Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17097

Ալիեւը Գիտի, Որ Ընդամէնը Մի Քանի Տարի Ունի Ղարաբաղի Հարցը Լուծելու Համար

$
0
0
Պետրոս Թերզեանը` «Սիվիլնեթ»-ում դասախօսութիւն կարդալիս:

Պետրոս Թերզեանը` «Սիվիլնեթ»-ում դասախօսութիւն կարդալիս:

2015-ի տարեվերջին նաւթի միջազգային գները գահավիժեցին մինչեւ 35 տոլար: Ազրպէյճանում դա յանգեցրեց ազգային արժոյթի` մանաթի գրեթէ կրկնակի արժեզրկման: Ֆրանսական «Փեթրօսթրաթեժի» վերլուծական ընկերութեան տնօրէն Պետրոս Թերզեանի կարծիքով, Ազրպէյճանի վերջին օրերի յարձակողականը` պայմանաւորուած է նաեւ այդ հանգամանքով: «Սիվիլնեթ»-ի հետ զրոյցում Թերզեանը ներկայացրել է նաւթի միջազգային շուկայի միտումները եւ դրանց ազդեցութիւնը Ազրպէյճանի քաղաքականութեան վրայ:

ՀԱՐՑՈՒՄ.- Պարո՛ն թերզեան, ձեր կարծիքով, ղարաբաղեան ճակատում ռազմական վերջին գործողութիւնները որեւէ կերպ պայմանաւորուա՞ծ են նաւթի գնանկման արդիւնքում Ազրպէյճանի տնտեսական խնդիրներով:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Պէտք է հասկանալ, որ Իլհամ Ալիեւի ռազմավարութիւնը Ղարաբաղի հարցում մեծ մասով հիմնուած է նաւթի ու նաւթի եկամուտների վրայ: Սա ամենակարեւոր կէտն է: Երբ նա իշխանութեան եկաւ 2003-ի վերջին, որոշեց իր հօր ճանապարհով չգնալ ու փորձեց փոխել ուժերի յարաբերակցութիւնը Ազրպէյճանի, Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ` նաւթի եկամուտների եւ դրա ընձեռած հնարաւորութիւնների հաշուին: Այսինքն զէնք գնել եւ յարաբերութիւններ զարգացնել մեծ պետութիւնների հետ` դառնալով նաւթային կարեւոր երկիր միջազգային շուկայում: Այս ռազմավարութիւնը սկզբում յաջողութիւն ունեցաւ:

2003-ին, երբ Ալիեւը իշխանութեան եկաւ, նաւթի գները սկսեցին բարձրանալ եւ 2008-ի յուլիսին հասան 147 տոլարի: Այդ շրջանում Ազրպէյճանի նաւթի արտադրութիւնը սկսեց աճել, եւ իսկապէս այդ ռազմավարութիւնը յաջող ընթացքի մէջ էր, մինչեւ դէպքերը փոխուեցին: Փոփոխութիւնը տեղի ունեցաւ 2011-2012 թթ., երբ Ազրպէյճանի նաւթի արտադրութիւնը չհասաւ նախատեսուած մակարդակին, եւ ընդհակառա՛կը, սկսեց նուազել: Նախատեսուածից 10 միլիոն թոն նաւթ պակաս արդիւնահանուեց, որովհետեւ նաւթահորերում ճնշումը սկսել էր նուազել: Այդ ժամանակ Իլհամ Ալիեւը [ազրպէյճանական նաւթահորերի եւ նաւթատարների միջազգային գործարկող «Պրիթիշ Փեթրոլիում»-ին մեղադրեց խոստումները չկատարելու համար ու պահանջեց, որ նրանք արտադրութիւնը վերականգնեն: Անշուշտ, արտադրութիւնը չյաջողուեց վերականգնել, եւ «Պրիթիշ Փեթրոլիում»-ը լաւագոյն դէպքում հազիւ կարողանայ նուազեցնել անկումը:

Երկրորդ հարուածը, որը մահացու էր, Ազրպէյճանը ստացաւ, երբ սկսուեց նաւթի գների անկումը: Այդ անկումը սկսուեց 2014-ի ամրանը, եւ այսօր ազրպէյճանական նաւթը վաճառւում է 35 տոլարով, մինչդեռ այն ժամանակին վաճառւում էր 115 տոլարին մօտ: Այսինքն երեք անգամ կրճատուեցին Ազրպէյճանի եկամուտները: Եթէ ժամանակին Ազրպէյճանը տարեկան 20 միլիառ տոլարի եկամուտ ունէր, այս տարի լաւագոյն դէպքում կարող է ունենալ 4 միլիառ տոլար: Այսինքն այդ ամբողջ ռազմավարութիւնը` նաւթը վաճառել, զէնք  գնել, դառնալ նաւթային մեծ երկիր ու կարեւոր գործընկեր Ամերիկայի, եւրոպական երկրների եւ միւսների համար, ուղղակի փուլ եկաւ: Սա պէտք է հասկանալ:

Այսօր Իլհամ Ալիեւը շատ դժուար կացութեան առաջ է: Ազրպէյճանի տնտեսութիւնը նաւթի պատճառով սկսել է անկում գրանցել, եւ նրա համար դժուար է դա կասեցնել, որովհետեւ չի ակնկալւում, որ ապագայում նաւթի գները կը բարձրանան, մանաւանդ որ Ազրպէյճանի նաւթային պաշարները սկսել են հետզհետէ պակասել: Այսինքն նրանք իրենց ունեցած նաւթի կէսն արդէն արտադրել են, միւս կէսը, որ շուրջ 3 միլիառ տակառ է գնահատւում, յառաջիկայ տասը տարիների ընթացքում կը վերջանայ, եթէ այսօրուայ կշռոյթով սկսեն նաւթ արտադրել:

Հ.- 2014-ի սեպտեմբերին ձեր ղեկավարած ընկերութիւնը կանխատեսում էր, որ 2019-2020 թթ. Ազրպէյճանի դիրքերը Ղարաբաղի հարցում կը թուլանան: Ըստ ձեզ, նաւթի գնաանկումն ու Ազրպէյճանի տնտեսական խնդիրնե՞րն էին Ղարաբաղի ճակատում նրա գործողութիւնների պատճառը:

Պ.- Իմ կարծիքով, ամենակարեւոր պատճառներից մէկն այն է, որ Իլհամ Ալիեւը գիտի, թէ իր առաջ մի քանի տարի ունի այս հարցը լուծելու համար: Դրանից յետոյ ուշ պիտի լինի: 2003-ին, երբ նա իր այս ռազմավարութիւնը սկսեց, կարծում էր, որ ժամանակն ու պատմութիւնն ի նպաստ Ազրպէյճանին եւ ի վնաս Հայաստանին ու Ղարաբաղին են աշխատում: Հիմա ճիշդ հակառակը կարելի է ասել, ժամանակն ընթանում է ի վնաս Ազրպէյճանին, նաւթի արտադրութիւնը նուազելու է, ու գները չեն բարձրանալու մի քանի տարուայ ընթացքում: Հետեւաբար Ալիեւը պէտք է ճանապարհ որոնի այդ հարցը լուծելու համար: Վերջին օրերի իրադարձութիւններն այս ծիրից ներս պէտք է դիտարկել:

Հ.- Երկու տարի առաջ «Փեթրօսթրաթեժի»-ն մի յօդուած հրապարակեց, որտեղ խօսւում էր ղարաբաղեան ուժերի կողմից ազրպէյճանական նաւթատարները եւ կազատարները խոցելու ռիսքի մասին` նկատի առնելով, որ շփման գծից այդ խողովակները մօտ 30 քմ-ի վրայ են: Ի՞նչ էք կարծում, պատերազմի հետագայ մագլցումի դէպքում հնարաւո՞ր է դրանց հարուածել զուտ ռազմավարական առումով, եւ եթէ հայկական կողմը խոցի դրանք, ի՞նչ ազդեցութիւն դա կ՛ունենայ նաւթի միջազգային գների վրայ եւ մասնաւորապէս Ազրպէյճանի տնտեսութեան վրայ:

Պ.- Երբ այս վերջին դէպքերը սկսուեցին, միջազգային լրատուամիջոցները, որոնց թւում էր «Պլումպըրկ»-ը, յիշեցրին, որ Պաքու-Թիֆլիս-Ճէյհան նաւթատարը անցնում է ռազմական գծերից ոչ այնքան հեռու: Մտահոգութիւն կայ, որ եթէ դէպքերը զարգանան, վնաս կը հասցուի այդ նաւթատարին: Անշուշտ լուրջ մտահոգութիւն է յատկապէս եւրոպացիների համար, որովհետեւ ազրպէյճանական նաւթը մեծ մասամբ դէպի եւրոպական շուկաներ է ուղղւում: Նման որոշում կայացնելը շատ ծանր է, միջազգային հետեւանքներ ունի. այդուհանդերձ այդ ռիսքը կայ, եւ եթէ դէպքերը վատ ընթանան, կարող է նաւթատարը վնաս կրել: Նման իրավիճակի մենք ականատես եղանք ռուս-վրացական պատերազմի ժամանակ, երբ Հարաւային Օսեթիայի մօտ` Պաքու-Թիֆլիս-Ճէյհան նաւթատարի երկու կողմերում ռուսական ռումբեր ընկան: Դա որոշակի ազդանշան էր նաւթի շուկայի մասնակիցներին:

Հ.- Միջազգային լրատուամիջոցները, որոնց թուում էր «Պլումպըրկ»-ը, յիշեցրին, որ Պաքու-Թիֆլիս-Ճէյհան նաւթատարը անցնում է ռազմական գծերից ոչ այնքան հեռու:

Պ.- Ղարաբաղում վերջին դէպքերի ընթացքում եւս կար այդ վախը, թէ ի՛նչ պիտի լինի: Պէտք է իմանալ, որ տարիների ընթացքում, երբ Ազրպէյճանի նաւթային հզօրութիւնը պակասի, այդ նաւթատարներն իրենց կարեւորութիւնը սկսելու են կորցնել: Այսինքն հինգ-վեց տարի յետոյ այդ նաւթատարը պէտք է դառնայ երկրորդական նաւթատար, երկրորդական նաւթային գործօն:

Հ.- Նաւթի միջազգային գների այս մակարդակը որքա՞ն ժամանակ կարող է պահպանուել եւ ի՞նչ միտումներ կան:

Պ.- Միջազգային շուկան երկու տարի է ողողուած է նաւթով: Արտադրութիւնը շատ բարձր է` համեմատած սպառման ու պահանջի: Այս դրութիւնը հաւանաբար պէտք է շարունակուի առաջիկայ մէկ-երկու տարիներին: Այս տարի` 2016-ին, լաւագոյն դէպքում նաւթի գները կարող են լինել 35-40 տոլար, առաւելագոյնը` 45 տոլար: Յիշեցնեմ, որ անցեալ տարի` 2015-ին, Ազրպէյճանի նաւթի միջին գինը 53-54 տոլար էր, եւ բաւական մեծ անկում կայ:

Պէտք է հաշուի առնել, որ Ազրպէյճանը նաւթ արտադրելու համար հետզհետէ աւելի մեծ միջոցներ է ծախսում, որովհետեւ նաւթահորերում ճնշումը սկսել է պակասել: Ի՞նչ է նշանակում սա: Սա նշանակում է, որ նրանք պէտք է յաւելեալ կազ ներարկեն նաւթահորերի մէջ, իսկ դա նշանակում է յաւելեալ ծախս ու նուազ շահոյթ: Այսինքն նաւթի 35-40 տոլար գնի վրայ այսօր պէտք է հաշուել 15-20 տոլարի չափ լրացուցիչ ծախսեր, յետոյ մնացած գումարի վրայ է, որ նրանք շահոյթ ունեն` անշուշտ մի կողմ դնելով միջազգային ընկերութիւնների բաժինը:

Միջազգային շուկայում հնարաւորութիւն չկայ, որ յառաջիկայ մէկ-երկու տարիների ընթացքում նաւթի գներն էապէս բարձրանան: Լաւագոյն դէպքում 2017-ին կարող են հաւասարուել 2015-ի մակարդակին, իսկ 2018-2019 սկսեն բարձրանալ: Սակայն մինչ այդ Ազրպէյճանի նաւթային պաշարները շարունակելու են նուազել:

Այսօրուայ դրութեամբ Ազրպէյճանը տարեկան արտադրում է 300-350 միլիոն տակառ նաւթ: Նրանց պաշարները այսօր հազիւ 3 միլիառ տակառի են հասնում: Դա նշանակում է, որ մինչեւ գները բարձրանան, Ազրպէյճանի նաւթի արտադրութիւնը կը նուազի:

Հ.- Իսկ ի՞նչ կ՛ասէք կազի պաշարների մասին: Ազրպէյճանը յաճախ է խօսում, որ կազի այնքան պաշարներ ունի, որ կարող է ապահովել ամբողջ Եւրոպայի պահանջարկը: Այս պնդումներն արդեօք համապատասխանո՞ւմ են իրականութեանը:

Պ.- Սա շատ կարեւոր կէտ է, որովհետեւ մարդիկ յաճախ ասում են, թէ Ազրպէյճանի նաւթը մի օր պէտք է վերջանայ, բայց կազի պաշարները շատ մեծ են: Այստեղ մեծ շփոթմունք կայ կազի ու նաւթի միջեւ: Նաւթի շուկան ազատ է, արտադրողը կարող է ոեւէ մէկին վաճառել սակարանում` առանց երկարատեւ յանձնառութիւններ վերցնելու: Կազի շուկան բոլորովին այլ է:

Կազի դէպքում նախքան արտադրութիւնը պէտք է պայմանագրեր ստորագրել: Ազրպէյճանը պայմանագրեր է ստորագրել թէ՛ Թուրքիայի, թէ՛ Եւրոպայի հետ: Ի՞նչ է նշանակում պայմանագիր ստորագրել: Նշանակում է, որ այն օրը, երբ Ազրպէյճանը ստորագրեց այդ պայմանագրերը, այսինքն` 2013-ի դեկտեմբերին, այդ օրուանից Ազրպէյճանը ստիպուած է ամէն ինչ անել, որ կազը հասնի իր շուկայ` Թուրքիա, Եւրոպա: Իսկ դա նշանակում է մօտ 50 միլիառ տոլարի ծախս, իսկ յետոյ էլ նշանակում է, որ պէտք է սպասել, մինչ այդ գումարը գտնեն, ու միայն դրանից յետոյ` 2025-ին պէտք է սկսեն եկամուտ ստանալ կազից: Այդ եկամուտները չեն կարող համեմատուել նաւթի հետ. նաւթի եկամուտներն աւելի բարձր են: Այս դէպքում, որպէսզի կազի եկամուտներից շահոյթ ստանան, նաւթի գները պէտք է հասնեն մինչեւ 80 տոլարի:

Մի կողմից Ազրպէյճանի շահոյթն է նուազում նաւթից, միւս կողմից` նրանք չեն կարող խաղալ կազի հետ, ինչպէս կարող են խաղալ նաւթի հետ, որովհետեւ նաւթն ազատ վաճառւում է սակարանում, իսկ կազը ստիպուած են վաճառել ըստ պայմանագրի:

Այսօր Ազրպէյճանի մասին խօսւում է որպէս մեծ կազային երկրի, բայց այդպէս չէ իրականութիւնը: Եւրոպա ուղարկուող կազի ծաւալը 10 միլիառ խորանարդ մեթր է տարեկան ու սա ոչինչ է եւրոպական հսկայական շուկայում, էլ չեմ խօսում միջազգային շուկայի մասին: Ուրեմն պէտք չէ չափազանցնել: Այո՛, Ազրպէյճանն ունի պաշարներ, բայց`

1. Այդ պաշարներն անսահման չեն,
2. Շուկայի համեմատ մեծ բան չեն ներկայացնում,
3. Կազ արդիւնահանելու համար Ազրպէյճանը պէտք է մեծ ծախսեր անի` շահոյթի հաշուին,
4. Ազրպէյճանը կազի պայմանագրերի գերին է, մինչդեռ նաւթը կարող է վաճառել` ում ուզի:

Այսինքն` պէտք չէ համեմատել կազի ու նաւթի պարագան, եւ դա Ազրպէյճանը շատ լաւ գիտակցում է:

«Սիվիլնեթ»

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 17097

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>