԱՊԿ-ի կենսագործունէութիւնը: Իլհամ Ալիեւը, մտքում ունենալով ռազմական լուծման որոշակի ծրագրեր, կարող է Ռուսաստանին իբրեւ գործիք օգտագործել», նշել է նա:
Նրա համոզմամբ, պատերազմի վերսկսումը, կամ ռազմական գործողութիւնների բորբոքումը ձեռնտու չէ ինչպէս Հայաստանին, այնպէս էլ Ռուսաստանին:
Խօսելով ռուս-թուրքական յարաբերութիւնների ներկայ փուլի եւ Հայաստանի ու Արցախի վրայ դրանց հնարաւոր ազդեցութեան շուրջ` Եուրա Նաւոյեանը նշել է, որ ռուսաստանի արտաքին քաղաքականութեան հայեցակարգը սահմանում է, որ Ռուսաստանի նպատակն է սահմանների երկայնքով ունենալ բարեացակամ տրամադրուած երկրներ եւ, ըստ էութեան, ամէն ինչ ուղուած է դրան:
«ՀԱՊԿ-ում եւ ԵՏՄ-ում Հայաստանը, որպէս բարեացակամ երկիր եւ բարի քաղաքականութիւն վարող երկիր, գրաւում է շատ կարեւոր տեղ. դա ամրագրուած է նաեւ հայ-ռուսական միջպետական համաձայնագրերով ու Հայաստանում Ռուսաստանի ռազմական խարսխի առկայութեամբ: Իսկ դա ժամանակակից միջազգային յարաբերութիւններում միջպետական յարաբերութիւնների հնարաւոր բարձրագոյն մակարդակն է: Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում եւ համաձայն ընդունուած հերթագայութեան, նոյեմբերին Հայաստանում նախատեսուող ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում Հայաստանի ներկայացուցիչն ընտրուելու է ՀԱՊԿ-ի գլխաւոր քարտուղար:
Հայաստանը միացաւ Եւրասիական տնտեսական միութեանը եւ, ըստ էութեան, նաեւ լիարժէք այս օրակարգը ձեւաւորող պետութիւններից մէկն է, այլ հարց թէ ի՛նչ թափով կամ արդիւնաւէտութեամբ է զարգանում տնտեսական միաւորումը: Բոլոր այս հարթութիւններում չկայ Թուրքիայի դերակատարութիւն եւ իրավիճակային ռուս-թուրքական յարաբերութիւններով չեն պայմանաւորուած ահա այս երեք հարթութիւններում Հայաստանի համագործակացութիւնը Ռուսաստանի հետ», ասում է Ե. Նաւոյեանը:
«Թուրքիան եւ Ազրպէյճանն առանձին-առանձին եւ միասնաբար ուզում են Ռուսաստանին ցոյց տալ, որ առանց իրենց այս տարածաշրջանում, իսկ Թուրքիայի պարագայում` Մերձաւոր Արեւելքում, շատ դժուար է լինելու Ռուսաստանի համար, այդ պատճառով աւելի լաւ է Ռուսաստանն իրենց հետ ունենայ հնարաւոր լաւ յարաբերութիւններ: Նրանք ամէն կերպ փորձում են կարեւորել իրենց նշանակութիւնը,- յաւելում է քաղաքական գործիչը,- եւ երկրորդ` ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ազրպէյճանը, դարձեալ առանձնաբար եւ միասին, ուզում են Ռուսաստանին իրենց մատուցել իբրեւ Հիւսիսային Կովկասում իրավիճակի կայունացման գործօն: Այսինքն` ռուս-թուրքական ու ռուս-ազրպէյճանական լաւ յարաբերութիւններն իբրեւ Հիւսիսային Կովկասում եւ Ռուսատանի ներսում ազգամիջեան յարաբերութիւնների կայունացման գործօն»:
«Ինքնաթիռի խոցելուց յետոյ Ռուսաստանը գնաց կտրուկ քայլերի, եւ ներկայիս սառեցուած յարաբերութիւնների պայմաններում Թուրքիան ցանկանում է իր կարեւորութիւնն ընդգծել:
Մենք տեսնում ենք, որ քառօրեայ պատերազմի եւ հետագայ օրերին Անգարայից նման կոչեր հնչում էին, որ Թուրքիան շատ կարեւոր է Ռուսաստանի համար: Սակայն Մոսկուան այդ կոչերը որոշակիօրէն անտեսեց: Պէտք է նկատի ունենալ այն, որ Թուրքիան կը շարունակի այս քաղաքականութիւնը: Այն, ինչ դրսեւորում էր Ղրիմի մասով, Սիրիայի եւ Ղարաբաղի մասով դա արդէն ժամանակը ցոյց կը տայ: Սակայն ակնյայտ է, որ Ալիեւի ռազմատենչ ծրագրերը նկատի ունենալով` Թուրքիան, ինչո՞ւ չէ` նաե՛ւ մի շարք երկրներ, կարող են մղել Ալիեւին արկածախնդրութեան: Որոշակի ուժեր կան, որոնք պէտք է լուծեն իրենց հաշիւները Ռուսաստանի հետ», նշել է Նաւոյեանը:
Անդրադառնալով Ռուսաստանում «Ռուս-հայկական համագործակցութեան» աշխատանքներին Եուրա Նաւոյեանը նշել է, որ իրենց ամէնօրեայ աշխատանքների մաս է կազմում ԼՂՀ-ն իբրեւ կենսունակ եւ կայացած պետութիւն ներկայացնելը, Արցախի ամէնօրեայ իրական կեանքը Ռուսաստանի քաղաքական, քաղաքագիտական եւ լայն հանրութեանը ներկայացնելը: Գրասենեակը սերտօրէն աշխատում է Ռուսատանի քաղաքագիտական, վերլուծական հաստատութիւնների հետ ներկայացնում է Արցախի խնդիրը: Կազմակերպում են գիտաժողովներ, հանդիպումներ: Իրականացնում են «Զգո՛ւշ. պատմական փաստեր են» ծրագիր, որը ուղղուած է պատմութեան կեղծարարութեան դէմ, որի շրջանակներում կազմակերպում են շնորհահանդէսներ` ազրպէյճանական կեղծարարութեան, հակամարտութեան նենգափոխման եւ պատմական փաստերի կեղծման դէմ:
Ստեղծել են մատենաշար` Ռուս-հայկական համագործակցութեան գրադարան» անունով, որի առաջին հատորը հրատարակուել է ղարաբաղեան թեմայով: Կազմակերպում են նաեւ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, հասարակական գործիչների եւ լրագրողների այցեր Արցախ: