Պատրաստեց` ՄԱՐԳԱՐԻՏԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Վայր, որտեղ ժամանակի զգացողութիւնը կարծես անհետանում է, կաթիլ առ կաթիլ զօրացող անձրեւը գրեթէ չի նկատւում, իսկ գոյների եւ ձեւերի բազմազանութիւնը բոլորովին մէկ այլ աշխարհ է տեղափոխում մարդուն: Այնտեղից սովորաբար հեռանում են նորից եւ կրկին վերադառնալու ներքին որոշմամբ, յոյսով եւ փափաքով: Աշխարհի որեւէ անկիւնում անկարելի է գտնել մի վայր, որն ունենայ մեր հին ու նոր Վերնիսաժի իւրատեսակ գեղեցկութիւնն ու քաշողականութեան ուժը:
Այգում
Մշակութային այս առանձնայատուկ շուկան ձեւաւորուել է 1980-ական թուականների կէսերին, Երեւանում, Մարտիրոս Սարեանի անուան այգու տարածքում, որտեղ այն ժամանակ հիմնականում նկարներ են ցուցադրուած եղել: Տարիների ընթացքում Վերնիսաժը բաժանուել է 2 մասի` նկարիչների մի մասը մնացել է Սարեանի այգում, իսկ միւս արուեստագէտների ու արհեստաւորների համար տեղ է յատկացուել Հանրապետութեան հրապարակին կից այգում: Այնտեղ մինչ օրս վաճառւում են հայ վարպետների ձեռագործ աշխատանքները` յուշանուէրներ, ոսկերչական իրեր, գորգեր, նկարներ, ազգային երաժշտական գործիքներ, տիկնիկներ, հնաոճ իրեր, գրքեր, կենցաղային պարագաներ, ինչպէս նաեւ` մտքի եւ ձեռքի զանազան այլ աշխատանքներ:
Սկզբում
Նախ դժուար է կողմնորոշուել` ո՛ր անկիւնից մտնել Վերնիսաժ. չկայ յատուկ մուտք եւ ամէն հատուած գրաւիչ է ու գունեղ` յարմար որպէս շուկայի սկիզբ ընկալելու: Դիւրին չէ նաեւ ստոյգ ծրագրել, թէ ի՛նչ գնում պէտք է կատարել, քանի որ գրեթէ անկարելի է այդ ծրագրից չշեղուելը: Ընդհանրապէս դժուար է լինում այնտեղի իրերի գայթակղութեանը դիմակայելը: Ի դէպ, Վերնիսաժի առանձնայատկութիւններից մէկն էլ այն է, որ նոյնիսկ առանց գնում կատարելու` միայն դիտելով եւ ուսումնասիրելով, արդէն իսկ գեղագիտական բաւարարութեան մեծ պաշար կարելի է կուտակել, որն էլ, ինչպէս գիտենք, երբեմն առաւել արժէքաւոր է լինում, քան` ձեռք բերուող շօշափելի առարկան:
Պատրանքը
Հայկական ուրախ ինչ-որ պարեղանակ է լսւում. վաճառողներից մէկն իր տհոլի գերազանց որակն ու երաժշտական հնարաւորութիւններն է ներկայացնում հաւանական գնորդին: Մարդու լեզուն անգամ չի պտտւում նրան վաճառական անուանել, քանի որ վարպետութիւնն ու ոգեշնչումը, որով նուագում է գործիքը, մերօրեայ նոյնիսկ ճանաչուած արուեստագէտներ չունեն: Գեղեցիկ զուգադիպութի՞ւն է, թէ՞ նախապէս մտածուած համադրութիւն. տհոլահարի տաղաւարից ոչ շատ հեռու ցուցադրուած են ազգային տարազներով պարախմբեր պատկերող նկարներ: Երաժշտական այս վառվռուն հնչիւնների ներքոյ մի քանի երկվայրկեան կենտրոնացած նայելով կենսուրախ կտաւներին` պատրանք է ստեղծւում, թէ իբր պարում են հէնց հնչող երաժշտութեան տակ եւ ուր որ է պիտի դուրս ցատկեն անշարժ կտաւներից ու պարը շարունակեն ժողովրդի շարքերի մէջ: Հէնց նման անզուգական զգացողութիւններից է սկսւում Վերնիսաժի «կախարդանքով» հմայուելը, իսկ «կախարդուած» լինելը դադարում է, երբ… Ո՛չ, գէթ մէկ անգամ «թակարդը» ընկնելուց յետոյ, այս արուեստաշունչ վայրով հմայուելը այլեւս երբեք չի դադարում:
Գոյների «Երաժշտութիւնը»
Պայծառութիւնից եւ բազմազանութիւնից համարեա գլխապտոյտ է առաջանում Վերնիսաժի գորգերի բաժնում, որտեղ արդէն առանձնայատուկ «երաժշտութիւն» հիւսողը գոյներն ու երանգներն են: Հայաստանի ազգային հարստութիւն համարուող արհեստ գորգագործութիւնն իր ողջ փայլքով լաւագոյնս ներկայացուած է հէնց այստեղ: Թէ՛ հարիւրամեայ պատմութիւն ունեցող կարպետներ եւ թէ՛ նոր ստեղծուած գեղեցիկ նախշազարդ գորգեր կարելի է գտնել արհեստների ու արուեստների այս շուկայում: Հինն ու նորը որքան որ տարբեր, նոյնքան էլ ներդաշնակ են խաչաձեււում գորգերի աշխարհում` ճիշդ այնպէս, ինչպէս Վերնիսաժում հանդիպող մարդկանց հին ու նոր սերունդները:
«Նուրին Եկել Է»
Վերնիսաժի գեղեցկուհիներն են հայկական տարազով, նուրբ բերաններով ու մեծ խորհրդաւոր աչքերով փոքրիկ պուպրիկները: Նրանց սիրում ու գնում են այցելուներից շատերը, բայց երեւի քչերը գիտեն այս տիկնիկների անունն ու պատմութիւնը:
Հայկական մշակոյթի ամենագեղեցիկ, խորհրդաւոր արժէքներից են հայոց ծիսական տիկնիկները: Նրանց կերպարների մէջ առաւել խօսուն ձեւով է մարմնաւորուել ժողովրդի անյատակ մտածողութիւնը: Հայերը նրանց օժտել է մոգական ուժով, չարը խափանող, վտանգից ու վախից զերծ պահող յատկութիւններով: Պուպրիկների միջոցով ձգտել են ապահովել բերք ու բարիքի առատութիւնը, պտղաբերութիւնը, արգասաբերութիւնը, ընտանեկան եւ անձնական յաջողութիւնները:
Վերնիսաժում համախմբուած գունագեղ գործուած այս գեղեցկուհիները Նուրի էին անուանւում: Անցեալում հայ ժողովուրդը հաւատացել է, որ նրանք երջանկութիւն են բերում: «Նուրի» նշանակում է անձրեւի հարս: Հնում այս տիկնիկներն օգտագործուել են շոգ օրերին եւ երաշտի ժամանակ երկնքից անձրեւ խնդրելու համար: Դրանք նաեւ խորհրդանշել են առատութիւնն ու պտղաբերութիւնը: Այսպիսով, հին հայկական բանահիւսութիւնից մեզ է հասել հետեւեալ ծիսական երգը.
Նուրին, Նուրին եկել է,
Շալէ շապիկ հագել է,
Արծաթ գօտիկ կապել է,
Մեր Նուրիի փայը տուէք,
Ուտենք, խմենք, քէֆ անենք:
Անձրե՛ւ, անձրե՛ւ, ցած արի,
Բուսցըրու ցորեն ու գարի:
Ցաւալի է, որ մեր օրերում հայերիս մօտ «Պարպի» տիկնիկն առաւել յարգի ու տարածուած է, քան` մեր հայկական աւանդական տիկնիկը, որի մասին այսօր շատերը ընդհանրապէս չգիտեն:
Տարազները
Վերնիսաժը լաւագոյն թանգարանից ոչ պակաս արդիւնաւէտ` թոյլ չի տալիս, որ հայկական ազգային տարազները յանկարծ անհետանան ժամանակի մէջ: Այնտեղ գտնուող հայ տարազի լաւագոյն նմուշները նախշազարդ բաճկոններն ու գլխարկներն են, գուլպաներն ու ոտնամաններն են, ինչպէս նաեւ` պայուսակներն ու զարդեղէնը: Գոյնզգոյն եւ տարատեսակ են վերնիսաժեան տարազները, ինչպէս որ հին հայկական իրականութեան մէջ են եղել:
Հին Հայի Ոճը
Մեր տարազը հայոց բազմաբարբառ լեզուի նման բազմաբնոյթ է: Մէկ համահայկական տարազ չկայ: Հայաստանի ամէն մի նահանգ աչքի էր ընկնում միայն իրեն իւրայատուկ տարազով, այդ նահանգի իւրաքանչիւր գաւառ միայն իրեն բնորոշ զարդանախշերով, գաւառի իւրաքանչիւր ընտանիք, այդ ընտանիքի իւրաքանչիւր աղջիկ իր տարազի իւրայատկութեամբ տարբերւում էր միւսից:
Արեւմտեան եւ Արեւելեան Հայաստանի տարազները տարբերւում են նրանով, որ արեւմտեանինը աչքի էր ընկնում առաւել ճոխութեամբ, աւելի հարուստ էր ոսկեթել եւ արծաթաթել ասեղնագործութիւններով: Միւս էական տարբերութիւնն այն էր, որ արեւմտեան բոլոր գաւառներում գոգնոցը կնոջ տարազի պարտադիր մասն էր: Հայաստանի մի քանի շրջաններում տարածուած գոգնոցների առանձնայատկութիւններն էին օրինակ. Բարձր Հայքում գոգնոցը քառանկիւնաձեւ, մետաքսէ, բրդեայ գործուածք էր, որում գերակշռում էր կարմիր գոյնը: Վրան պատկերում էին բուսանախշեր եւ թռչուններ: Սասունում գոգնոցը կապոյտ գոյնի բրդեայ գործուածք էր, որի վրայ բրդեայ թելերով ասեղնագործուած էին երկրաչափական նախշեր: Սեբաստիայում գոգնոցի գոյնը ունեցել է որոշակի նշանակութիւն: Շեղանկիւններով զարդարուած կարմիր գոգնոցը խորհրդանշել է ամուսնացած կնոջը, աղջիկները այն չեն կրել:
Արեւմտեան եւ Արեւելեան Հայաստանի տարազը տարբեր էր նաեւ տղամարդկանց դէպքում: Արեւելեան գաւառներում տարածուած էր կովկասեան տարազաձեւը, որը կազմուած էր ներքնազգեստից, կարճ վերնազգեստից, չուխայից: Ձմրանը հագնում էին լայն մուշտակ` առանց գօտու, գլխին կրում էին գառան կամ ոչխարի մորթուց գլխարկ: Արեւմտահայերի տարազը տարբերւում էր: Այն կազմուած էր ասեղնագործ տաբատից, կարճ անթեւ զգեստից, վերնաշապիկից, կարճ վերնազգեստից: Դնում էին սպիտակ, կոնի ձեւով գլխարկներ:
Գուլպաները` Շարան-Շարան
Անչափ տպաւորիչ են Վերնիսաժում տեղ գտած` հին հայկական ոճին համապատասխան ստեղծուած գուլպաների եւ ոտնամանների հաւաքածուները: Սրանք վաղուց է, ինչ շատերի մօտ ընկալւում են որպէս սիրուած այս վայրի խորհրդանիշ: Շարան-շարան դասաւորուած այդ գունագեղ գործուածքները մի առանձնակի ջերմութիւն են հաղորդում արդէն իսկ արեւշող շուկային:
Հնում գուլպան եւ ոտնամանը հայի հագուստի անբաժան մասն են կազմել, նաեւ պաշտպանել են ցրտից: Ուրարտական շրջանում կրել են երկայնակի կամ լայնակի գծանախշերով գուլպաներ: Կին թէ տղամարդ հագել են կաշուէ սրածայր ոտնաման` տռեխ: Կանանց պարագայում անչափ կարեւոր է եղել զարդի առկայութիւնը, որն արտայայտել է կրողի գեղագիտական նախասիրութիւնը: Զարդերի յատուկ խումբ են կազմել պաշտպանող յատկութիւն ունեցողները` աչքաուլունք, յուռութ, խաչեր: Կիրառել են հիւանդութիւններ բուժելու նպատակով` ծիսական աղօթքների ուղեկցութեամբ: Թէեւ Արեւմտեան եւ Արեւելեան Հայաստանում հայ աւանդական զարդարանքի պարագաները տարբերուել են, բայց ունեցել են որոշ ընդհանրութիւններ` գոյնի, ձեւի, իմաստի առումով:
Ի դէպ, նաեւ Վերնիսաժի միջոցով պահպանուած «յիշողութեան» շնորհիւ է, որ յատկապէս վերջերս, Հայաստանում որոշ զոյգեր պսակուելիս փորձում են հնարաւորինս հին հայկական տարազի համաձայն հագնուել ու զարդարուել:
Ընտանիքով
Համաշխարհային հասկացութիւնների մէջ «Վերնիսաժ» բառն առաջացել է ֆրանսերէն «vernis» բառից. նախկինում նկարիչները այս ցուցահանդէսի ժամանակ յատուկ փայլեցնող նիւթ էին քսում իրենց նկարների վրայ: Աշխարհում «Վերնիսաժ»-ն իրենից ենթադրում է արուեստի գործերի ցուցահանդէս-վաճառք, որի ժամանակ սովորաբար ներկայ են լինում ստեղծագործող արուեստագէտները, նրանց քննադատները եւ յատուկ հիւրեր: Մեր ազգային Վերնիսաժի առանձնայատկութիւններից մէկն էլ այն է, որ այստեղ ոչ միայն արուեստագէտներն են ներկայ, այլեւ` արուեստագէտների ընտանիքներ, որտեղ իւրաքանչիւր անձ ստեղծագործող է: Օրինակ` գեղանկարների բաժնում, երբ վաճառող մի կնոջից հետաքրքրուեցի` արդեօք ի՞նքն է հեղինակը, մատնացոյց անելով նկարներն` ասաց. «Սրանք իմն են, այն կողմում ամուսնուս գործերն են. իսկ աւելի ձախ որդուս վրձնի աշխատանքներն են. նոր է սկսել, բայց մեզանից յետ չի մնում, գեղեցիկ են, չէ՞…»:
Անշուշտ Վերնիսաժում տեղ են գտած գեղեցիկ ստեղծագործութիւններ, որոնց միջոցով ներկան ու անցեալը, հնաոճն ու նորաձեւը զուգորդւում են միմեանց` ստեղծելով անկրկնելի մի մթնոլորտ` վերնիսաժեան գոյների «համանուագը»:
Այս շուկան իր ամէն տաղաւարներով, հեղինակներով, արուեստի նմուշներով, այցելուներով կարծես մի առանձին հսկայական կտաւ լինի, որի հեղինակը հայ ժողովուրդի ստեղծագործ միտքն ու վրձինն է: Վրձին, որը «Վերնիսաժ» խորագրի տակ պատկերել է Երեւան քաղաքի ամենապայծառ դիմագիծը:
Հայերի եւ օտարերկրեայ հիւրերի առջեւ մեր պարծանքներից մէկն է Վերնիսաժը` անցեալը լուսաւորող, ներկային փայլ հաղորդող ազգային հարստութիւն է: Իր աշխուժութեամբ ու կենսառատութեամբ` Երեւան քաղաքի զարկերակն է այն:
Պէյրութ