ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Վիեննայում մայիսի 16-ի ուշ երեկոյեան Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման շրջանակում Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահների, ԵԱՀԿ Մինսքի խմբակի համանախագահող երկրների արտաքին գերատեսչութիւնների ղեկավարների` Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարար Ճոն Քերիի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովի, Ֆրանսայի եւրոպական հարցերով արտաքին գործերի նախարար Արլեմ Տեզիրի մասնակցութեամբ կայացած բազմակողմ ձեւաչափով բանակցութիւններն աւարտուեցին համանախագահների ընդունած համատեղ յայտարարութեամբ:
Ըստ դրա, Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահներ Սերժ Սարգսեանն ու Իլհամ Ալիեւը վերահաստատել են 1994 եւ 1995թթ. հաստատուած հրադադարին եւ հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը հաւատարիմ մնալու իրենց յանձնառութիւնը, հետագայ բռնութիւնների վտանգը նուազեցնելու համար համաձայնել են ամենակարճ ժամկէտներում աւարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեքանիզմների ներդրման աշխատանքները, ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենեակը: Յայտարարութեան մէջ նշւում է նաեւ, որ յունիսին նախագահները կը համաձայնեցնեն յաջորդ բանակցութիւնների յստակ ժամանակը եւ վայրը` համընդգրկուն կարգաւորման հասնելու շուրջ բանակցութիւնների վերսկսման նպատակով:
Բանակցութիւններից յետոյ լրագրողներին տուած ճեպազրոյցում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը յայտարարել է, թէ իրենք նպատակադրել են գործը հասցնել աւարտին, որպէսզի սկսուի առաջընթացը հակամարտութեան ամբողջական կարգաւորման ուղղութեամբ: «Դա պէտք է արուի փուլերով, եւ կան հակամարտութեան կարգաւորման առաջին փուլի չափանիշների համաձայնեցման հնարաւորութիւններ», ասել է նա:
Հայաստան վերադառնալու ճանապարհին օդանաւում հայաստանեան լրագրողների հետ զրոյցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանն էլ նշել է, որ բանակցութիւններում հայկական կողմի նպատակն էր պարզել` մտե՞լ են, արդեօք, բանակցութիւնները փակուղի, եւ չկա՞յ այլ ելք, քան պատերազմը: Սարգսեանը նշել է, որ ինքը բաւարարուած է արդիւնքներով, սակայն հաւատ չունի Ազրպէյճանի նախագահի այն հաւաստիացումների հանդէպ, թէ պատերազմով որեւէ խնդիր լուծելու նպատակ չունի: Հայկական կողմը, ըստ նախագահի, առաջարկել է յաջորդ բանակցութիւններն անցկացնել ԵԱՀԿ-ի կողմից հրադադարի պահպանման դիտարկման մեքանիզմների ստեղծումից յետոյ:
Վիեննայի բանակցութիւնները, ըստ էութեան, կայացան զուտ այն պատճառով, որ դրանում անմիջականօրէն ներգրաւուած էին ԵԱՀԿ Մինսքի խմբակի երեք համանախագահող երկրների արտաքին գերատեսչութիւնների ղեկավարները: Փաստը, որ Սարգսեան-Ալիեւ երկկողմ ձեւաչափով հանդիպում չկայացաւ, եւ որ մինչեւ վերջին պահը կողմերը չէին յստակեցնում` կը լինի՞ նախագահների հանդիպում, թէ՞ ոչ, հաստատում է, որ ոչ միայն կողմերի միջեւ չկայ թեթ ա թեթ բանակցելու ցանկութիւն, այլեւ` որ արդէն ՄԽ համանախագահների հնարաւորութիւնը չի բաւարարում` կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու համար: Միւս կողմից` Սերգէյ Լաւրովի եւ Ճոն Քերիի անմիջական ներգրաւումը ու յատկապէս նրանց միասնական հանդէս գալու հանգամանքը բանակցային գործընթացը շարունակելու, այսինքն` լայնածաւալ պատերազմից առժամանակ խուսափելու թոյլ երաշխիքներ են ստեղծում:
Վիեննայի բանակցութիւնները քաղաքական իմաստով ամրագրեցին Պաքուի ժամանակաւոր մարտավարական պարտութիւնը: Նախ` Պաքուն կորցրեց բանակցային գործընթացը տապալելու, շանթաժային քաղաքականութիւնը շարունակելու իր խաղաքարտերը: Հիմա Ալիեւը ստիպուած է համանախագահների միասնական ճնշման տակ նստել բանակցութիւնների սեղանի շուրջ: Երկրորդ` Վիեննայի հանդիպման նախօրէին Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարութիւնն յայտարարել էր, թէ հրադադարի պահպանման եւ հետաքննութեան մեքանիզմների ներդրմանը կը համաձայնի միայն «բռնագրաւուած տարածքներից» հայկական ուժերի դուրս բերումից յետոյ: Սակայն Վիեննայում Ալիեւը ստիպուած եղաւ համակերպուել, առանց այդ պայմանի, հրադադարը պահպանելու մեքանիզմների ներդրմանը:
Այն, որ բանակցութիւնների նման ելքը չէր բաւարարում իրեն, Պաքուն հասկացրեց` հէնց հանդիպման ժամանակ ղարաբաղա-ազրպէյճանական շփման արեւելեան եւ հարաւարեւելեան ուղղութիւններով ուժեղ արկակոծումներ սկսելով եւ հայկական կողմին պատասխան քայլերի դրդելով, ինչի պատճառով թէ՛ հայկական եւ թէ՛ ազրպէյճանական կողմերը մէկական զոհ ունեցան: Պէտք է ենթադրել, որ բանակցութիւնների սեղանի շուրջ ունեցած այս հանգրուանային անյաջողութիւնները Պաքուն առաջիկայում կը փորձի փոխհատուցել` իրավիճակը սահմանին է՛լ աւելի սրելով, չի բացառւում` նաեւ նախքան յունիսին մեկնարկելիք կարգաւորման բանակցութիւնները` նոր տարածքներ գրաւելու փորձ կատարելով: Մանաւանդ որ կարծես թէ պայմանաւորուածութիւն ձեռք չբերուեց շփման գծից հրետանային միջոցները, զրահապատները եւ կուտակուած զօրքերը հեռացնելու վերաբերեալ: